Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼՌուսաստանի Դաշնությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները եկել են փոխհամաձայնության, որ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով 00:00-ին, Սիրիայում ուժի մեջ կմտնի գործող իշխանությունների ու «չափավոր ընդդիմության» զինված ուժերի միջեւ զինադադարը:

Փետրվարի 22-ին  տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:  Ըստ այդմ՝ Վաշինգտոնն ու Մոսկվան ՄԱԿ-ի միջնորդությամբ մտադիր են հասնել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը եւ պայմաններ ստեղծել՝ Արաբական Հանրապետությունում իշխանության անցման գործընթացի համար: Ռուսաստանը երաշխավորում է Սիրիայի գործող նախագահ Բաշար Ալ Ասադի կողմնակիցների կողմից ռազմական գործողությունների դադարեցումը, իսկ Միացյալ Նահանգները՝  «չափավոր ընդդիմության»:

Զինադադարը չի վերաբերելու ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումներին, եւ երկու գերտերություններն իրենց իրավունք են վերապահում շարունակելու պայքարը այդ կազմավորումների դեմ:

Սիրիայի նախագահ Բ. Ասադն արդեն հայտարարել է ապրիլի 17-ին  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ համաձայնությունը:

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Տարածաշրջան


26/02/2016