Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՏՐՈՓՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՍՐՏՈՒՄ…



27 տարի առաջ փետրվարի 15-ին խորհրդային զորքերը դուրս բերվեցին Աֆղանստանից: Ավարտվեց պատերազմը, որը խլեց ավելի քան 15000 խորհրդային զինվորի կյանք, շուրջ 11000-ը դարձավ հաշմանդամ: Աֆղանստան զորքեր մտցնելու անհրաժեշտության, քաղաքական և ռազմական դրդապատճառների մասին մինչ այժմ տարբեր կարծիքներ են հնչում, սակայն փաստ է, որ խորհրդային բազմազգ բանակի զինվորներն ընդհանուր առմամբ պատվով կատարեցին իրենց մարտական խնդիրը:

Աֆղանստանում տեղակայված խորհրդային ուժերի կազմում կռվել են նաև հայ զինծառայողներ: Պատերազմին մասնակցել է ավելի քան 4000 հայ զինվոր ու սպա, իսկ 86-ը զոհվել է: Ամեն տարի այդ օրը հայ վետերանները հավաքվում են Հաղթանակի զբոսայգում, ծաղիկներ դնում Աֆղանական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Բացառություն չէր նաև այս տարվա փետրվարի 15-ը:

Արդեն ձևավորված ավանդույթ է՝ վաղ առավոտից վետերանները հուշակոթողի մոտ են: Նրանց են միանում նաև ՀՀ զինված ուժերում ծառայող բարձրաստիճան սպաները, որոնց թվում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զրուցում են, հիշում անցած դժվարին օրերը: Ընդհանրապես, Աֆղանական պատերազմի վետերանները շատ ամուր կապված են իրար: Նույնիսկ իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ծառայածները միմյանց հանդիպելիս կարծես հին զինակից ընկերներ լինեն: Նրանց համար բանակային ընկերություն ասվածը լոկ բառեր չեն: Առհասարակ նշանակություն չունի, թե իր ընկերը սոցիալական ինչ ծագում կամ ծառայողական ինչ դիրք է զբաղեցնում, նրանք բոլորն էլ հավասար են, բոլորն էլ «աֆղանցիներ» են:

Քայլում ենք դեպի հուշակոթող: Ուշադիր հետևում եմ ինձ շրջապատող մարդկանց: Փաստեմ, որ նրանց տեսնողը միանգամից կասի՝ պատերազմ են անցել. կռիվը իր հետքն է թողել բոլորի դեմքին, պահվածքին: Բայց նույնիսկ այդ լուրջ, կյանքի ու մահվան սահմանագծին կանգնած տղամարդկանցից շատերը հուզվում են հուշակոթողին ծաղիկներ դնելիս, հրաժարվում են խոսել իրենց զոհված ընկերների, պատերազմի դաժանությունների մասին:

Պատերազմը դեռ տրոփում է նրանց սրտում…

 

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Պատմության էջերից


26/02/2016