«ԱՌԱՆՑ ԿԱՆԱՆՑ ՉԿԱ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»
Ժամանակակից զինված ակտիվ գործողությունների ընթացքում զոհերի և տուժածների ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակչությունն է կազմում: Այս պարագայում կանայք սովորաբար հայտնվում են զոհի և մշտական խնամքի կարիք ունեցողի կարգավիճակում: Համակարգված և զանգվածային կոտորածները, բռնաբարությունները, ինչպես նաև ռազմական ուժերում երեխաների շահագործումը համարվում են ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ամենածանր ռազմական հանցագործությունները: Ինչ վերաբերում է հայաստանյան իրականությանը, ապա պետք է ասել, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում պարբերաբար կրել է բոլոր այս հանցագործությունների ու ոճիրների հետևանքները: Վերոնշյալ երեք հանցագործություններից յուրաքանչյուրի ազդեցությունն այնքան աղետալի է լինում, որ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու առանձին օրենքներ՝ դրանց իրականացումը կանխելու և հանցագործներին պատժելու նպատակով:
16 տարի առաջ՝ 2000թ.-ի հոկտեմբերի 31-ին, ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևը, որը կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն էր: Սրան հաջորդած բանաձևերում ամրագրվել են զինված հակամարտություններում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց դեմ բռնությունները որպես հանցագործություն դիտարկելու և այլ կարևոր սկզբունքներ:
Օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցած «Եթե չկան կանայք, չկա կայուն խաղաղություն» խորագիրը կրող եռօրյա կոնֆերանսի շրջանակներում քննարկվեց ՀՀ-ում ՄԱԿ-ի N 1325 բանաձևի կիրարկման հնարավորությունների, ընթացիկ գործողությունների պլանի, այս ոլորտում առկա խնդիրների հարցը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվորթը: Ելույթներով հանդես եկան կոնֆերանսի կազմակերպիչ երկու հասարակական կազմակերպությունների՝ «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ և «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչները, որոնք անդրադարձան սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց կարիքներին ու հոգսերին: Խոսվեց նաեւ, որ կանայք, արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց բացակայության պայմաններում և սահմանային բախումների կիզակետում լինելով, գրեթե ամբողջությամբ իրենց ուսերին են կրում պատերազմի հետևանքով առաջ եկած սոցիալ-կենցաղային բարդությունները:
Ինչպես հայտնի է, N1325 բանաձևի կարևորագույն սկզբունքը, առանց որի մյուս սկզբունքներն էլ չեն գործի, կանանց ընդգրկվածությունն է տարբեր ոլորտներում: Այս առնչությամբ պաշտպանության ոլորտում 1325 բանաձևի կիրարկման գործընթացի և աշխատանքների վերաբերյալ իր ելույթում մանրամասն տեղեկություններ հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, Մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու, փորձագետ Ալեքսանդր Ավետիսյանը: « ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում առկա է նաև N1325 բանաձևի իրականացման ձևաչափ, որը քանիցս ներառվել է նաև Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրում: Այս հարցում մեզ մեծ օժանդակություն է ցուցաբերում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, որի հետ՝ սկսած 2014 թվականից մենք ֆորմալիզացված համագործակցություն ունենք»,- նշեց նա:
Պարոն Ավետիսյանի խոսքով, աշխատանքի առաջին փուլում՝ 2014 թվականին, պաշտպանության նախարարությունն իրականացրել է բավականին մեծածավալ սոցիոլոգիական հետազոտություն: Այս ընթացքում փորձագիտական հարցումներ են անցկացվել նաև զինծառայող կանանց շրջանում՝ պարզելու, թե ինչպես են նրանք գնահատում իրենց ծառայության որակը, և թե ինչն է, ըստ նրանց, բարելավման ենթակա: Արդյունքները ցույց են տվել, որ հասարակության շրջանում, ընդհանուր առմամբ, առկա է բավականին դրական վերաբերմունք զինծառայող կանանց նկատմամբ: Եվ երբ հարցը վերաբերել էր պարտադիր զինվորական ծառայությանը, հիմնականում այլ տրամադրվածություն է նկատվել. հարցվածների զգալի մասը (հիմնականում տարիքավորներ) կարծում է, որ կանայք պարտադիր զինվորական ծառայության մեջ չպետք է ներգրավվեն: Պարոն Ավետիսյանը նաև շեշտեց, որ ի սկզբանե պարտադիր զինվորական ծառայության մեջ կանանց ներգրավումը չի դիտարկվել որպես պաշտպանական քաղաքականության մաս: Ընդգծվեց, որ դրանով հանդերձ ռազմակրթական համակարգում ընդարձակվել են կանանց մասնակցության հնարավորությունները: Ինչպես Իսրայելի դեպքում, մեզ համար եւս կանանց ներգրավումը պրոֆեսիոնալ զինծառայության մեջ առավելապես պահեստազոր ունենալու խնդիր է լուծում, քանի որ հայ կնոջ զինված մասնակցությունը մարտերին մեր պատմության ընթացքում հիմնականում երկրի համար օրհասական պահերին է եղել: Նա տեղեկացրեց պաշտպանության նախարարության կողմից իրականացվող մեկ այլ ծրագրի մասին:
Շարունակելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ այս տարի պաշտպանության նախարարությունը մշակել է պաշտպանության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման ուղեցույց:
Անդրադառնալով պաշտպանության նախարարության կողմից իրականացվող աշխատանքների տեսական մասին՝ Ա. Ավետիսյանը նշեց, որ մշակվում է նոր դասագիրք՝ «Կինը և բանակը» պայմանական անվանումով, որում մանրամասն արտացոլված կլինեն բոլոր այն ընկալումները՝ սկսած կարծրատիպերից, վերջացրած հնարավոր պայմանական «տեսություններով», որոնցում կանանց ներգրավվածությունը դիտարկվում է ոչ այնքան կարևոր կամ նպաստավոր միջոց:
Եռօրյա հանդիպման վերջին օրը վեր հանվեցին N1325 բանաձևի շուրջ նախորդ օրերի քննարկումների արդյունքում արձանագրված խնդիրները, որոնք, վերջնականապես ձևակերպվելով, այնուհետև ուղղվելու էին համապատասխան գերատեսչություններին:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Բանակ և հասարակություն