Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱՑՄԱՆ 100 ՏԱՐԻ



ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎԹՈՒՐՔԱՑՄԱՆ 100 ՏԱՐԻ

Քաղաքագետ

 

Անկարային չեն լքում հավատարմության գոտու մասին մտքերը

 

Պանթյուրքիզմը մնում է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական գծի քաղաքական-գաղափարական հիմքը: Երկրում կան ավելի քան 20 ոչ կառավարական կամ կառավարությանը կից կազմակերպություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի զբաղված են Անկարային բարեկամ կամ նրա հովանավորության տակ գտնվող պետությունների գոտու ստեղծման քարոզով:

ԽՍՀՄ փլուզումից հետո պանթյուրքիզմը մատուցվում է նեոօսմանիզմի հետ միասին՝ հենվելով Օսմանյան պետության պատմության ու փորձի վրա: Խոսքը հասարակական-պետական կառուցվածքի քարոզչության մասին է, որն առավել արդյունավետորեն է ապահովում, ինչպես շարունակում են համարել Թուրքիայում, թյուրքական միասնությունը:

Հատկանշական է, որ 2014թ. սեպտեմբերից ազգային կառավարությունը գլխավորում է Ահմեդ Դավութօղլուն՝ երկրում պանթյուրքիզմի գլխավոր գաղափարախոսը: Ի դեպ, դրանից առաջ նա արտաքին գործերի նախարարն էր: Պարոն Դավութօղլուի պանթյուրքիզմի նեոօսմանյան մեկնաբանությունն իր մեջ ներառում է ոչ այնքան հայրենաբաղձություն, ինչքան Օսմանյան կայսրության «օգտակարության» գաղափարի առաջքաշումը, որը տարածվում էր, ինչպես հիշեցնում է գաղափարախոսը, Ադրիատիկ ծովից և Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձդնեպր և Կասպիական ավազան:

Արտգործնախարար եղած ժամանակ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն իր այցի ժամանակ Դավութօղլուն այսպես է արտահայտվել. «Անցյալ դարը դարձավ այն էջը, որը մենք շրջել ենք: Այժմ մենք նոր կապեր կհաստատենք Սարաևոյի ու Դամասկոսի, Բենգազիի և Բաթումիի միջև: Մենք դա կանենք խաղաղ ճանապարհով, առանց ոչ մեկի հետ կռվելու, հարգելով սահմանները: Դրանում է մեր ուժը՝ 110 տարի առաջ Եմենը և Սկոպիեն, Բաթումին ու Բենգազին մի երկրի՝ Օսմանյան կայսրության մասն էին կազմում: Դրա մասին խոսելով՝ մենք մեզ վրա ենք ուղղում նեոօսմանիզմի մեջ մեզ մեղադրողների կրակը, սակայն ինչո՞ւ նրանք, ովքեր միավորել են ողջ Եվրոպան, չեն կոչվում նեոհռոմեացիներ»:

Շատ փորձագետներ կարծում են, որ Դավութօղլուի այս արտահայտությունը, թեկուզև լակոնիկ, պանթյուրքիզմի հայեցակարգի Անկարայի հանձնառության պահպանում է նշանակում, որի համաձայն՝ թյուրքական լեզուներով խոսող բոլոր ժողովուրդները մի ազգ են: Ուստի Թուրքիայի գլխավորությամբ պետք է միավորվեն միեւնույն դրոշի տակ: Դա կարող է լինել ֆեդերատիվ, կոնֆեդերատիվ միավորում կամ թեկուզ քաղաքական-տնտեսական դաշինք Անկարայի հովանու ներքո:

 

Թուրքիան Աջարիա զորք մտցնելու իրավունք ունի

 

ԹՈՒՐՔԱՑՄԱՆ 100 ՏԱՐԻGeorgia Times-ի (Թբիլիսի) փորձագետ Ռամազ Սակվարելիձեն կարծում է. «Պանթյուրքիզմի գաղափարախոսությունը լիովին կարող է միահյուսվել իսլամական արմատականության գաղափարի հետ, իսկ դա արդեն վտանգավոր է ոչ միայն Վրաստանի համար: Քաղաքական ազդեցությունների ոլորտի քարտեզը շատերն են ցանկանում փոխել, և նույն Թուրքիան վաղուց լուրջ ուշադրություն է ցուցաբերում Կովկասի նկատմամբ: Մինչդեռ ինքը՝ Եվրոպան, չգիտե, թե ինչպես նվազեցնի պանթյուրքիզմի վտանգը»:

