Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ



Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկանխատեսելի. վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանային զարգացումների  կենտրոնում էր ոչ այնքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որքան նրա հովանավոր Թուրքիան: Սիրիայի շուրջ մոտեցումները բարդացել են ոչ միայն տարածաշրջանային դերակատարների, այլ նաև գերտերությունների համար, ինչը աշխարհաքաղաքական զարգացումների բազմաթիվ և բազմաբնույթ հեռանկարներ է ենթադրում:

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՄԲԻՏՎերջին ամիսների ընթացքում ակնհայտ է դարձել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրա ղեկավար,  երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրողանը փորձում են հնարավոր բոլոր միջոցներով ի կատար ածել նոր օսմանական կայսրություն հիմնելու գաղափարը՝ հարևանների նկատմամբ որդեգրելով վախի, շանտաժի և վարկաբեկման քաղաքականությունը: Թուրք իշխանավորների այդ նկրտումները բացեիբաց ակնհայտ են դարձել Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռի կործանումից հետո: Այս օրերին թուրքական զինուժը բացահայտորեն հարվածներ է հասցնում արդեն Սիրիայի իշխանական զորքերին և քրդական զորամիավորումներին այն դեպքում, երբ հանդիսանում է «Իսլամական պետության» դեմ ամերիկյան կոալիցիայի մասը: Իսկ այդ ահաբեկչական խմբավորումը  վերջին շաբաթների ընթացքում մեծ կորուստներ և նահանջ է ունեցել ոչ միայն Սիրիայում, այլ նաև Իրաքում: Փաստացի՝ «Իսլամական պետության» դեմ պատերազմի քողի տակ Անկարան փորձում է կյանքի կոչել սեփական աշխարհաքաղաքական տեսլականը՝ ավելի ու ավելի մխրճվելով Սիրիայի ներքին գործերի մեջ: Անկարան վերջին 5 տարիների ընթացքում հակված է  Սիրիան դիտարկելու որպես իր կենսական շահերի տարածք:

Պայքարելով քրդական գործոնի դեմ՝ թուրքական զինուժը փաստացի խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ պայքարելու պատրվակով: Թեև Բաղդադը բազմիցս դատապարտել է թուրքական զորքերի ներխուժումները, Անկարան շարունակում է նաև  Իրաքյան Քրդստանի հետ նավթագազային ծրագրերի իրականացումը՝ շրջանցելով Իրաքի կենտրոնական իշխանություններին:

Սակայն Թուրքիայի իշխող վերնախավը չի սահմանափակվում զուտ Առաջավոր Ասիայում իր ուժերի ցուցադրումով և բավական աշխուժացել է նաև եվրոպական ուղղությամբ: Փետրվարի 16-ից 18-ը Թուրքիայի օդուժն Էգեյան ծովում մի քանի անգամ խախտել է  Հունաստանի օդային տարածքը:  Վերջին տարվա ընթացում Անկարան հաճախ է դիմում սադրանքների Աթենքի նկատմամբ և փորձում կասկածի տակ դնել ստատուս քվոն թուրք-հունական սահմանի երկայնքով: Եվ եթե ռուսական ինքնաթիռի կործանումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները գրեթե միահամուռ սատարեցին իրենց դաշնակցին՝ պնդելով, թե թուրքական զինուժը իրավասու էր պաշտպանել իր օդային տարածքները, Հունաստանի դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը ցուցաբերում է անհասկանալի անտարբերություն:

Ակնհայտ է դառնում, որ «Իսլամական պետության» դեմ ռուս-ֆրանսիական մերձավորարևելյան նորօրյա «անտանտը» դեռ չի կարողանում կայանալ: Եթե 2015- 2016թթ. դեկտեմբեր-հունվարին դեռ կարելի էր խոսել Մերձավոր Արևելքի ռուս-ֆրանսիական վերաբաժանման հեռանկարների մասին, որից անմասն չէր նաև Թուրքիան, ապա արդեն փետրվարին պարզ է դարձել, որ Մոսկվայի ու Փարիզի այս յուրօրինակ դաշինքին բացահայտ դեմ է պաշտոնական Լոնդոնը:  Ավելին, բրիտանական դիվանագիտության և այլ լծակների ազդեցությամբ ֆրանսիական ղեկավար շրջանակները ոչ միայն պակասեցրել են «Իսլամական պետության» դեմ պատժիչ գործողությունները, այլեւ նախագահ Ֆրանսուա Օլանդը դիմել է ՌԴ ղեկավարությանը՝ Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները դադարեցնելու կոչով: Կրկին մեծ դեր են սկսում խաղալ արդեն երկու հարյուրամյակ տարածաշրջանում առկա քաղաքական և տնտեսական շահերը՝ Մեծ Բրիտանիան փորձում է կասեցնել տարածաշրջանում ազդեցության ոլորտների վերաբաժանման բոլոր հնարավոր սցենարների իրականացումը, ինչպես դա ժամանակին արվել էր Սևրի պայմանագիրը կյանքի կոչելով:

