ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ` ՀԱՂԹՈՂ
Նրանք իրենց հետ հայրենիք են բերել հավաքի գլխավոր գավաթը, մեդալներ ու «Օրվա հերոսը» կրծքանշաններ:
Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 20-ը կայացել է «Պատանի հայրենասերների» միջազգային 14-րդ հավաք-մրցույթը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Թիմը զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը:
Հավաքին մասնակցում էին 42 թիմեր` Հայաստանի Հանրապետությունից` 1, Բելառուսի Հանրապետությունից` 2, Ղազախստանի Հանրապետությունից` 4, Ղրղըզստանի Հանրապետությունից` 1, Ռուսաստանի Դաշնությունից` 33, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից` 1 (1-ին անգամ):
Մրցույթն անցկացվել է մի քանի փուլով եւ ներառել ռազմական ու մասնագիտական տարբեր բնագավառներ: Հավաքների ընթացքում անցկացվել են հետեւյալ մրցումները` «Օրվա հերոս», «Լավագույնները մարզումների ժամանակ», «Ստեղծագործական աշխատանք», «Շնորհանդեսների մրցույթ», «Ռազմականացված էստաֆետ», որը ներառում է ստուգարքներ հակահրդեհային եւ կրակային պատրաստությունից, տուրիստական, գրոհային եւ միայնակ արգելագոտիների հաղթահարումից, հրաձգությունից եւ ռազմական տեղագրությունից, ինչպես նաեւ համալիր ուժային վարժություններից:
«Օրվա հերոս» եւ «Լավագույնները մարզումների ժամանակ» անվանակարգերում վարժարանի սաները գրավել են 1-ին տեղը, իսկ Էլի Մարգարյանի ստեղծագործական աշխատանքը` «Նամակ ռազմաճակատ` պապիս» թեմայով շարադրությունն արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից հավաքին մասնակցել են ուսումնական մասի պետ, հրամանատարի ուսումնական գծով տեղակալ, խմբի ղեկավար, փոխգնդապետ Կարեն Ավագյանը, 3-րդ ուսումնական վաշտի 4-րդ դասակի հրամանատար-դաստիարակ, կապիտան Կարեն Հովհաննիսյանը, ֆիզպատրաստության պետ, ավագ լեյտենանտ Նորայր Սարգսյանը, սաներ Դավիթ Անդրեասյանը, Արսեն Մինասյանը, Էլի Մարգարյանը, Իսահակ Ասատրյանը, Արամ Խաչատրյանը, Գոռ Հարությունյանը, Ռուդիկ Սարգսյանը, Պարգեւ Հայրապետյանը, Արմեն Հովհաննիսյանը եւ Նորայր Հովհաննիսյանը:
Ի դեպ, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները երկրորդ անգամ են զբաղեցնում առաջին պատվավոր հարթակը (2013 և 2014 թ.):
Պետք է նշել, որ 2016թ.-ին հավաքն աննախադեպ էր մասնակիցների թվով՝ 700 հոգի: Նախատեսվում է հետագայում ավելացնել մասնակից թիմերի թիվը:
Շուշան Ստեփանյան