Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ



Համբարձման տոնը Հարուցյալ Հիսուսի` մարմնով երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու հիշատակն է: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Նոր Կտակարանի վկայությամբ (Մարկ., ԺԶ, 19-20, Ղուկ., ԻԴ, 50-53, Գործք, Ա, 9-11)` Հիսուսն Իր Հարությունից հետո 40 օր բազմիցս հայտնվում է Իր հետեւողներին` Մարիամ Մագթաղենացուն, յուղաբեր կանանց, Պետրոսին, Էմմավուսի ճամփորդներին, առաքյալներին` Վերնատանը եւ Գալիլիայի Տիբերիական ծովակի եզերքին` վերահաստատելով նրանց իրենց առաքելական կոչման եւ հավատի մեջ. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին…»: Այս հանդիպումների ժամանակ Նա քաջալերում, մխիթարում եւ հուսադրում է նրանց, խոսում երկնքի արքայության, առաքյալների կոչման մասին: Հորդորում է առաքյալներին` չտրտմել, չերկնչել, այլ համբերությամբ, հույսով ու արիությամբ դիմակայել Ավետարանի քարոզության ընթացքում նրանց սպասվելիք փորձություններին: Քրիստոսը` Աստծու Որդին, չուներ ուտելու կամ խմելու կարիք, սակայն երբ հայտնվում է առաքյալներին եւ ուտում ու խմում նրանց հետ` Իրեն տեսնողների հոգիներից վերջնականապես վանում է կասկածն ու երկյուղը` հաստատելով Իր իրական հարությունն այն նույն մարմնով, որով խաչվել էր եւ գերեզման դրվել, ինչպես նաեւ հուսադրելով բոլոր մարդկանց` գալիք հարության ու հավերժական կյանքի իրողությամբ: Վերջին անգամ Քրիստոսը հայտնվում է Ձիթենյաց լեռան վրա, որտեղ օրհնում է բոլորին «…եւ մինչ Նա օրհնում էր, բաժանվեց նրանցից եւ դեպի երկինք էր վերանում»: Աշակերտների հայացքներից Նրան ծածկում է լուսեղեն ամպը, եւ նույն պահին լուսազգեստ հրեշտակները, երեւալով երկնքում, ազդարարում են. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ եք կանգնած նայում երկնքին, այն Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձեւով, ինչպես տեսաք Նրա` երկինք գնալը»: Եվ Հայր Աստված, ընդունելով Իր սիրելի Որդուն, «նստեցրեց Իր աջ կողմում, երկնքի մեջ» (Եփես., Ա, 20):
Քրիստոսի Համբարձումը բոլոր տերունական տոների եւ տնօրինական խորհուրդների ամբողջացումն է` սկսած Տիրոջ Ս. Ծնունդից մինչեւ Ս. Հարություն: Առնելով մարդկային մեր բնությունը` Քրիստոսն Իր գալուստով մաքրեց ու օրհնեց անեծքով դատապարտված արարածներին, շրջելով երկրի վրա, մկրտվելով ջրում եւ թաղվելով գերեզմանում` մաքրեց հողն ու ջուրը, իսկ հարությունից հետո` օդն ու կրակը: Նա մարդկային բնությունը միավորեց Աստծու Խոսքին: Իր` երկինք Համբարձումով մարդկային անպատիվ բնությունը բարձրացրեց վեր` արժանացնելով անզուգական պատվի ու փառքի: Եվ ցույց տվեց դեպի երկինք մարդուն խոստացված ճանապարհը. «Եթե Ես գնամ, ձեզ համար տեղ կպատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես եմ, այնտեղ նաեւ դուք լինեք» (Հովհ., ԺԴ, 3): Քրիստոսը համբարձվեց, որպեսզի Սուրբ Հոգին առաքի. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ., ԺԶ, 7), իսկ երբ «…Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն կստանաք եւ Ինձ վկաներ կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք, Ա, 7-8): Փրկիչը մարմնով բաժանվեց մարդկանցից, սակայն մշտապես նրանց հետ է Հոգու միջոցով, ուստի Փրկչի Համբարձումը Հոգեգալուստի նախապատրաստումն էր նաեւ, որի արդյունքում առաքյալների երկրեերկիր քարոզությամբ Ավետարանը քարոզվեց բոլոր մյուս ժողովուրդներին: Քրիստոսը «…երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ., ԺԶ, 19): Ավետարանի այս նախադասությունը չպետք է տառացի հասկանալ: Հոգի է Աստված, եւ Նրա համար չկան աջ կամ ձախ կողմեր: Քրիստոսի` Հոր աջ կողմում նստելու պատկերով ցույց է տրվում Նրա աստվածային փառքը, այսինքն` Քրիստոսն աթոռակից է Հորը եւ Սուրբ Հոգուն, նաեւ փառքով հավասար է Հոր Աստվածությանը, թագավորում է, ինչպես Հայրը եւ ունի դատաստանի զորություն: Հայաստանյայց եկեղեցին Համբարձման տոնը նշում է Ս. Հարության տոնից 40 օր հետո` հինգշաբթի օրը:
Համբարձման տոնի ժողովրդական սովորույթներից է վիճակ գցելը: Այդ օրը երիտասարդ աղջիկները, ծաղկեփնջեր կազմելով ու երգելով, ուրախ զբոսանքի են դուրս գալիս եւ վիճակ գցում` երջանիկ ապագայի ակնկալիքով: Վիճակ գցելու առիթով երգվում են ժողովրդական երգեր, որոնց «Ջան գյուլում, ջան, ջան» տողը պարբերաբար կրկնվում է յուրաքանչյուր տնից հետո: Այստեղից էլ` Համբարձման տոնը ժողովրդի շրջանում ստացել է նաեւ «Ջան գյուլում» անունը: Իսկ վիճակ գցելու սովորույթը առաքյալների` Քրիստոսի Համբարձումից հետո Երուսաղեմ վերադառնալու եւ Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ տիրադավ Հուդա Իսկարիովտացու փոխարեն 12-րդ առաքյալ է ընտրվում Մատաթիան:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաեւ 1441 թ. Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխելու եւ Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը (տե՛ս Կաթողիկե Ս. Էջմիածնի տոն):
Քրիստոսի Համբարձումը Նրա երկրային առաքելության ավարտն է, սակայն շարունակությունն է աշխարհում Նրա ամոքիչ ու հուսատու ներկայության. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ., ԻԸ, 20): Եթե Տերունական մյուս տոները հիշատակություններն են Քրիստոսի մարդկային կյանքի դեպքերի, ապա Համբարձման տոնը հայտնապես Նրա Աստվածությունն է մատնանշում ու շեշտում: Համբարձումից հետո Հիսուսն այլեւս դադարում է ժամանակի մեջ պատմական անձ լինելուց եւ շարունակում է մշտակա, իրական ու զգալի Իր ներկայությունը յուրաքանչյուր քրիստոնյայի եւ Իր Եկեղեցու կյանքում: «Մի՛ վախեցիր, հոտ փոքրիկ, որովհետեւ ձեր Հայրը հաճել է տալ ձեզ արքայությունը» (Մատթ., ԺԲ, 32):

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Հոգևոր-մշակութային


08/06/2011