Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՂԵԿԱՎԱՐԸ



Ռուսական ավիաշինությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ լավ գիտի, որ այդ ոլորտի ամենահայտնի անունը մեր հայրենակից Միխայիլ Պողոսյանն է: 2011թ. հունվարին Միխայիլ Պողոսյանը նշանակվեց ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» նախագահ: Պետական այդ ընկերությունը միավորում է ավիաշինության բնագավառի գրեթե բոլոր ռուսական ընկերությունները, այդ թվում մեզնից շատերին քաջ հայտնի «МиГ», «Су», «Як», «Ил», «Ту» ինքնաթիռաշինական ընկերությունները եւ տասնյակ այլ ընկերություններ ու գործարաններ:
ԽՍՀՄ փլուզումից հետո անդառնալիորեն անկում ապրող ռուսական ավիաշինությունը ներկայումս էլ հեռու է լավագույն օրերի ցուցանիշներից, սակայն կան մի քանի նախագծեր, որոնք տարեկան տասնյակ միլիարդ դոլարի եկամուտ են բերում: Կարելի է վստահորեն ասել, որ ավիաշինության մեջ գրեթե բոլոր նման հեռանկարային նախագծերը ղեկավարել ու ներկայումս էլ ղեկավարում է Միխայիլ Ասլանի Պողոսյանը:
Ռուսական ավիաշինության նորօրյա հայազգի հսկան ծնվել է 1956թ. ապրիլի 18-ին Մոսկվայում: 1979թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը: Ինստիտուտից հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Պ.Օ.Սուխոյի անվան ավիաշինական գործարանում որպես ինժեներ-կոնստրուկտոր: Մինչեւ 1992թ. նույն գործարանում եւ Պ.Օ.Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում դարձել է գերագույն կոնստրուկտորի առաջին տեղակալ եւ նույն պաշտոնը վարել մինչեւ 1998թ.: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ավիաշինությունը արագորեն քանդվում էր, երկիրը չէր կարողանում ֆինանսավորել ոչ մի նախագիծ, իսկ միջազգային շուկաներում դաժան մրցակցություն էր: Շատ հիմնարկությունների ղեկավարներ մեկը մյուսի հետեւից փոխվում էին, քանի որ մտածում էին սեփական գրպանը լցնելու մասին: Միխայիլ Պողոսյանն այս ժամանակաշրջանում որպես կոնստրուկտոր աշխատում էր «Су-27», «Су-30», «Су-33» եւ այլ հեռանկարային նախագծերի վրա: «Су-33»-ի ստեղծման գործում ներդրած ջանքերի համար նրան շնորհվել է «Պատվո շքանշան»: Պողոսյանը որպես գլխավոր կոնստրուկտոր նախագծել է «Су-47» բարդագույն եւ բացառիկ կործանիչը, որը եւ նրա ինժեներական մտքի թագն ու պսակն է: Ինժեներական ստեղծագործ աշխատանքից բացի, Պողոսյանը կատարում էր նաեւ ղեկավար աշխատանք:
1995թ. Միխայիլ Պողոսյանը եղել է նաեւ նույն կազմակերպության տնօրենների խորհրդի քարտուղար, իսկ 1999թ. գերագույն տնօրեն: Մի ժամանակահատված, որը կազմակերպության համար ֆինանսական տեսանկյունից ամենադժվարն էր, երբ օդանավերը միջազգային ցուցահանդեսներին ցուցադրելու համար գումար չկար, եւ ստիպված էին պարտք վերցնել: Սակայն «Սուխոյ» կոնցեռնի դժվարությունները երկար չտեւեցին: 2003 թվականից կոնցեռնը, որի մեջ էին մտնում նաեւ արտադրող գործարանները, գերագույն տնօրենի ղեկավարությամբ տարեցտարի նոր հաջողություններ էր արձանագրում` ապահովելով ոչ միայն աշխատատեղեր, այլեւ միլիարդների հասնող եկամուտ եւ ներդրում նոր նախագծերի մեջ: Շուտով ընկերությունը մարեց բոլոր պարտքերը, միլիարդանոց պայմանագրեր կնքեց Հնդկաստանի, Չինաստանի, Վիետնամի եւ այլ երկրների հետ: Ստացած գումարներով նոր տեխնոլոգիաներ էին ներդրվում, բացվում էին նոր հեռանկարային նախագծեր:
Պողոսյանի ղեկավարման տարիները նշանակալի էին նաեւ ռուսական իրականության համար բացառիկ մի քանի նախագծերի սկզբնավորմամբ: Մասնավորապես՝ 2002թ. կոնցեռնը հաղթեց նոր 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման մրցույթում, ինչը ամենամեծ ձեռքբերումն էր կոնցեռնի պատմության մեջ: Այնուհետեւ Պողոսյանը ձեռնամուխ է լինում կոնցեռնի համար բոլորովին նոր ուղղության` մարդատար ինքնաթիռների ստեղծման գործին, որը չափազանց մեծ համարձակություն էր: Դեռեւս 2000թ. Պողոսյանը առաջ էր քաշում այս նախագիծը` ճիշտ քաղաքականություն իրականացնելով արտասահմանյան ընկերությունների հետ: 2003թ. նա հաղթեց փաստորեն իր իսկ նախաձեռնությամբ իրականացված` տեղական թռիչքների համար փոքր ինքնաթիռների ստեղծման մրցույթում: Ներկայումս շատերին հայտնի «SSJ 100» քաղաքացիական ինքնաթիռը, որը ոչ առանց Պողոսյանի ներդրման առաջինը գնեց հայկական «Արմավիա» ընկերությունը, ռուսական հաջողված առաջին տնտեսական նախագիծն էր: Սա առաջին ռուսական ինքնաթիռն է, որը լավ իրականացված մարքեթինգի շնորհիվ դեռեւս մինչեւ ստեղծվելն արդեն ուներ բազմաթիվ գնորդներ:
Ներկայումս կոնցեռնի կազմում աշխատում է մոտավորապես 31 000 բարձրակարգ մասնագետ: 2010 թ. կոնցեռնի ֆինանսական շրջանառությունը կազմեց մոտավորպես 40 մլրդ ռուբլի: Պողոսյանի ղեկավարությամբ մինչեւ 2010թ. «Սուխոյ» կոնցեռնը բացառիկ վերելք ապրեց, ինչը գնահատվեց ըստ արժանվույն: 2007թ. Մ.Պողոսյանն ընտրվեց ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» ղեկավարի առաջին տեղակալ, իսկ 2008թ. համատեղության կարգով նշանակվեց նաեւ խորհրդային ավիաշինության երբեմնի հսկա եւ «Սուխոյի» հիմնական մրցակից «ՄիԳ» կոնցեռնի գերագույն տնօրեն: Ռուսական ավիաշինությունն ընթանում էր միավորման ճանապարհով, որը ստեղծված իրավիճակում միակ տարբերակն էր` փրկվելու եւ զարգանալու համար:
2010թ. ռուսական «Կոմերսանտ» թերթը իր չափորոշիչներով Մ.Պողոսյանին համարեց 6-րդը` Ռուսաստանի մեքենաշինության ոլորտի ամենաազդեցիկ 10 ղեկավարների ցանկում: Սա հազիվ թե անաչառ գնահատական է, քանի որ նույն ցանկի երկրորդ հորիզոնականում էր Պողոսյանին ենթակա «Իրկուտ» կորպորացիայի տնօրեն Օ.Դեմչենկոն, իսկ չորրորդ տեղում` ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» ղեկավար Ա.Ֆյոդորովը: Այն նույն մարդը, որին (վատ աշխատանքի համար) մեկ ամիս անց փոխարինեց Մ.Պողոսյանը:
Մ.Պողոսյանը տեխնիկական գիտությունների դոկտոր է, ռուսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակել է 14 գիտական աշխատանք, ունի 11 հայտնագործություն: Նա նաեւ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ամբիոնի վարիչ է: Իր գիտական եւ կազմակերպչական գործունեության համար ստացել է բազմաթիվ պարգեւներ եւ մեդալներ: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Այսօր հայազգի ավիաշինարարը, լինելով ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» նախագահը, միաժամանակ նաեւ երկու առանձին խոշոր կոնցեռնների ղեկավար է: Այն, որ հայերը համաշխարհային եւ մասնավորապես ռուսական ավիաշինության մեջ մեծ ներդրում ունեն դեռ ոլորտի հիմնադրման սկզբից, քաջ հայտնի է: Սակայն փաստ է նաեւ, որ Միխայիլ Պողոսյանի` որպես գիտնականի, գյուտարարի, ի վերջո՝ ոլորտի ղեկավարի ձեռքբերումները նշանակալի են ոչ միայն մեզ՝ հայերիս համար, այլեւ՝ ամբողջ աշխարհին:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


08/06/2011