Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ ԿԱԶԱԿՆԵՐԸ… ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ*



ՌՈՒՍ ԿԱԶԱԿՆԵՐԸ... ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ«Հաղթանակի այգին Երևանի իմ սիրելի անկյուններից է, եթե ոչ՝ ամենասիրելի»,- ասում է զրուցակիցս, ընդամենը մի քանի տարի առաջ Երևանում հաստատված, ծնունդով նորջուղայեցի Ավո Հովհաննիսյանը՝ «մտավորական, հայրենասեր և բարեգործ քաղաքացի»՝ ինչպես նրան իր գրավոր ելույթներից մեկում որակում է ակադեմիկոս Սեն Արևշատյանը, և որին, ցավոք, մեր հայրենակիցներից դեռևս քչերը գիտեն։

Ես նայում եմ շուրջս, տեսնում այգու անխնամ ծառերը, աղբակորույս արահետները, լճակի հայելու մեջ լողացող ցելոֆանե տոպրակները… Հետո որսում եմ զրուցակցիս հայացքը՝ այգին կատարյալ դիտակետ է Արարատով զմայլվելու համար։ Այստեղից առանձնակի տպավորիչ է նաև Մայր Հայաստանի արձանը։ Լավատեսական մտքերիդ համար հաջորդ «հենակետը» խաղով տարված երեխաների ուրախ ճիչն ու ծիծաղն է: Լավատեսություն՝ այն, ինչն սպառել են մեզանից շատերը, ինչը վերականգնելու պետք ունենք։ Լավատեսությունը պետք է դաստիարակվի՝ պատմության, ազգային մշակույթի իմացությամբ, այդ գիտելիքները մյուսներին հաղորդելու ցանկությամբ ու կարողությամբ։ Այս առաքելությունը տրված է Ավո Հովհաննիսյանին` «հայ մշակույթի անխոնջ փրկարարներից մեկին» (Սեն Արևշատյան): Լսենք նրան։

 

 

-Այն, ինչ պատմելու եմ, բարեկամության մասին է՝ հայ-ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Այն, ինչ պատմելու եմ, լսել եմ 1960 թվականին իմ հայրենակից, նորջուղայեցի Հարություն Գլանդյանից: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այս պատմությունը մոռացվել է, և քչերն են հիշում… Հարությունը պետք է, որ 1903-1904 թվականների ծնունդ լիներ։ Ապրել էր քաղաքի Դավրեժ թաղամասում։ Ծնողներս նրա հետ մտերիմ էին, հաճախ հանդիպում էին, զրուցում։ Մի անգամ, երբ ես արդեն հասուն երիտասարդ էի, նա դիմեց ինձ, ասելով. «Գիտե՛մ, հետաքրքրվում ես Նոր Ջուղայի պատմությամբ։ Քեզ համար մի նվիրական հիշողություն ունեմ պահած…»։ Այն, ինչ լսեցի Հարությունից, մեկընդմիշտ դաջվեց հիշողությանս մեջ, և ամեն անգամ դրան անդրադառնալիս հուզվում եմ, ասես ինքս եմ եղել դրամատիկ այդ իրադարձությունների ականատեսը…

12 հոգանոց կազակների մի զորախումբ։ Լուսանկարն արված է Նոր Ջուղայում, մի հայի առանձնատան բակում, 1915թ.¬ ին։ Լուսանկարը դիտված է արևելքից։ Գետնին փռված է Նոր Զուղայում գործված XVII-XVIII դդ. հայկական երկու գորգ: Ձախ և դիմացի պատերին երեւում է աղյուսագործ երեսպատում, որը Նոր Ջուղայի ճարտարապետական լուծումներից էր։

12 հոգանոց կազակների մի զորախումբ։ Լուսանկարն արված է Նոր Ջուղայում, մի հայի առանձնատան բակում, 1915թ.- ին։ Լուսանկարը դիտված է արևելքից։ Գետնին փռված է Նոր Զուղայում գործված XVII-XVIII դդ. հայկական երկու գորգ: Ձախ և դիմացի պատերին երեւում է աղյուսագործ երեսպատում, որը Նոր Ջուղայի ճարտարապետական լուծումներից էր։

