Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԿՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է



ԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԿՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԷՍամվել Ասատրյանը  Արարատի մարզի Ներքին Դվին գյուղից է: Սովորում է Ոստիկանության ակադեմիայում և արդեն զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիր է ստացել: Եվս մի քանի օր ու՝ բարեւ, զինվորական երկու տարվա կյանք:

-Մի քիչ լարված եմ, մի քիչ հետաքրքրված, մի քիչ անհանգիստ. տեսնես՝ ոնց կանցնի ծառայությունս, օտար միջավայր, նոր ընկերներ: Քնել, արթնանալ, սնվել, հանգստանալ, մարզվել, սովորել. այս  ամենը արդեն ռեժիմով:

Կարեւորը երկրիդ անվտանգությունն է, խաղաղությունը: Հիմա ծառայելու հենց  ժամանակն է՝ երբ թշնամին  այսչափ ակտիվացել է ու մեր սահմանների տարբեր հատվածներում դիվերսիաներ  է ձեռնարկում, երբ  կրակում  են խաղաղ բնակիչների ուղղությամբ, հող մշակող գյուղացու վրա… Ուրեմն՝  հիմա առավել քան երբեւէ հայրենիքը զինվորի կարիքն ունի: Բանակ եմ գնում քիչ թե շատ զինվորական գիտելիքներով «զինված»՝ կգնամ, կծառայեմ պարզճակատ, հետո կվերադառնամ՝ ուսումս կշարունակեմ… Հարազատներ, բարեկամներ շատ ունեմ եվրոպաներում, սիրուն, շքեղ երկրներ են, ավելի ապահով, բայց երբեք չեմ մտածել Հայաստանից հեռանալու, այլ երկրում բնակվելու մասին: Աստծո բարեհաճությամբ այդ երկրներ հետագայում, իհարկե, կգնամ, կշրջեմ…

Իսկ հիմա գնում եմ բանակ՝ ծառայելու: Գնում եմ ծառայելու իմ ծնողների, հարազատների, ինձ համար թանկ ու սիրելի մարդկանց համար: Գնում եմ բանակ նաեւ նրանց համար, ովքեր դեռ երեկ իրենց ծառայությամբ իմ, ծնողներիս, հարազատներիս խաղաղությունն էին պահպանում, գնում եմ  ծառայելու հայրենիքն իրենց կյանքով պաշտպանած տղաների ծնողների եւ հարազատների համար…

…Գնում եմ բանակ իմ կամքով, իմ սրտի եւ խղճի թելադրանքով: Գնում եմ, որովհետեւ հայրենիքը զինվորի կարիքն ունի:

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Ազգային բանակ


26/02/2016