Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՈՒՐԱՆ-9» ՌՈԲՈՏ-ՏԱՆԿԸ



ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՈՒՐԱՆ-9» ՌՈԲՈՏ-ՏԱՆԿԸԸստ միջազգային քաղաքական հարաբերությունների լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան «The National Interest» («Ազգային շահ») երկամսյա հանդեսի՝ Ռուսաստանն աշխատում է իրականացնել իր նոր բազմագործառութային ռոբոտատեխնիկական համալիրի՝ «Ուրան-9» ռոբոտ-տանկի առաջմղումը համաշխարհային շուկաներում: Ամերիկյան հանդեսը գնահատել է ռուսաստանյան «Ուրան-9» ռոբոտ-տանկը որպես «Ապագայի ավետաբեր»: «Ուրան-9»-ը նախատեսված չէ հիմնական մարտական տանկերի՝ Տ-90-ի եւ Տ-14 «Արմատայի» փոխարինման համար: «Ուրան-9-ը» կկիրառվի հատուկ նշանակության զորքերի եւ հեռավար (դիստանցիոն) հետախուզության ստորաբաժանումների աջակցության համար՝ նշում է ամերիկյան պարբերականը: Ռուսական ռոբոտ-տանկը զինված է 30-միլիմետրանոց 2Ա72 ինքնաձիգ թնդանոթով, նրա հետ «զույգված» 7,62-մմ գնդացիրով, ինչպես նաեւ հակատանկային Մ120 «Ատակա» կառավարելի հրթիռներով: «Մ120 «Ատակա» հրթիռների ներառումը «Ուրան-9» ռոբոտ-տանկի սպառազինության մեջ թույլ է տալիս այս մարտական մեքենային մարտի մեջ մտնելու առավել արդիական մարտական տանկերի հետ եւ ոչնչացնելու վերջիններս 8.000 մետր հեռավորությունից: Ռուսական այս մարտական ռոբոտը նաեւ հանդերձված է կառավարման լազերային համակարգով»,- ավելացնում է վերոհիշյալ ամերիկյան հեղինակավոր հանդեսը: Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերության փորձագետների գնահատմամբ՝ «Ուրան-9-ը» կարող է օգտագործվել տեղային պատերազմներում եւ հակաահաբեկչական ռազմագործողություններում: «Ռոսօբորոնէքսպորտի» վերլուծության եւ հեռանկարային պլանավորման վարչության պետ Բորիս Սիմակինը հայտնել է, թե. «Ռուսաստանցի գիտնական զինագործները տիրապետում են բոլոր անհրաժեշտ հնարավորություններին՝ արդիական ռազմական ռոբոտատեխնիկա ստեղծելու համար, որը պահանջված կլինի համաշխարհային շուկայում»: «The National Interest-ի» ռազմական տեսաբան Դեյվ Մաջումդարը նշում է, որ «Ուրան-9-ը» այսօրվա դրությամբ արեւմտյան նմանատիպը չունի, թեպետ ԱՄՆ-ը արդեն 20 տարի է, ինչ անվարորդ եւ անօդաչու մարտական մեքենաների մշակումներով է զբաղվում: «Տեխնոլոգիայի վրա դեռ հարկավոր է աշխատել, սակայն այժմ արդեն իսկ «Ուրան-9-ը» կարելի է անվանել ապագայի ավետաբեր»,- նկատում է ամերիկացի փորձագետը՝ ընդգծելով, թե ռոբոտացված մարտական մեքենաները ապագայում կարող են լիովին փոխարինել իրենց նախորդներին»:

 

ՄՆԱՑԱԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

գնդապետ

 

 

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ռազմական


26/02/2016