Թուրքիան իր նոր գործելաոճն իրականացնելու համար «կանաչ լույս» է ստացել դեռ 2015 թվականի ապրիլի 24-ին, երբ Գալիպոլիի  ճակատամարտի 100-ամյակի միջոցառմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը:  Այդ օրը, փաստորեն, մատնանշվել է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների հիմնական ուղեգիծը. մի կողմում հայտնվել են սուննի պետությունները (մասնավորապես՝ «Իսլամական պետության» մյուս հովանավորներ Սաուդյան Արաբիան, Քաթարը) և Մեծ Բրիտանիան, մյուս կողմում՝ այդ ահաբեկչական կառույցից տուժած և ներկայումս դրա դեմ ռազմական գործողություններ իրականացնող Ֆրանսիան  և Ռուսաստանը:

Այս տեսանկյունից հետաքրքրական են Միացյալ Նահանգների և Իրանի դիրքորոշումները: Փաստացի՝ ապրիլի 24-ին հյուրընկալվելու հարցում իրենց չեզոքությունը ներկայացրած այդ երկու պետությունները  այսօր ևս ձեռնպահ են մնում որևէ հստակ քաղաքականության դրսեւորումից, միաժամանակ փորձելով հարթել մի քանի տասնամյակի  թշնամանքը: Վաշինգտոնում դեռ ուսումնասիրում են Անկարայի գործելաոճը, իսկ Թեհրանում հետևություններ են անում և պատրաստվում ցանկացած զարգացման՝ զերծ մնալով որևէ լուրջ քայլից: Հատկանշական է, որ նմանատիպ մոտեցում երկու երկրները ունեն նաև Թուրքիայի ներկայիս «ոխերիմ դաշնակից» Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Միացյալ Նահանգներում օրեցօր  մեծանում է դժգոհությունը թուրքական ու սաուդյան իրենց դաշնակիցների սանձարձակ պահվածքից, թեև պաշտոնապես Վաշինգտոնը դեռ հակված է Սիրիայի հարցում իր նախկին դիրքորոշմանը, բայց արդեն ավելի հաճախ է փորձում փոխզիջման գնալ Մոսկվայի նկատմամբ, ինչն Անկարայում հիստերիայի առիթ է տվել:

Սպասելի է, որ Անկարան կշարունակի աշխուժություն ցուցաբերել Իրաքում՝ սատարելով Իրաքյան Քրդստանի անկախությունը, որպեսզի իր ձեռքի տակ վերցնի ոչ միայն քրդերի վերամիավորման գործընթացի բանալին, այլև տիրանա Իրաքի հարուստ նավթային շրջաններին: Անկարան թերևս զերծ մնա Սիրիա ներխուժելու քայլից՝ խուսափելով Ռուսաստանի հետ առճակատումից՝ փորձելով Մոսկվայի դեմ խաղարկել Ղրիմի թաթարների խաղաքարտը, ինչպես նաեւ ապակայունացնել իրավիճակը կովկասյան տարածաշրջանում՝ հատկապես Ղարաբաղյան պատերազմի վերսկսման միջոցով:

Նորօսմանիզմի քաղաքականության դեմն առնելու համար հնարավոր է, որ շատ շուտով տարածաշրջանում հակաթուրքական կոալիցիա ձևավորվի: Եվ այդ պարագայում իրատեսական են դառնում այն կանխատեսումները, թե Էրդողանի նման գործելաոճի շարունակականության դեպքում Թուրքիան մոտակա տարիներին եթե անգամ չմասնատվի, ապա կունենա տարածքային լուրջ կորուստներ, մանավանդ որ Ռուսաստանում լրջորեն քննարկում են Մոսկվայի պայմանագրից հրաժարվելու հարցը:

 

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ.լեյտենանտ

 

 

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Տարածաշրջան


26/02/2016