1915 թվականին ծրագրված ցեղասպանությունը միայն Արևմտյան Հայաստանի տարածքը չէր ընդգրկելու։ Թուրքերը և նրանց «հոգևոր» ուսուցիչները՝ գերմանացիները, նպատակ ունեին ոչնչացնելու ողջ հայությունը նաև Թուրքիայի սահմաններից դուրս։ Նրանց «ուշադրության» կենտրոնում էր նաև Իրանի Նոր Ջուղա բարեկարգ ու բարգավաճ քաղաքում ապրող հայ բնակչությունը։ Չարաբաստիկ այդ օրերին Հարությունը մոտավորապես ութ-ինը տարեկան էր։ Տան առևտուրը փոքրիկի վրա էր։ Մի օր էլ մահմեդական խանութպանը տղեկին զգուշացնում է. «Հայերիդ վերջն եկել է, բոլորիդ վերացնելու են»: Նոր Ջուղայեցիների ականջներին վաղուց արդեն հասել էին նման լուրեր, բայց, որ վտանգն այդքան որոշակի էր՝ չէր պատկերացնում ոչ մեկը։ Պարզվում է, որ թուրքերը իրենց դաշնակից գերմանացիների հետ որոշել են տեղի հայ բնակչության հաշվեհարդարը տեսնել հիմնականում ավազակներից ու բաշիբոզուկներից կազմված Բախտիարի վայրենի ցեղի ձեռքերով։ Մինչև ատամները զինված հրոսակների ոհմակը գալիս կանգ է առնում Նոր Ջուղայի մատույցներում՝ հարձակման հրամանի սպասելով։ Հայերը որոշում են դիմել ռուսական կայսրին՝ Թեհրանում տեղակայված կազակների զորքի օգնությամբ Նոր Ջուղայի հայ բնակչությանը պաշտպանելու խնդրանքով: Իհարկե, երկու հազար բնակչություն ունեցող քաղաքում կային նաև զինված մարդիկ, սակայն դա բոլորովին բավարար չէր ոսոխի դեմն առնելու։

Այստեղ մեր պատմությունն ընդմիջենք մի շատ կարևոր լրացումով։

Իրանահայ վաճառականները դարեր շարունակ ազատ ելք ու մուտք են ունեցել հյուսիսի հզոր քրիստոնյա պետությունում՝ Ռուսաստանում: Իրենց ազնիվ գործունեության, ճկուն մտածողության շնորհիվ մեր հայրենակիցները շահել էին ռուս կայսրերի վստահությունը ու վայելում էին նրանց հարգանքը։ Ջուղայեցի վաճառականները անցնելով աշխարհից աշխարհ, տիրապետելով տարբեր ազգերի լեզուներին, քաջածանոթ լիելով նրանց բարքերին ու նիստուկացին, սիրով հանձն էին առնում նաև ռուսաց կայսրի դեսպանի պարտականությունը և իրենց դերը գերազանցապես էին անում: Նրանց գործունեության շնորհիվ Ռուսաստանում ծաղկում էր տնտեսությունը, ընդլայնվում երկաթի, մետաքսի, ձկնկիթի արտադրությունն ու առևտուրը։

Հայ-ռուս բարեկամական կապերի գեղեցիկ էջերից մեկը Աստվածատուր Սալթանյանի՝ Բոգդան Սալթանովի, ռուս գեղանկարչության մեջ սյուժետային ժանրի հիմնադրի պատմությունն է։ Նա ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666 թվականին նա եղբոր հետ գալիս է Մոսկվա և այստեղ ձեռք է բերում շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674 թվականին նա ընդունում է «ռուսական հավատք» և, ստանալով ազնվականի կոչում, դառնում է Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավարը: Սալթանովը ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի հեղինակն էր, որը կառուցվեց Ազովը Պետրոս I-ի կողմից գրավելու առթիվ։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրում է արծաթե գուշ։ Տարեգրությունները հետաքրքիր հիշողություններ են պատմում այն մասին, թե ինչպես նորջուղայեցի վարպետը փայտից խաղալիքներ է պատրաստել փոքրիկ Ցարևիչի՝ Պետրոսի համար: Չմոռանանք նաև Լազարյանների, այլոց մասին։ Պարսկահայերի, մասնավորապես՝ նորջուղայեցիների միջոցով արևմուտքն ու արևելքը միացան Մոսկվայում։

