ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Հավատացած եմ՝ հեռու չէ այն օրը, Երբ Կամո Թորոսյանի հերթական այցը իր ծննդավայր կլինի սպասված ու կարոտով: Ծննդավայրը Թալինի Արտենի գյուղն է, որտեղ ապրում են Գարեգին և Ստելլա ծնողները իրենց զավակների՝ Աննայի ու Հայկի հետ: Կամոն նրանց երրորդ երեխան է: Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 29-ին: Տասը տարեկան էր, երբ ընդունվեց «Փոքր Մհեր» կրթահամալիր և արդեն հինգ տարի «զինվորական» գործի է: Կամոն իր համար հարազատ մի մարդու՝ Սևակ Խաչատրյանի խորհուրդներով է ընտրել զինվորական գործը: Սևակը Կամոյի հորաքրոջ ամուսինն է. Արցախյան պատերազմից հետո անցել է պայմանագրային ծառայության: Երբ մեկ տարի առաջ Քարվաճառում զոհվեց Սևակի մտերիմ մարտական ու ծառայակից ընկերը՝ Արամ Գրիգորյանը, Կամոն արդեն հասուն զինվորականի պես նրան ասաց. «Հիմա առավել ևս զգացի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»: Այսքանը: Եվ Սևակը հասկացավ, որ այդ խոսքերում կար և՛ ցավակցություն, և՛ սփոփանք ու վրեժխնդրություն:
Կամոն արդեն ավագ հայկազուն է՝ ջոկի հրամանատար: Հաղթահասակ է, հաղթաբազուկ, և նրա հետ խոսելիս հասկանում ես Պարույր Սևակի խոսքերը. «Ամենից դժվարը ինքն իրենից հասուն լինելն է»: Եվ Կամոն արդեն այդպիսին է, լուրջ է, իսկական հասուն տղամարդ, երբ ընդամենը 15 տարեկան է: Պատմում է կրթահամալիրի իրենց հագեցած օրերի, պարապմունքների, դասաժամերի, մրցումների մասին: Սիրով է խոսում տնօրեն, մայոր Ա. Միրզոյանի, վաշտի հրամանատար, մայոր Ա. Մելքոնյանի, դասակի հրամանատար, սերժանտ Ս. Հովհաննիսյանի մասին: Ներկայացնում է իր ջոկի տղաներին՝ Աշոտին, Նորայրին, Վարդանին, մյուսներին:
Անչափ հետաքրքիր է զրուցել «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ հայկազուն Կամո Գարեգինի Թորոսյանի հետ՝ ականջալուր լինել ինքն իրենից հասուն մի հայորդու, որի աչքերում մանկություն կա: Այդպես ամուր էլ նա մտնելու, լրացնելու է Հայոց բանակի շարքերը: Եվ վերջում ուզում եմ գրել այս ակնարկի առաջին նախադասությունը՝ հավատացած եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Կամո Թորոսյանի հերթական այցը ծննդավայր կլինի սպասված ու կարոտով:
Ես զգում եմ այդ հպարտությունը, որն անանձնական է:
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Ազգային բանակ