Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՅԱԶՈՐՆԵՐՈՒՄ



Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը զորամասի ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոնների ազդեցությունից զորամասի անձնակազմի եւ յուրաքանչյուր զինծառայողի, զորամասի տեղակայման վայրի եւ խնդիրների կատարման տարածքում ազգաբնակչության, նրանց գույքի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանվածության իրականացումն է:

ՀՀ ԶՈՒ ՆԾԿ Հոդված 441.

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՅԱԶՈՐՆԵՐՈՒՄՈւսումնական տարվա պլանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրության համաձայն՝ զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովների աշխատանքը խթանելու համար զորամասերի և զորամիավորումների զինծառայության անվտանգության հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների հետ «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումն ու ԶԾԱ զորամասային հանձնաժողովի դերը» թեմայով փետրվարի 1-ից 6-ը արտագնա հավաք-խորհրդակցություններ են անցկացվել Գորիսի, Եղեգնաձորի, Սևանի, Լոռու, Երևանի և Արմավիրի կայազորներում՝ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության վարչության պետի ղեկավարությամբ:

Թեմայի հրատապությունը կարեւորելով՝ կայազորների պետերը հավաք-խորհրդակցություններին ապահովել էին նաև ենթակա զորամիավորումների վարչակազմերի մասնակցությունը:

Երևանի և Արմավիրի կայազորների ենթակա զորամասերի ԶԾԱ հանձնաժողովների նախագահներից ու քարտուղարներից բացի հավաք-խորհրդակցությանը ներգրավվել էին նաև ռազմական ինստիտուտի ԶԾԱ հանձնաժողովի անդամները, զորամասերի բուժծառայությունների պետերը, Կենտրոնական կլինիկական ու Երևանի կայազորային հոսպիտալների պետերի բուժգծով տեղակալները՝ ելնելով բժշկական անվտանգության նկատառումներից:

Բացման խոսքում գնդապետ Հ. Կարապետյանը նշեց, որ զինվորական ծառայության ռիսկերի նվազեցում հնարավոր է արձանագրել միայն, եթե պահպանվեն զինվորական ծառայության անվտանգության պահանջները, ամրապնդվի կարգապահությունը, զինծառայողներն առաջնորդվեն համազորային կանոնագրքերով, և գործի «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը:

Հանձնաժողովի գործունեությանն անդրադառնալով՝ բանախոսը հատուկ նշեց, որ ԶԾԱ արդյունավետությունն ապահովելու համար հանձնաժողովը պետք է վերլուծի ու առաջարկներ ներկայացնի զորամասի հրամանատարին հետևյալ կետերի վերաբերյալ.

ա. ենթակա ստորաբաժանումների գործունեության ընթացքում անվտանգության պահանջների ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության և զինծառայության անվտանգության ընդհանուր վիճակի վերաբերյալ,

բ. ստորաբաժանումների տեղակայման և մարտական պատրաստության պարապ-մունքների, վարժանքների, զորավարժությունների անցկացման վայրերում առօրյա գործունեության ընթացքում զինծառայության անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման, ինչպես նաև կանխարգելման հնարավոր գործողությունների վերաբերյալ,

գ. պատասխանատու հրամանատարների՝ անձնակազմի իրավական, սոցիալական, կազմակերպա-տեխնիկական, բարոյահոգեբանական, բժշկական, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության վերաբերյալ,

դ. մարտական հերթապահության իրականացման, ռազմական տեխնիկայի ու սպառազինության շահագործման ընթացքում, ինչպես նաև պարապմունքների ու աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման վիճակի վերաբերյալ,

ե. զինծառայողների պատճառով կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ների վերլուծության ու դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման վերաբերյալ,

զ. զինծառայության անվտանգության ապահովման հարցերով զորամասի հրամանատարի հրամանների նախագծերի մշակման վերաբերյալ:

Գնդապետ Հ. Կարապետյանն անդրադարձավ նաև «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման 2015թ. լավագույն զորամաս» համաբանակային մրցույթին, որի նպատակն էր՝

ա. զինվորական ծառայության անվտանգության ապահովման առումով լավագույն զորամասի ճանաչումը,

բ. առօրյա գործունեության մեջ ՀՀ ԶՈՒ ԶԾԱ հայեցակարգի դրույթների իրագործման պայմանների ձևավորումը և անվտանգության ապահովման նպատակով իրավական ակտերի ու ղեկավար փաստաթղթերի պահանջների կատարումը:

Նշվեց, որ մրցույթին մասնակից ԶՈՒ զորամասերում ծառայության անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման, մահվան ելքով դեպքերի ու աշխատունակության կորստով մարմնական վնասվածքների թվաքանակի նվազման, ինչպես նաև ավտովթարների նախականխման գործում «ԼԱՎ» արդյունքներ են գրանցել թվով 15 զորամասերի ԶԾԱ մշտական հանձնաժողովները, եւ լավագույնն են ճանաչվել գնդապետ Թաթուլ Հայրապետյանի (առաջին մրցանակային տեղ), գնդապետ Վահե Հովսեփյանի (մրցանակային երկրորդ տեղ) և գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանի (մրցանակային երրորդ տեղ) հրամանատարությամբ գործող զորամասերն ու այդ զորամասերի ԶԾԱ հանձնաժողովները՝ շտաբների պետերի նախագահությամբ: Գնդապետ Հ. Կարապետյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց հանձնաժողովների նախագահներին գրանցած արդյունքների համար՝ ցանկանալով բեղմնավոր աշխատանք:

Հավաք-խորհրդակցության ընթացքում թեմայի շուրջ հարակից ելույթներով հանդես եկան ԶՈՒ ռազմաբժշկական, սպառազինության, ԶԾ և ԶԾԱԱ վարչություններից իրենց ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև Ռազմական ինստիտուտի պետի ու 5-րդ ԲԿ-ի հրամանատարի տեղակալները՝ որպես ղեկավարման մարմնի ԶԾԱ հանձնաժողովների նախագահներ:

Հարց ու պատասխանից հետո գնդապետ Հ. Կարապետյանը նշեց, որ միջոցառումը նպատակային էր եւ խթան կհանդիսանա ընթացիկ տարում բարձրացնելու հանձնաժողովների աշխատանքների որակը՝ դրանով իսկ նվազեցնելով առօրյա ծառայության հնարավոր ռիսկերը, ապա հորդորեց հանձնաժողովների ղեկավարներին հավուր պատշաճի նախապատրաստվելու անցկացվելիք առաջիկա զորամասային «Անվտանգության օր» մեթոդագործնական պարապմունքին:

Անվտանգ ծառայություն մաղթելով մասնակիցներին՝ գնդապետը հիշեցրեց ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականը՝ «Հետևողական և լարված աշխատանքի, ջանքերի համադրման և միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում 2016 թվականին պետք է արվի ամենայն հնարավորը` առավել անվտանգ և արդյունավետ ծառայություն կազմակերպելու և առկա հաջողությունները բազմապատկելու համար»:

 

Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

փոխգնդապետ

ԳՇ ԶԾ ԵՎ ԶԾԱԱ վարչության

ավագ սպա

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


26/02/2016