Հիվանդանոցի սրահը։ Լուսանկարը դիտված է արևելքից։ 1915թ.

Հիվանդանոցի սրահը։ Լուսանկարը դիտված է արևելքից։ 1915թ.

Եվ այսպես, Նոր Ջուղայի հայերը հեռագիր են ուղարկում Ռուսիո մայրաքաղաք՝ շտապ օգնություն ստանալու խնդրանքով: Հեռագիրն ուղարկում է Նոր Ջուղայի ժամանակի թեմական առաջնորդ Եզնիկ վարդապետ Երկարակեցյանը: Ընդգծենք, որ Սպահանի հեռագրատան կազմը այդ տարիներին բաղկացած էր միմիայն հայերից, ինչը նշանակում էր, որ հեռագրի բովանդակությունը ուրիշներին հասու չէր լինելու։ Պատասխանը չի ուշանում. Թեհրանում տեղակայված կազակական զորքերի մի վաշտ՝ թնդանոթներով զինված, շարժվում է դեպի Սպահան՝ Նոր Ջուղա։ Սրանք, դեռ քաղաքի դարպասներին չհասած, իրենց մասին ազդարարում են թնդանոթային համազարկերով։ Այս խելացի քայլը զսպում է բաշիբոզուկներին։ Մի քանի ժամ անց կազակները մտնում են Նոր Ջուղա։

«Մեր տունը Վանքի մոտ էր,- հիշում էր մի այլ վկա՝ պապիկս՝ Ավետիք Հովհաննիսյանը:- Զորքն անցնելու էր մեր տան մոտով՝ երթը շարունակելով դեպի հարավ, որտեղ տեղակայված էին Բախտիարի ցեղի հրոսակները։ Երբ զորքը հասնում է հայկական վանքին, ռուս զինվորները ձիերից իջնում, ծնկում, խաչակնքում են, հետո նորից հեծնում ձիերը և առաջ շարժվում»։

Կազակական զորքը ջախջախում է ավազակախմբին, առգրավում է նրանց զենքերը, զինամթերքը և մինչև 1917 թվականը մնում Նոր Ջուղայում: Նոր Ջուղայի հայերը իրենց փրկարար զինվորներին շահում ու պատվում են այն ամենով, ինչով կարող էին: Նիկոլ անունով մի մեծահարուստ հայ իր տան երկրորդ հարկը վերածում է հյուրանոցի և ամբողջովին տրամադրում է ռուս սպաներին։ Դա մեր քաղաքի առաջին հյուրանոցն էր։ Հայերը ռուսական կազակական զորքին են տրամադրում նաև մի շարք շինություններ: Դրանք մինչ օրս էլ կանգուն են ու որպես զորանոցներ են ծառայում։

«Հայրիկս մեծ գինեգործ էր,- իր պատմությունն էր շարունակում պապս՝ Ավետիքը:- Ռուս սպաներից մեկը նրա հետ շատ էր մտերմացել։ Մեր տան դուռը միշտ բաց էր նրա և նրա ընկերների առջև։ Հրաժեշտի օրը այդ ռուս սպան իր թուրը նվիրում է նրան՝ ասելով. «Ես գիտեմ, դու ինձանից ոչինչ չես ուզում, բայց սրանից ավելի ես ոչինչ չունեմ տալու»։

Ցարական զորքի դաշտային հիվանդանոցի բուժանձնակազմը: Այն տեղակայված էր Քոչեր թաղում, մի հայի ապարանքում։ Լուսանկարը դիտված է հարավից։ Երևում են ռուս բժիշկը և գլխավոր բուժքույրը ձախ կողմում, առաջին շարքում նստած են վիրավորները։ 1915թ.