Ավելի որոշակի է նույն հրատարակության վերլուծաբան Նիկո Չիտաձեի կարծիքը: Նա ենթադրում է, որ Դավութօղլուի վերոհիշյալ «մեսիջը»  թափանցիկ ակնարկ է առ այն, որ Անկարան, ձևավորելով «Եվրամիության թյուրքալեզու անալոգը», այդ ձևով մտադիր է մեծ տերության կարգավիճակ ձեռք բերել, որի հետ բոլորը ստիպված հաշվի կնստեն:

Բավականին հատկանշական է պարոն Դավութօղլուի Բաթումիի վերաբերյալ հիշատակումը: Հիշեցնենք, որ Աջարիան, որտեղ գերակշռում է մահմեդական բնակչությունը, 1879թ.-ից գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, իսկ Վրաստանին է առնչվում Կարսի պայմանագրով: Այդ փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան իրավունք ունի զորք մտցնելու Աջարիա ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում:

Բաթումիի նավահանգստի ռազմավարական կարևորությունը, որտեղով դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմից առաջ նավթ և նավթամթերք էր արտահանվում, իր խորջրյա և լայնածավալ նավամատույցներով վաղուց է գրավում Անկարային: 1918-1920թթ. Բաթումին պարբերաբար շրջափակվում էր Թուրքիայի կողմից: Առաջնային օբյեկտների թվում հենց նա է նշված 1940-ին ԽՍՀՄ ռազմական ներխուժման անգլոթուրքական և 1941-1943թթ. Գերմանիայի ծրագրերում: Ընդ որում, ադրբեջանական նավթը այսօր էլ է մասնակիորեն դուրս տարվում  նույն երթուղով:

Վրացական լրատվամիջոցներն այժմ նշում են. «Թուրքիայի ֆինանսատնտեսական ընդլայնումը հասել է հսկայական չափերի: Աջարիայում բոլոր նոր օբյեկտները կառուցել են թուրքերը և նրանց սեփականությունն են: Թուրքերը հող են գնում և կառուցում իրենց օբյեկտները, հավանաբար այն հաշվարկով, որ շուտով դրանք կարող են որպես բնակարաններ վաճառել իրենց հայրենակիցներին: Այսօր Բաթումիում 23 հազար թուրք է գրանցված: Նույնիսկ, երբ ամբողջ Աջարիան էր գտնվում Օսմանյան կայսրության կազմում, երբեք այդքան թուրք չի ապրել»:

1991թ.-ից հետո Անկարան Աջարիայում գործում է առավել համակարգված, սակայն պանթյուրքական և թուրքամետ կազմակերպությունների ներթափանցումը ԽՍՀՄ սկսվել է դեռևս 1920-ականների վերջին: Իսկ 1987-1989 թվականներից պանթյուրքական, այդ թվում նաև իսլամիստական կառույցները, որոնցից շատերն ընդհատակյա ձևով ստեղծվել էին ԽՍՀՄ-ում դեռևս 1970-ականներին և նույնիսկ դրանից էլ առաջ, կտրուկ ուժեղացրին իրենց ակտիվությունը, հիմնեցին նոր բաժանմունքներ և սկսեցին ձեռք բերել օրինական կարգավիճակ: Խոսքը ոչ միայն Հյուսիսային Կովկասի, Ադրբեջանի, Աջարիայի, այլև Պովոլժիեի, Յակուտիայի, Ալթայի, Ղրիմի մասին է:

Շատ նման խմբավորումներ, արագ օրինական դառնալու համար փոխակերպվում էին Թուրքիայի առևտրային, շինարարական, արտադրական ընկերությունների: Կամ էլ գործում էին և հավանաբար շարունակում իրենց «աշխատանքը» իբրեւ հումանիտար կազմակերպությունների անվան տակ, որոնք եկան Ռուսաստան և ընդհանուր առմամբ՝ հետխորհրդային Եվրասիա՝ 1990-1992թթ.: Դատելով Հյուսիսային Կովկասում անջատականների գործողություններից՝ առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ պանթյուրքական բնույթի բացարձակապես բոլոր կազմակերպություններն են հայտնաբերվել իրավասու մարմինների կողմից և վնասազերծվել:

 

Հակախորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

 

