Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՍՈՒՆԻ, ԴԱՎԹԻ, ՄՀԵՐԻ, ՎԱՐԴԱՆԻ ԲԱՆԱԿԸ



-Ես վաստակավոր զինվորի մայր եմ, 23 տարվա ստաժով,- ասում է Մանուշակ Վարդանյանը:

 

ՍԱՍՈՒՆԻ, ԴԱՎԹԻ, ՄՀԵՐԻ, ՎԱՐԴԱՆԻ ԲԱՆԱԿԸ-Դուք Գայանե Պողոսյա՞նն եք,- անծանոթ կինը ժպտում է հազար տարվա ծանոթի պես: Մի քանի րոպե է մնացել ընդմիջումից` մտածում եմ ու պատկերացնում տաք սրճարանը` շոկոլադապատ թխվածքներով:

-Ես վաստակավոր զինվորի մայր եմ, 23 տարվա ստաժով,- ասում է կինը: Մտել է իմ աշխատասենյակ, ձեռքի թղթերը դրել սեղանիս ու պատմում է:

Շփոթված ժպտում եմ` 23 տարվա ստաժով վաստակավոր զինվորի մայրը ո՞րն է:

-Վաստակավոր զինվորի մայր կոչում կա, փաստորեն,- փորձում եմ կատակել: Կինը շարունակում է ամենայն լրջությամբ:

-23 տարի բանակի հետ եմ: Ավագ որդուս` Սասունիս 1993թ.-ին ճանապարհեցի: Հետո Դավիթիս հերթը եկավ: Դավիթս վերադարձավ` Մհերս գնաց: Հետո Վարդանիս զորակոչեցին` անցյալ տարի: 1993թ.-ից մինչ օրս զինվորի մայր եմ: Քանի՞ տարի եղավ:

-Ի՞նչը,- ես հարցը չեմ հասկանում:

-Զինվորի մոր ստաժս:

-23: -Ես արագ հաշվում եմ ու պարտաճանաչ աշակերտի նման պատասխանում:

-Ապրե՛ս,- ինձ ոգևորում է կինն ու տեղավորվում գրասեղանի դիմացի աթոռին:

…Ես վերցնում եմ հեռախոսն ու զեկուցում հրամանատարին:

-Մի կին է եկել`  4 զինվորի մայր…,- հրամանատարը մնացածը չի լսում:

-Տե՛ս, է, ինչ բախտ ունես, նման հրաշալի նյութը իր ոտքով եկել է քեզ մոտ… հենց եկող համարում էլ կտպենք:

-Հա,- ասում եմ,- մի այլ կարգի բախտս բերում է:

Աղջիկները գնում են թեյելու, ես հարցազրույց եմ անում վաստակավոր զինվորի մոր հետ:

-Փաստորեն, 4 որդի ունեք,- դեռ մտքով աղջիկների հետ եմ` սրճարանում, ու ջանում եմ տրամադրվել զրույցի:

-Հինգ,- պատասխանում է կինը: -Բանակն իմ հինգերորդ զավակն է` իմ աչքի առաջ մեծացած: Ոչ ոք ինձ չափ չի ուրախացել բանակի ձեռքբերումներով, չի տխրել բանակի թերությունների համար, չի ցավել բանակի անհաջողություններից: Եթե ուզում ես իմանալ` բանակը որտեղից ուր հասավ, ինձ հարցրու: Իմ անքուն գիշերներից, ճերմակած մազերից… Կինը ձեռքով ցույց է տալիս ճերմակ մազափունջը:

Ես մոռանում եմ աղջիկներին էլ, սրճարանն էլ: Ես հավաքվում եմ, սկսում ընկալել-զգալ…

-Նույնիսկ այն տարիներին, երբ տղաներս տանն են եղել, ես էլի զինվորի մայր եմ մնացել, մեր բանակի հոգսուցավով ապրել: Ոչ ոք իմ չափ ամակ չունի բանակի վրա:

Կինը լռում է: Ես տաք բառեր եմ որոնում` ճերմակ մազափնջով այս անծանոթ կնոջ  համար, որի աչքերում այնքան հոգս կա…

-Եթե այս կյանքում ուրիշ բան արած չլինեք, 4 որդի եք տվել բանակին, հայրենիքին…,- կինն ասես ինձ չի լսում:

-1993թ.-ին կռիվ էր: Սասունս փաստորեն ռազմաճակատ գնաց: Արցախյան պատերազմում հայ մայրերն են հաղթել: Արցախյան պատերազմը ոչ մեկին այնքան տառապանք չի պատճառել, որքան հայ մորը: Արթնանում ես… ու առաջին միտքը, որ խրվում է ուղեղիդ մեջ, այն է, որ տղադ վտանգի մեջ է, թշնամու գնդակի առաջ: Դու հաց ես ուտում (ինչ ուտել` ծամում, բնազդաբար կուլ ես տալիս) ու մտածում ես, որ տղադ գուցե քաղցած է: Դու վառում ես վառարանը ու մտածում ես, որ տղադ զենքը ձեռքին կանգնած է ձյուն ու սառնամանիքի մեջ: Դու գլուխդ դնում ես բարձին, բայց քունն աչքերիդ մոտ չի գալիս… Փափուկ անկողինն ուտում է քեզ…

