ՎՈՒՐԳԸ
Զանգեզուրի լեռնաշղթայի գեղատեսիլ անկյուններից մեկում է ծվարել հայ ազատագրական շարժման ու հոգեւոր զարթոնքի ջատագովներ Մելիք-Թանգիների նստավայրը։ Այսօր մենք մեծագույն հպարտությամբ ենք արտասանում Դավիթ Բեկի տաղանդավոր զորավարներից Տեր-Ավետիսի, 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի մասնակից հազարապետ Մելիք-Թանգիի, 1912-48 թվականներին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, բանասեր Ներսես Մելիք-Թանգյանի, աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի, Խորհրդային Միության հերոսներ Լիպարիտ Իսրայելյանի, Սամսոն Մկրտումյանի անունները։
20-րդ դարի վերջին երկու տասնամյակում երեւելիների այս փաղանգը համալրվեց նոր անուններով, որոնցից է նաեւ Վուրգ Արշակի Ոսկանյանը։
Վուրգը…
Նախախնամությամբ էր երեւի կանխորոշված, որ հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցի նախապապի շառավիղ Արշակի կրտսեր որդու ծննդյան ավետիսն ազդարարվի 1941թ. մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերականգնման օրը։ Դեռեւս ուսանողական տարիներից համակվել էր ազգային գաղափարներով ու հետագա ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց դրանց իրականացմանը։ Երկար տարիներ աշխատելով շրջկենտրոնի N 1 միջնակարգ դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ՝ ստեղծում է ռազմագիտության լավագույն կաբինետ, որից օգտվում են ողջ Զանգեզուրի ռազմագիտության ուսուցիչները։ Նա իր սաներին կրթում ու դաստիարակում էր անկախության ոգով։ Իր պրպտող ու անհանգիստ բնավորության շնորհիվ ձեռք էր բերել ճանաչված մանկավարժի համբավ, դարձել հանրապետության ողջ տարածքն ընդգրկող հայրենագիտական, տուրիստական արշավների հմուտ կազմակերպիչ։
Իր սաներին հաճախ արշավների տանելով` ծանոթացնում էր լեռնաշխարհի հինավուրց հուշարձաններին, ազգային բանահյուսությանը, իսկ գիշերային խարույկների շուրջ ժամերով պատմում էր մեր անտեսվող դատի, մահապարտ հայդուկների, համազգային նպատակների մասին, որոնց իրագործմանն էր նվիրվելու իր գիտակցական ողջ կյանքում։ Այդպես նա կերտում էր ազգային ազատագրական պայքարի ապագա սերմնացաններին, որոնք չէին կարող չիմանալ, որ Ծիծեռնակաբերդի հուշարձան-կոթողի բացումից հետո, Վուրգի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ, իր հայրենի Բռնակոթում` մի բլրի լանջին, կառուցվեց Եղեռնի 2-րդ հուշարձանը։ Տեղական իշխանությունները փորձել էին քանդել այն, սակայն Վուրգը համախոհների հետ միասին բողոքի ալիք էր բարձրացրել։
1988թ. սկսած մինչեւ իր հերոսական նահատակությունը` ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում էր։ Միտինգների հրապարակներից մարդիկ հեռանում էին իրենց հետ տանելով հռետորական փայլուն ձիրքով եւ հուժկու ձայնով օժտված Վուրգի համարձակ ու համոզիչ մտքերը։ Առաջիններից մեկն էր, որ Սիսիանում կազմակերպեց «Ղարաբաղ» կոմիտեն։ 1989թ. Վուրգի մտահղացմամբ եւ «Ղարաբաղ» կոմիտեի տղաների ուժերով, քարտաշ-վարպետների ջանքերով Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու հարեւանությամբ ապրիլի 24-ին վեր է խոյանում ցեղասպանության 74-րդ տարեդարձը խորհրդանշող մի նոր հուշարձան։
Նա իր տարերքի մեջ էր. անսահման նվիրված լինելով հայրենիքի ազատության եւ անկախության գաղափարին՝ զենք վերցրեց եւ իր նախկին սաներից ու մերձավոր ընկերներ-համախոհներից ձեւավորեց երկրապահ կամավորների ջոկատ։ Չորս տարի շարունակ կռվեց Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։ Նա իր կյանքով իսկ լեգենդ էր արդեն կենդանության ժամանակ։ Խրոխտ ու արժանավոր հրամանատարին սիրում ու հարգում էին բոլոր զինվոր-մարտիկները, որոնցից շատերն իր նախկին աշակերտներն էին, որոնց համար Վուրգ Ոսկանյանը դարձել էր հուսալի եւ անփոխարինելի ընկեր, ամենակարող մարդ ու հրամանատար, որի կողքին լինելը արժանապատվության ու սխրանքի, հայրենանվեր տքնանքի դաս էր…