1920-ականների վերջին 1930-ականների սկզբին թաթար և բաշկիր կոմունիստների շրջանում, իհարկե ոչ առանց թուրքական էմիսարների հուշման, հայտնի էր Կենտրոնական Ռուսաստանում «Թուրանի Սոցիալիստական Հանրապետության» կազմավորման ծրագիրը, որն իր մեջ ներառում էր նաև Չուվաշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: Իսկ Թուրքմենստանում և Ուզբեկստանում այդ ժամանակ գոյություն ուներ «Իրք» գաղտնի խմբավորումը, որը ամբողջ Թուրքեստանը դիտարկում էր իբրեւ Ռուսաստանից անկախ կազմավորում՝ ապագա «Թուրանական պետություն»: Այս կառույցը կապեր ուներ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի հետ:

Ադրբեջանում, Դաղստանում, Կարաչաևո-Չերկեզիայում, Չեչենո-Ինգուշեթիայում 1930-ականների կեսերին ստեղծվել էին ԽՍՀՄ-ում անօրինական համարվող «Կովկասի կոնֆեդերացիայի խորհրդի» գաղտնի մասնաճյուղերը, որոնք հիմնադրել էին 1920-ականների վերջին վերոնշյալ շրջաններից Թուրքիա արտագաղթածները: Ընդհատակի շատ մասնակիցներ գոյատևեցին պատերազմի ժամանակ, վերապրեցին տեղահանությունները Ղազախստան և Միջին Ասիա, իսկ այնուհետև վերադարձան հարազատ վայրերը:

Ստալինի հանկարծամահ լինելուց հետո ճնշումը պանթյուրքիզմի վրա սկսեց թուլանալ: Ավելին, որոշ կուսակցական-պետական գործիչներ ուղղակի կամ անուղղակի աջակցում էին հասարակության մեջ եղած համապատասխան տրամադրություններին, ինչն էլ, փաստորեն, ԽՍՀՄ-ում թուրքամետ խմբերի պահպանման երաշխիք էր, որի առավել վառ օրինակն է պանթյուրքիզմի լոբբինգի համաժամանակյա գործելաձևը:

1967թ. սեպտեմբերին, Ադրբեջանի կոմկուսի այն ժամանակվա ղեկավար Վելի Ախունդովի՝ Կոնստանցայում (Ռումինիա) գտնվելու օրերին, որտեղ նա հանդիպեց այդ երկրում Թուրքիայի դեսպանի հետ, Թաթարական ԻԽՍՀ կուսակցական ղեկավարությունը դիմում է Մոսկվա՝ առաջարկելով միավորել ինքնավարությունը Բաշկիրիայի հետ և «ստեղծել Թաթարա-Բաշկիրական Խորհրդային Միութենական Հանրապետություն ԽՍՀՄ կազմում»:

Այսինքն՝ 1920-ականների վերջերի գաղափարը մոռացության չէր մատնվել: Կոմկուսի Քաղբյուրոն՝ այդ առաջարկը հիմնավորելու հարցին, տվեց հստակ արձագանք. «Այս տարածաշրջանում թյուրքական ժողովուրդները ցանկանում են միավորվել այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի հայերը Հայաստանի հետ»: Այսինքն՝ արդեն այն տարիներին սադրում էին նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Պարզ է, որ Կազանի նախաձեռնությունը չանցավ, սակայն Ադրբեջանի, Բաշկիրիայի, Թաթարստանի կուսակցական ղեկավարությունը փոխվեց միայն 1960-ականների վերջին – 1970-ականների սկզբին: Այնպես որ, չարժե զարմանալ պանթյուրքական ծրագրերի կենսունակության վրա:

 

Սահմանների վերաձեւման դասընթացներ

 

Ինչ վերաբերում է փլուզված Խորհրդային Միություն՝ նման գաղափարների արտահանման ֆինանսատնտեսական ապահովմանը, ապա դեռ 1990թ. Թուրքիայում ԽՍՀՄ թյուրքալեզու երկրների և տարածքների հետ քաղաքական-տնտեսական և մշակութային կապերը զարգացնելու փաստորեն անժամկետ մի ծրագիր է հաստատվել: Շատ թուրքական լրատվամիջոցներ այդ ժամանակ նշում էին, որ խորհրդային կայսրությունն ուր որ է կտապալվի, և չի կարելի թույլ տալ, որ Թուրքիային մշակույթով, էթնիկ ծագմամբ մոտ հանրապետություններում և ինքնավարություններում հաստատվի «օտարածին կոսմոպոլիտ ազդեցություն»:

Այդ ծրագրի իրականացման համար 1990-2010թթ. Թուրքիայում ստեղծվել է հումանիտար համագործակցության ավելի քան 60 ֆինանսաարդյունաբերական կառույց և կազմակերպություն: Դրանց մասնաճյուղերը հայտնվեցին Ադրբեջանում, Աջարիայում, Գագաուզիայում, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում, ինչպես նաև Ղրիմում և Թաթարստանում, Բաշկիրիայում և Չուվաշիայում, Լեռնային Ալթայի Հանրապետությունում և Տուվայում, Յակուտիայում և Խակասիայում, Հյուսիսային Կովկասի հանրապետություններում (բացի Հյուսիսային Օսիայից): Թուրքիայում անվճար դասընթացներ են կազմակերպվում նշված երկրների ու շրջանների ԶԼՄ-ների, կրթական, գիտական հաստատությունների աշխատակիցների համար: Ունկնդիրներին ուսուցանում են ոչ միայն թուրքերեն, այլ նաև Օսմանյան կայսրության և Թուրքիայի քաղաքական ու տնտեսական պատմությունը՝ հիմնականում պանթյուրքական մեկնաբանությամբ:

Այդ նույն երկրների ու շրջանների տնտեսական գերատեսչությունների աշխատակիցների համար 1989-1991թթ. կարզմակերպվել են բնագավառների, ձեռնարկությունների և ֆինանսական հիմնարկների կառավարման մեթոդների ուսուցման դասընթացներ, որոնք կիրառվում են Թուրքիայում: Ակտիվորեն տարվում է նաև նախկին խորհրդային թյուրքալեզու հանրապետությունների ռազմատեխնիկական կադրերի պատրաստում և վերապատրաստում: Կազմակերպվել են նաև տեղերից ժամանած երեխաների և երիտասարդների հանգստի գոտիներ:

Webeconomy.ru-ի և թուրքական վիճակագրության գնահատականներով՝ Անկարայի՝ ԱՊՀ երկրներ ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2014թ. վերջը աճել է ավելի քան երեք անգամ 2000թ. համեմատ՝ հասնելով մինչև 15 մլրդ դոլարի: Ընդ որում, այդ ներդրումներում թյուրքալեզու երկրների և տարածքների չափաբաժինը 1998-2014թթ. ընթացքում աճել է 40-55 տոկոսով: Գումարներն ուղղվում են արդյունաբերական ոլորտներ, ներառյալ պաշտպանական-արդյունաբերական համալիրը, էներգետիկա, տրանսպորտային ենթակառուցվածք և սննդամթերքի ինքնապահովման ծրագրեր: Թուրքիայից ստացվող ներդրումների ծավալներով ԱՊՀ թյուրքալեզու տարածքների մեջ այժմ առաջատարներն են Ադրբեջանը (մոտ 15%), Թուրքմենստանը (գրեթե նույնքան), Ուզբեկստանը (10%), Ղազախստանը (մոտ 10%), ինչպես նաև Թաթարստանը և Բաշկիրիան (6-ական տոկոս):

Փաստորեն, դեռեւս 1980-ականների վերջին սկսվել է Թուրքիայի քաղաքատնտեսական և գաղափարական համալիր առաջխաղացումը, ըստ էության՝ պանթյուրքիզմի ներխուժումը այժմ արդեն նախկին ԽՍՀՄ շատ շրջաններ: Այն չէր կարող չբերել այդ տարածքներում Անկարայի քաղաքական, տնտեսական ու գաղափարական ազդեցության աճին: Դրա բնորոշ առանձնահատկությունը հետևյալն է. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պանթյուրքական աշխարհայացքն արտասահման ներմուծվում է արդեն առանց արևմտյան քաղաքական և գաղափարական հասկացությունների դատապարտման, թեեւ դրանք, ինչպես առաջ, ճանաչվում են որպես թուրքալեզու ժողովուրդների և երկրների միասնությանը չնպաստող:

Նման կերպարանափոխությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մասնակից է 1952թ.-ից: Այդ ժամանակվանից դաշինքի մյուս երկրների և Անկարայի գլխավոր արտաքին քաղաքական խնդիրները համընկնում են նաև պաշտոնական մակարդակով: Միևնույն ժամանակ պանթյուրքական ուղղվածության նյութերում դեռ հանդիպում են (ավելի քիչ հանդուգն, քան մինչև 1950-ականների կեսերը) հարձակումներ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ «գաղութային» քաղաքականության վրա: Ռուսաստանում և ԱՊՀ-ում պանթյուրքական և թուրքամետ կազմակերպությունների պրակտիկ գործունեությունը հեռու է պաշտոնապես հայտարարվածից: Քանի որ այն ներառում է այնպիսի միջոցառումներ, որոնք սովորաբար որակվում են որպես միջամտություն այլ երկրի ներքին գործերին: Ռուսաստանում վերջին 15 տարիների ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է մոտ 15 այդպիսի կազմակերպությունների ու խմբերի գործունեությունը: Դրանցից են, օրինակ, «Խիզմեթ», «Նուռջուլար», «Սուլեյմանջի», «Գորշ գայլեր» կազմակերպությունները: Թեպետ ԱՊՀ թյուրքալեզու երկրներում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում նման միջոցներ շատ ավելի քիչ են կիրառվել:

Ասենք, որ 2008թ.-ին Ռուսաստանում արգելվել է վերոնշյալ «Նուռջուլարի» գործունեությունը, սակայն նրա բջիջները պահպանվել են ՌԴ թյուրքալեզու շրջաններում՝ այլ անվանումներով: «Նուռջուլարի» հետևորդների և համակիրների ընդհանուր թվաքանակը հատուկ ծառայությունների փորձագետների գնահատմամբ կազմում է 4 մլն, կազմակերպության գլխավոր խնդիրն է պանթյուրքական գաղափարախոսության քարոզչությունը և այլ երկրների ու տարածքների արագ մերձեցումը Թուրքիայի հետ:  1990-ականների կեսին «Նուռջուլարը» ՌԴ-ում ստեղծում է ավելի քան 30 դպրոց, երեք լեզվական դասընթացներ և նույնիսկ համալսարանական բաժանմունք: Եվ միայն 5 տարի անց այս ուսումնական հաստատությունները վերաձևավորվել կամ փակվել են ՌԴ կրթության ու գիտության նախարարության որոշման համաձայն: ԱՊՀ թյուրքալեզու երկրներում 1992-2003թթ. այս կազմակերպության մասնակցությամբ բացվել է մինչև 100 ուսումնական հաստատություն Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ համալսարան և 30 լիցեյ Ղազախստանում:

Եվս մեկ օրինակ. ՌԴ-ում արգելված «Գորշ գայլեր» պանթյուրքական ծայրահեղական կազմակերպությունը, որը ստեղծվել է 1948-ի աշնանը թուրքական հետախուզության (MIT) շնորհիվ, մասնակցել է (հավանաբար, հիմա էլ է մասնակցում) Հյուսիսային Կովկասի հանրապետություններում ահաբեկիչների և անջատականների, Աջարիայում, Ղրիմում, Կենտրոնական Ասիայի երկրներում ծայրահեղականներին աջակցելու գործին:

2015թ. վերջին Ռուսաստանը դադարեցրել է Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության («Թյուրքսոյ») հետ համագործակցությունը: Նոյեմբերի 29-ին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Ալթայ, Բաշկորտոստան, Սահա (Յակուտիա), Թաթարստան, Տուվա և Խակասիա հանրապետությունների ղեկավարներին «Թյուրքսոյ»-ի հետ բոլոր շփումներն անհապաղ դադարեցնելու մասին կարգադրություն է ուղարկել:

Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Անկարայում, և հիմնական ֆինանսավորումն իրականացնում է Թուրքիան: Կառույցը հիմնադրվել է 1993թ. հուլիսի 12-ին: Պաշտոնապես հայտարարված նպատակը հետեւյալն է՝ համագործակցություն թյուրքական ժողովուրդների ընդհանուր նյութական և մշակութային հուշարձանները պահպանելու, զարգացնելու և ապագա սերունդներին փոխանցելու համար: Այնինչ, այս կազմակերպությունը, ունեցած տվյալներով, զբաղվում էր նաև հարակից գործունեությամբ, որն ուղղված էր պանթյուրքական հայացքների քարոզչությանը, Թուրքիայի հետ առավել սերտորեն մերձենալուն:

Մի խոսքով, Անկարայի աշխարհաքաղաքական ձգտումներն այսօր, ինչպես և առաջ, հիմնված են պանթյուրքական գաղափարախոսության վրա: Ընդ որում, այն սկսել է ակտիվորեն ներդրվել քաղաքականության և արտաքին քարոզչության մեջ ԽՍՀՄ փլուզումից առաջ: Ուստի, այսօր պահանջվում են համալիր, մանրամասն մշակված հակամիջոցներ և՛ Ռուսաստանի շրջաններում, և՛ թուրքական ազդեցությանը ենթակա նախկին ԽՍՀՄ հանրապետություններում:

 

Թարգմանեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


26/02/2016