ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԲԼԵՖԸ
♦ Ինչո՞ւ Ալիեւը չի վստահում ռուսական զենքին:
♦ Ո՞ւմ աչքին է «թոզ փչում» Ադրբեջանի ռազմարդյունաբերությունը:
♦ Ինչո՞ւ Ադրբեջանի ՊՆ-ն չի կարողանում վճարել 5320 դոլարի պարտքը:
Վերջերս ադրբեջանական մամուլը կտրուկ ավելացրել է երկրի պաշտպանական արդյունաբերության գործարքների մասին տեղեկատվությունը: Եթե հավատանք դրան, Ադրբեջանը արտադրում է տասնյակ զրահամեքենաներ, հրետանային կայանքներ, հրազեն, դիպուկահար հրացան, անօդաչու թռչող սարքեր եւ այլն: Հարց է ծագում՝ արդյո՞ք Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունն իսկապես արագորեն զարգանում է, թե՞ գործ ունենք պետականորեն ծրագրված ապատեղեկացման հետ:
Երբ 2005թ. դեկտեմբերի 16-ին Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծվեց Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, հարց առաջացավ ինչի՞ համար: ՆԱՏՕ-ի անդամ երկրներում նման կառույց չկա, իսկ ռազմական արդյունաբերության հետ կապված խնդիրները լուծում է պաշտպանության նախարարությունը: «Մենք արտադրելու ենք զենքի բոլոր այն տեսակները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանական բանակին»,- այն ժամանակ հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Արդյո՞ք Ադրբեջանին այնքան զենք է պետք, որ դրա համար սեփական արտադրություն հիմնելու կարիք զգացվի: Չէ՞ որ, ի վերջո, դա թանկ հաճույք է, եւ եթե արտադրանքը մրցունակ չէ, չի արտահանվելու եւ եկամուտ չի բերելու, ապա ոլորտն աշխատելու է վնասով: «Զրոյից» ստեղծված արդյունաբերությունը հազիվ թե մրցունակ արտադրանք թողարկի, ուստի խոսքը միայն սեփական կարիքները բավարարելու մասին է, այն էլ՝ որակի հաշվին: Եթե երկիրը փող ունի, ապա ավելի լավ չէ՞ պատրաստի եւ որակյալ զենք գնել:
Պարզվում է, որ ոչ, եւ ահա թե ինչու:
Նախ՝ եթե Ադրբեջանը պատերազմելու մտադրություն ունի, ապա զենքի հարցում պետք է բացառի կախվածությունն այլ երկրներից. այդ է վկայում Իսրայելի եւ Թուրքիայի օրինակը: Մինչեւ 1967թ. իսրայելական բանակի հիմնական սպառազինությունը մատակարարում էր Ֆրանսիան: Բայց 1967թ. Վեցօրյա պատերազմից հետո Ֆրանսիան արգելեց զենքի մատակարարումը Իսրայելին: Վերջինս հայտնվեց ծանր դրության մեջ, մանավանդ որ ԽՍՀՄ-ը տասնյակ միլիարդավոր դոլարների զենք էր մատակարարում Իսրայելի թշնամիներին՝ արաբական երկրներին: Այս իրավիճակում Իսրայելը որոշեց ստեղծել սեփական բազմաճյուղ ռազմարդյունաբերությունը, որն արագորեն զարգացավ ու կայացավ ընդամենը մեկ տասնամյակում: 1960-ական թթ. համանման իրավիճակում հայտնվեց նաեւ Թուրքիան՝ Կիպրոսի խնդրի պատճառով. այն բանից հետո, երբ նա զավթեց Հյուսիսային Կիպրոսը, արեւմտյան երկրները արգելեցին զենքի մատակարարումը Թուրքիային, եւ նա ստիպված զարգացրեց սեփական ռազմարդյունաբերությունը: Այլ կերպ ասած՝ անկախ քաղաքականություն վարել եւ, մասնավորապես, ագրեսիայի դիմել ցանկացող երկիրը պետք է ունենա սեփական ռազմարդյունաբերությունը: Իսկ Ադրբեջանը չի էլ թաքցնում Արցախի դեմ ագրեսիայի դիմելու իր մտադրությունը:
Երկրորդ՝ Ադրբեջանը չի վստահում գերտերությունների արտադրած զենքին: Մինչեւ 2005թ. Ադրբեջանը զենք է գնել հիմնականում Ռուսաստանից եւ Ուկրաինայից, սակայն, ինչպես պարզվում է, փոշմանել է: «Wikileaks» կայքի՝ ընդամենը մեկ ամիս առաջ գաղտնազերծած տվյալների համաձայն՝ Իլհամ Ալիեւը 2009թ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի հետ հանդիպման ժամանակ ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից, մասնավորապես՝ ՀՕՊ միջոցներ: «Ադրբեջանը չի վստահում Ռուսաստանից ձեռք բերվելիք զենքերին, քանի որ դրանք «էլեկտրոնային հսկողության» տակ են: Մեզ պետք են զենքեր, որոնք Իրանի եւ Ռուսաստանի հսկողության տակ չեն»,- իր խնդրանքը հիմնավորել է Ալիեւը: Բայց նա չի վստահում նաեւ ԱՄՆ-ին, քանի որ դեռեւս 2007թ. ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Ադրբեջանին առաջարկել է վերջինիս ռազմական անվտանգությունն ապահովող համաձայնագիր ստորագրել, իսկ Ալիեւը անարձագանք է թողել առաջարկությունը: Ալիեւը վստահում է միայն թուրքական եւ ադրբեջանական արտադրության զենքերին:
Երրորդ՝ սեփական ռազմարդյունաբերություն ստեղծելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, տնտեսապես հյուծել կամ ապակողմնորոշել: Սա քաջ հայտնի ռազմավարություն է: Օրինակ՝ 1980-ականներին ԱՄՆ-ի նախաձեռնած «ռազմավարական պաշտպանական նախաձեռնությունը» կամ, այլ կերպ ասած, «աստղային պատերազմների» ծրագիրը, ինչպես այսօր է պարզվում, ամբողջովին բլեֆ էր եւ նպատակ ուներ ապակողմնորոշելու եւ սպառազինության մրցավազքի միջոցով ԽՍՀՄ-ի միլիարդավոր ռուբլիները քամուն տալու: Ճիշտ է, կան հեղինակներ, որոնք պնդում են ճիշտ հակառակը, այն է՝ խորհրդային գիտնականների լազերային զենքի ստեղծման մասին տեղեկություններն են, ինչը ստիպել է ամերիկացիներին նախաձեռնել աստղային պատերազմների ծրագիրը եւ քամուն տալ իրենց միլիարդավոր դոլարները: Սակայն խնդրի էությունը սրանից չի փոխվում:
Ադրբեջանը բլեֆ անելու փորձեր արդեն արել է: Օրինակ, անցյալ տարվա օգոստոսի 9-ին «1news.az»-ը հաղորդեց, որ Ադրբեջանը հետաքրքրվում է պակիստանա-չինական «Catic JF-17 Thunder» կործանիչով եւ, իբր, մտադիր է գնել առնվազն 24 կործանիչ՝ յուրաքանչյուրը 17մլն դոլարով: Հետագայում, սակայն, այդ տեղեկությունը չհաստատվեց: Կամ, օրինակ, ռուսական «C-300» համալիրներ գնելու պատմությունը: Այդ գործարքի մասին տարածված տեղեկությունը նույնպես չհաստատվեց: Եւ ինչպե՞ս հաստատվեր, եթե Իլհամ Ալիեւը չի վստահում ռուսական զենքին:
Նշանակում է՝ Ադրբեջանը Հայաստանին ապակողմնորոշելու նպատակ ունի, եւ սեփական ռազմարդյունաբերության «նվաճումների» մասին նրա հայտարարություններին պետք է վերաբերվել վերապահումով: Մանավանդ որ պատմությանը հայտնի են պարզունակ հնարքով հակառակորդին մոլորեցնելու բազմաթիվ դեպքեր: Օրինակ, 1955թ. Մոսկվայում ավիացիոն շքերթի ժամանակ օտարերկրյա դիվանագետների աչքի առաջ Կարմիր հրապարակի վրայով, ցածր թռչելով 15-20 րոպե շարունակ անցնում էին խորհրդային նոր տեսակի ծանր ռմբակոծիչները: Դիվանագետները չէին սպասում, որ դրանք այդքան շատ են: Իրականում ռմբակոծիչների նույն էսկադրիլիան պտույտ էր գործում՝ 3 րոպեն մեկ հայտնվելով զարմացած օտարերկրացիների աչքին: Այս պարզունակ խորամանկության միջոցով ԽՍՀՄ-ը տպավորություն ստեղծեց, թե մտադիր է հզորացնել իր հարձակողական ուժերը՝ իր բոլոր ռեսուրսները նպատակաուղղելով գերծանր ռմբակոծիչների արտադրությանը: Իսկ իրականում ԽՍՀՄ-ն այդ ժամանակ արագացված տեմպերով ստեղծում էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ:
Խաբեությունը հաջողվում է: Արդյունքում՝ ԱՄՆ-ը ուժերը կենտրոնացնում է նոր տեսակի ինքնաթիռների եւ ՀՕՊ միջոցների կատարելագործման վրա՝ անուշադրության մատնելով հրթիռաշինությունը, թեպետ նրա տրամադրության տակ էին հրթիռների արտադրության գերմանական տեխնոլոգիան եւ դրա հիմնադիր Վերներ ֆոն Բրաունը: Եւ երբ «Շուրջպար» օպերացիայից ընդամենը 2 տարի անց ԽՍՀՄ-ը տիեզերք է արձակում Երկրի առաջին արհեստական արբանյակը, ԱՄՆ նախագահ Էյզենհաուերն ու ամերիկյան հատուկ ծառայություններն ուղղակի շոկի մեջ են հայտնվում: Արբանյակի արձակումից ընդամենը մեկ շաբաթ անց ԿՀՎ տնօրեն Ալեն Դալլեսը պաշտոնանկ է արվում:
Ադրբեջանի պարագայում կարող է բլեֆ լինել, օրինակ, այն տեղեկությունը, ըստ որի՝ մինչեւ այս տարվա վերջ Ադրբեջանը կարտադրի 60 անօդաչու թռչող սարք: Կասկած է հարուցում թեկուզ այդ սարքերն օգտագործելու՝ Ադրբեջանի կարողությունը:
Պետք է նկատի ունենալ նաեւ հետեւյալը: Ադրբեջանի ռազմարդյունաբերությունը ոտքի կանգնեցնողը Թուրքիան է, իսկ նա նույնպես հակված է բլեֆի: Այսպես, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը վերջերս հայտարարեց, որ ռազմարդյունաբերության ոլորտում իր երկրի հաջողությունները թույլ են տալիս մոտ ապագայում ավիակիր արտադրել: Փորձագետների կարծիքով, սակայն, Թուրքիան այդքան խոշոր նավ կարող է կառուցել միայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, մասամբ էլ Իտալիայի եւ Իսպանիայի տեխնիկական աջակցությամբ, որը քիչ հավանական է՝ հաշվի առնելով Անկարայի վարած քաղաքականության առանձնահատկությունները: Իսկ, որ ավելի կարեւոր է, փորձագետները համոզված են՝ Թուրքիային սեփական ծովային սահմանները պաշտպանելու համար ավիակիր պարզապես պետք չէ: Այստեղից ծագում է բլեֆի վարկածը: Ուստի բլեֆը կարող է ծառայել քարոզչական նպատակների (ավիակիր արտադրելու կարողությունը մեծացնում է Թուրքիայի հեղինակությունը): Ի դեպ, քարոզչությունը Ադրբեջանի ռազմական արդյունաբերություն ստեղծելու չորրորդ պատճառն է: Ուրիշ ի՞նչ կերպ պետք է նա իր եւ Հայաստանի հասարակություններին համոզի, որ ռազմական գերազանցություն ունի հայերի հանդեպ:
Բնականաբար, Ադրբեջանում հասկանում են, որ իրենց բլեֆը կարող է բացահայտվել, եւ փորձում են կանխել դա: Դրա լավագույն (եւ «դասական») ձեւն այն է, որ բլեֆ անողն ինքն է շրջանառության մեջ դնում շրջանառվող վարկածը: Մայիսի 13-ին ադրբեջանցի ռազմական փորձագետ Իլդիրիմ Մամեդովը, որը երբեք անկախ կամ, առավել եւս, իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածք չի ունեցել, հայտարարեց, որ «մեր ռազմարդյունաբերությունը միայն աչքին թոզ է փչում, իսկ շոշափելի օգուտ» դրանից չկա: «Ռազմարդյունաբերությունը, իհարկե, լավ բան է, բայց այսօր դեռ զինվորին տաք ճաշ հասցնելու թերմոսներ չկան, շատ տեղերում դեռ ձի ու ջորի են օգտագործում որպես փոխադրամիջոց»,- ասել է Մամեդովը՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը ռազմարդյունաբերությունից ավելի առաջնահերթ խնդիրներ ունի լուծելու:
Մամեդովը ճիշտ է ասում՝ հուսալով, որ հայերն իրեն չեն հավատա: Բայց ինչպե՞ս չհավատանք, երբ Բաքվի թիվ 1 հացի կոմբինատը դատի է տալիս Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով վճարել 4434 մանաթի (5320 դոլարի) պարտքը («apa.az», 06.05.2011):
Եւ ինչպե՞ս չհավատանք, եթե ինտերնետային սոցիալական ցանցերում ադրբեջանցիներն իրենք են ծաղրում Ադրբեջանի ռազմարդյունաբերությունը: Օրինակ՝ «Ադրբեջանն ու Թուրքիան միասին կարտադրեն հրթիռային կայանքներ» տեղեկությանը որպես մեկնաբանություն ավելացված է. «Յուրաքանչյուրն ունի մտածելու եւ խոսելու ազատություն. Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 47»:
Կամ. «Ինչքան էլ ցավալի է, մեր ռազմարդյունաբերությունն ի վիճակի չէ բավարարելու բանակի կարիքները: Պատճառը՝ գիտական պոտենցիալի, իրազեկ կադրերի, հումքի եւ երկրի կարիքների մասին իմացության պակասը»: Կամ. «Այդ վայ-տնտեսագետներին թողնես՝ միայն ազգային բյուջեն թալանեն: Նման է սուպեր դրոշի հետ կապված խաբեբայությանը»:
Ադրբեջանի արտադրած զրահափոխադրիչի մասին. «Նախատեսված է քաղաքում ոստիկանական օպերացիաների համար: Քաղաքային մարտերում դա եղբայրական գերեզման է»: Ադրբեջանի արտադրած «Իստիգլալ» դիպուկահար հրացանի մասին. «Հրեշ է: Ո՛չ տակտիկա-տեխնիկական բնութագրերով, ո՛չ որակով, ո՛չ էլ կառուցվածքով մարտական գործողությունների համար պիտանի չէ: Պարզապես միջոցներ են մսխել քարոզչության վրա: Ավելի լավ կլիներ՝ նույն գումարով արդեն փորձարկված մոդելներ գնեին»:
«Ադրբեջանը ոչ թե արտադրում է զենք, այլ հավաքում»: «Հաշվի առնելով մեր արդյունաբերությունն ու մասնավորապես մեքենաշինությունը՝ ցուցադրական նմուշը պատրաստ կլինի տարեվերջին, իսկ սպառազինության մեջ կընդգրկվի 2247 թվականին»: «Այս ամենը նման է բլեֆի»:
Ամենայն հավանականությամբ, հենց բլեֆ է, որ կա:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