Ցարական զորքի դաշտային հիվանդանոցի բուժանձնակազմը: Այն տեղակայված էր Քոչեր թաղում, մի հայի ապարանքում։ Լուսանկարը դիտված է հարավից։ Երևում են ռուս բժիշկը և գլխավոր բուժքույրը ձախ կողմում, առաջին շարքում նստած են վիրավորները։ 1915թ.

Այդ սուրն այսօր ինձ մոտ է` պապիցս է մնացել»:

Այդ հեռավոր ու պատմական օրը ռուսական կայսեր կազակական զորքերը փրկեցին Նոր Ջուղայի մոտ երկու հազար հայ բնակիչներին թուրքերի կազմակերպած սպանդից՝ զոհաբերելով իրենց զինվորների կյանքը: Ընկած հերոս զինվորները իրենց վերջին հանգրվանը գտան հեռավոր Իրանի Նոր Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցում՝ հայ մեծամեծերի ու նվիրյալների շիրիմների կողքին: Նրանց գերեզմանները մինչև հիմա էլ կան ու խնամվում են քաղաքի հայ ազգաբնակչության կողմից:

Ահա այդ նահատակ ռուս զինվորների անունները՝

գեներալ Baratoof  ռուսական «Կոզակ» զորքի հրամանատար:

Pyshchik I. D. ծննդավայրը՝ Kanelovskaya, 1916թ.

Meduedskii K. R. ծննդավայրը՝ Zalenovskaya, 1916թ.

Kuropyatnikov N. E. ծննդավայրը՝ Peredovaaya 1916թ.

Krikunov V. V. ծննդավայրը՝ Nadezhnaya, 1916թ.

Lyavtsev A. L. ծննդավայրը՝ Alexandrovskaya, 1916թ.

Smeitikov M. G. ծննդավայրը՝ Alexandrovskaya, 1916թ.

Fomin P. P. ծննդավայրը՝ Vorovskaya, 1916թ.

Baydin G. S. ծննդավայրը 1917թ.

 

Ֆարահաբադ կոչված տարածքը Նոր Ջուղայի հարավում՝ հայոց գերեզմանատան հարևանությամբ։ Այստեղ էր տեղադրված ռուս կազակների զորքը։ Լուսանկարը արված է հյուսիս-արևելքից։ Առաջին շարքում կանգնած են հետևակայինները, նրանց հետևում՝ հեծելազորը։ Առաջին շարքում կանգնած են հրամանատարը և սպայական կազմը: Նրանց կողքին են Նոր Ջուղայի ղեկավար դասի ներկայացուցիչները՝ անգլիական «տոպի» գլխարկներով։ Սպայական կազմի երկու կողմերում երևում են բախտիարցի գերիները՝ գետնին նստած։ 1915թ.

Ֆարահաբադ կոչված տարածքը Նոր Ջուղայի հարավում՝ հայոց գերեզմանատան հարևանությամբ։ Այստեղ էր տեղադրված ռուս կազակների զորքը։ Լուսանկարը արված է հյուսիս-արևելքից։ Առաջին շարքում կանգնած են հետևակայինները, նրանց հետևում՝ հեծելազորը։ Առաջին շարքում կանգնած են հրամանատարը և սպայական կազմը: Նրանց կողքին են Նոր Ջուղայի ղեկավար դասի ներկայացուցիչները՝ անգլիական «տոպի» գլխարկներով։ Սպայական կազմի երկու կողմերում երևում են բախտիարցի գերիները՝ գետնին նստած։ 1915թ.

 

Լուսանկարներն արված են Նոր Ջուղայի ճանաչված լուսանկարիչներ Մինաս Պատկերահանյանի և Թունի Հովհաննիսյանի կողմից։

Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Հոգևոր-մշակութային


26/02/2016