…Զորակոչվելուց 6 ամիս անց գնացինք զորամաս, որ տեսնենք Սասունին: Պետք չէր որևէ բան հարցնել, ամեն ինչ պարզ էր` երեխաս նիհարած, հյուծված, անխնամ… հնամաշ շորերով: Մեծացած, հոգսաշատ: Փորձում էր ժպտալ ու թութակի պես կրկնում էր` շատ լավ եմ, մամ ջան:

Երբ Դավիթիս հերթը հասավ, պատերազմն ավարտվել էր, ու խաղաղություն էր: Չգիտեմ` կհիշե՞ք էդ ժամանակները: Պայմանները շատ վատ էին: Զորանոցները ցուրտ, ուտելիքը` քիչ: Էրեխեքը ոջիլի մեջ կորչում էին: Բայց իմ դարդը էդ չէր. Դավիթս շատ կռվարար ու անհնազանդ տղա էր` Աստծո պատիժ: Ոչ մեկիս չէր ենթարկվում: Հազար անգամ իրենից մեծ տղաների ծնողները եկել են մեզ վրա կռիվ: Մտածում էի` հրամանատարին կպատասխանի: Կամ ինքը մեկին վնաս կտա, հա՛մ ուրիշի տունը կքանդի, հա՛մ մերը: Օրս օր չէր, փառք ու պատիվ մեր սպաներին, ոնց յոլա տարան, ոնց հետը լեզու գտան:

Մհերս արդեն կայացած բանակում ծառայեց: Վեց-յոթը տարի առաջվա բանակը 90-ականների բանակի հետ չես համեմատի: Բարեկարգ, մաքուր զորանոցներ, համով ճաշեր, տաք հագուստ: Սպաներն էլ ամեն պահի զինվորների կողքին են: Երբ Մհերս արձակուրդ էր եկել, էնպիսի սիրով ու ոգևորությամբ էր պատմում դիրքերի մասին, որ 10 տարեկան Վարդանս եղբորը խնդրում էր` ինչ կլինի` գամ մեկ օր կանգնեմ պոստին: Մհերիս մասին՝ որպես օրինակելի զինվորի, «Հայ զինվոր» թերթում գրեցին: Երբ գնում էինք զորամաս, հրամանատարներն այնքան էին գովում տղայիս: Հոգիս փառավորվում էր, ո՜նց էի հպարտանում: Ես տղայիս հասցեին ասված խոսքերը ինձ եմ վերագրում, որովհետև ես եմ դաստիարակել որդիներիս: Ամեն ինչ արել եմ, որ ազնիվ ու համարձակ մարդ դառնան:

Մի օր երթուղային տաքսու մեջ հետևի նստատեղին նստած կանայք ականջիս տակ փսփսում են.

-Ուզում ենք տղայիս բանակից ազատենք, բայց ծանոթ չենք գտնում, ում դիմում ենք` հրաժարվում են: Չդիմացա, շուռ եկա-ասացի.

-Փա՛ռք Աստծո, որ հրաժարվում են: Ուրեմն` մեր երկիրը ապագա կունենա: Քո տղան ումի՞ց է առավել: Թե՝ մենք մայր չենք, սիրտ չունենք, բա որ բոլորը քեզ նման մտածեն, մեր հայրենիքն ով պաշտպանի,- ու պայուսակիցս հանեցի, ցույց տվեցի որդիներիս նկարները:

Բանակի կենսագրությունն ինձ համար չորս փուլի է բաժանվում: Սասունիս բանակը, Դավիթիս բանակը, Մհերիս բանակը ու բանակի ներկան` Վարդանիս բանակը` ուժեղ, ամուր, համերաշխ ու հպարտ: Ամենակարևորը` հպարտ: Գիտեք, այսօր ավելի վտանգավոր է բանակում ծառայելը, քան Մհերիս ժամանակ. թշնամին աշխուժացել է: Ուզածն ինչ է` չգիտեմ: Էնպես չի, որ սիրտս հանգիստ է, բայց հպարտ եմ, որ այսպիսի բանակ ունենք: Որ կարողացանք բարձրանալ` հետևում թողնելով բոլոր դժվարությունները: Ես հավատում եմ բանակին: Բանակը ոչ մի թիզ հող թշնամուն չի տալու: Բանակը` իմ տղան: Իմ տղաների բանակը:

…Մեկ ուրիշը գրեր, կասեի` էդ պաթոսը հանի, համոզիչ չէ: Բայց կինը ոտքի է կանգնել, աչքերը փայլում են, դեմքը հուզմունքից շիկնել է:

…Երբ դուռը աղմուկով փակվում է, ես հիշում եմ, որ չեմ հարցրել կնոջ անունը:  Աստիճաններով վազում եմ ներքև:

-Զինվորի՛ մայր,- կանչում եմ հեռացող կնոջ հետևից: Շրջվում է, կանգնում:

-Մոռացա հարցնել Ձեր անունը:

-Մանուշակ Վարդանյան:

Հանկարծ ես խոնարհվում ու համբուրում եմ կնոջ ձեռքը:

-Շնորհակալություն,- ասում եմ,- շնորհակալություն, բանակի՛ մայր:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016