1989թ. օգոստոսի 28-ին ադրբեջանցիները Նախիջեւանի տարածքից առաջացել էին։ Վուրգն իր ջոկատով ուժեղ հակահարված է հասցնում ու հետ շպրտում նրանց։ 1990թ. հուլիսի 12-ին Մինքենդի սահմանագծում ադրբեջանցիները դարձյալ խախտել էին սահմանը. երկու ժամ տեւած փոխհրաձգությունից հետո հանկարծ օդում հայտնվում է 7 ուղղաթիռ։ Սպառազինված ռուս զինվորները շրջապետելով՝ պահանջում են զինաթափվել ու հանձնվել։ Կամավորականները, շրջան կազմելով ու նռնակները պատրաստ պահած, սկսում են բարձրաձայն երգել։ Տղերքի համարձակությունից շփոթված՝ ռուս սպան փոխում է վճիռը՝ զենքերը հանձնելու պայմանով։ Վուրգի հրամանով մեծ քանակությամբ զենք հաջողվում է թաքցնել, իսկ որոշ մասը հարկադրված հանձնում են։ Վուրգի պրպտող միտքը մի նոր փայլատակում է տալիս։ Նա ձեռնամուխ է լինում ֆուգասային տիպի ականների պատրաստմանը, որոնք ծննդյան 50-ամյակի առթիվ անվանում է Վ-50։ Փորձարկումներով հիմնավորվում է դրանց հզորությունն ու արդյունավետությունը։ Ժամանակի խորացող եւ համընդգրկուն ռազմական բախումների տրամաբանությունը պահանջ է դնում ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքի կատարելագործման եւ պաշտպանական համակարգի է՛լ ավելի ամրապնդման։
1992թ. օգոստոսին Սիսիանում գործող երկրապահ կամավորականների ջոկատի հիմքի վրա ստեղծվում է պայմանագրային մոտոհրաձգային գումարտակը՝ իր վաշտերով, որոնցից մեկի հրամանատարությունը վստահվում է Վուրգ Ոսկանյանին։
Նա իր ռազմավարական՝ մարտից մարտ կատարելագործվող հմտություններն ու կարողությունները ոչ միայն սովորեցնում էր ընկերներին, այլեւ հստակորեն գործադրում էր մարտադաշտում։ Նա համատեղեց զենքի ուժն ու մտքի թռիչքը Լաչինի մարդասիրական միջանցքի՝ «Կյանքի ճանապարհի», պաշտպանության՝ հոկտեմբերի 20-ին սկսված ազատագրական մարտերում, երբ նրա վաշտի հարվածներից հակառակորդը տվեց 400-ից ավելի զոհ։ Դեկտեմբերի 10-ին սկսված Կապան-Զանգելան օպերացիայի ժամանակ ընդամենը մեկ օրվա ընթացքում անօրինակ սխրանքներով ոչնչացվում են ադրբեջանական գյուղերում տեղակայված հենակետերը։ Ու ծնունդ են առնում նորօրյա լեգենդները։
Հայաստան երկրի անկախության ու ազատության կորյունները կարո՞ղ էին պատկերացնել, որ Լաչինի Կորչու (Վակունիս) գյուղի մարտական հենակետում 1993թ. մարտի 31-ը պայթելու է ինչպես ամպրոպը անամպ երկնքում։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ օրը 52-ամյա հրամանատարի ջոկատի ոգին տալու է իր վերջին մարտը։ Վերջին հրահանգներն ու վերջին հրամանը։ Վերջինը, որի ընթացքում ակնհայտ է դառնալու երեսունմեկ քաջերի շրջապատման մեջ մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարելու վճռականությունը։ Ընկնում էին զինակիցները, զոհվում, վիրավոր հրամանատարն ինքն էլ արյունաքամ էր լինում, բայց էլի կարգադրում է, որ իրեն այնպես պառկեցնեն, որ շարունակի մարտը ղեկավարել…
Օգնության եկած զինակիցները ականատես են լինում սահմռկեցուցիչ տեսարանի. արյունարբու ոսոխը պղծել էր դիակները, դաժան խոշտանգումների ենթարկել զոհվածների մարմինները, կոտրել Վուրգի թեւերն ու ոտքերը…
Անհավասար մարտերում մարտիրոսվել էին ազգային-ազատագրական պայքարում թրծված 11 զինակիցներ. Վուրգ Ոսկանյանը, Գեւորգ Ավետիսյանը, Լավրենտ Նազարյանը, Վահան Սիմոնյանը, Հրայր Եղիազարյանը, Զոհրակ Գեւորգյանը, Ալբերտ Ազարյանը, Վալերիկ Ավետիսյանը, Վարդան Բաբայանը, Մելսիկ Աթանեսյանը, Վոլոդյա Կարապետյանը։
Նրանք հերոսացան՝ նավարկելով դեպի անափ ու անվախճան հավերժություն։ Դարձան ոգեշնչման աղբյուր, հուշ եւ հուշարձան, տաղ եւ հուշամատյան։
Հերոսի սխրանքը հետմահու գնահատվեց 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ 1995թ. մայիսի 8-ին Լաչինի ազատագրված գյուղերից մեկը անվանակոչվեց Վուրգավան։ Իսկ երախտապարտ հայրենակիցները նրա անունով կոչեցին քաղաքի N 4, ինչպես նաեւ 2001թ. հիմնադրված Լաչինի շրջանի Վակունիս գյուղի դպրոցները։ Մարտական փառքի խորհրդանիշ է դարձել նաեւ նահատակության վայրում կանգնեցված տասնմեկ քաջերին նվիրված խաչքար-հուշարձանը։
Վուրգն իր ողջ կյանքով բոցավառվեց ազատ, անկախ, միացյալ հայրենիքի հավերժող գաղափարով եւ դարձավ գալիք սերունդների վերելքի ճամփան լուսավորող անմար կրակ, իր իսկ ազատագրած հայրենիքի «մշտարթուն ժամապահը»։ Լեգենդ, որ այսօր 70 տարեկան կլիներ…
ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում