Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ



ՄՈՒՐԱԴՅԱՆ ՋԱՄԲՈՒԼԱԴ ԱԼԲԵՐՏԻ

Ծնվել է 1959թ.սեպտեմբերի 14-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում: 1977թ. ավարտել է քաղաքի թիվ 12 դպրոցը: 1978թ. զորակոչվել է խորհրդային բանակ: 1981թ. ընդունվել է Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի ուսումնարան, ավարտել է 1984թ.: 1988թ. սումգայիթյան հայտնի դեպքերից հետո Ջամբուլադն ընտանիքով տեղափոխվում է Երեւան եւ աշխատանքի անցնում «Էրեբունի» օդանավակայանում` որպես «Մի-8» ուղղաթիռի երկրորդ օդաչու: 1992թ. նշանակվում է «Մի-8» ուղղաթիռի հրամանատար: Զոհվել է 1993թ. ապրիլի 17-ին` մարտական գործողության ժամանակ, Շահումյանի Գյուլիստան գյուղի մոտակայքում: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Ջամբուլադի աճյունը հանգչում է Եռաբլուրում:
Արցախյան ազատամարտ: Հազարները զենք վերցրին` իրենց խաղաղ կյանքը դարձնելով պայքար: Ջամբոն (այդպես էին անվանում ընկերները նրան) փոխվեց, դարձավ ավելի խիզախ, պատերազմը նրա մեջ բացահայտեց նոր որակ, նոր հատկություններ: Նա ոչ միայն խիզախ օդաչու էր, այլեւ փայլուն նշանառու: Երկինքը Ջամբուլադի տարերքն էր: Երկնքում իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում: Նրա համար լավ ու վատ եղանակ գոյություն չուներ: Եթե թռիչքը անհրաժեշտ էր, ուրեմն պետք է թռչեր առանց երկմտելու` հույսը դրած Աստծո վրա: Ջամբուլադը` որպես «Մի-8» ուղղաթիռի հրամանատար, ինքնուրույն սկսեց թռչել 1992թ.-ից: Ինքնուրույն թռչելու առաջին իսկ օրվանից ուներ իր մշտական երկրորդ օդաչուն` Արամ Գրիգորյանը, եւ բորտմեխանիկը` Իոսիֆ Միքայելյանը: Նրանք երեքն էլ փոքրամարմին էին, բնավորությամբ նման էին իրար` ազնիվ, պարտաճանաչ, իրենց գործին անմնացորդ նվիրված: Ջամբոյի համարձակությունը սահման չուներ: Նա մեծ համարձակության դիմելու եւս մի հզոր պատճառ ուներ. ապրելով Ադրբեջանի տարածքում` շատ անարդարություններ եւ դաժանություններ էր տեսել հայ ազգաբնակչության հանդեպ, իսկ իր ծննդավայր Սումգայիթում` ադրբեջանցիների կողմից կատարած վայրագությունները, որոնք տակնուվրա էին արել նրա ջինջ հոգին եւ ատելությամբ լցրել դեպի թշնամին: Երեւի թե դա էլ մեկն էր այն հիմնական պատճառներից, որ առանց վարանելու մինչեւ 1993թ. ապրիլի 17-ը մասնակցեց բոլոր մարտական գործողություններին` կատարելով այնպիսի թռիչքներ, որոնք միայն իրեն էին հատուկ` «ջամբոյական թռիչքներ»: 1993թ. ապրիլի 17-ին Շահեն Մեղրյանի խնդրանքով երկու ուղղաթիռ պետք է մեկներ Շահումյան` պարտիզաններին զինամթերք ու սնունդ հասցնելու: Առաջադրանքը հանձնարարվեց Ռաֆիկ Մեհրաբյանի եւ Ջամբուլադ Մուրադյանի անձնակազմերին: Մուրադյանի անձնակազմը, մարտական առաջադրանքը կատարելուց հետո, իրենց հետ վերցնելով պարտիզանական ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանին եւ ութ ազատամարտիկների, ուղղություն վերցրին դեպի Հայաստան: Դարան մտած ոսոխը, որ սպասում էր ուղղաթիռների վերադարձին, սկսեց հրթիռակոծել ուղղաթիռները. երկու հրթիռ խոցեցին Ջամբուլադի ուղղաթիռը` վերածելով այն բոցավառված խարույկի: Զոհվեցին բոլորը: Նրանց զոհվելուց հետո կարծես երկինքն էլ էր լաց լինում: 40 օր անընդմեջ մառախլապատ, անձրեւոտ եղանակ էր: Միայն 41-րդ օրը պարզվեց երկինքը:

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄ ՕԳՍԵՆԻ

Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 7-ին Մասիսի Ղուկասավան գյուղում: 1975թ. ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոցը եւ այն ավարտել ոսկե մեդալով: Դեռ դպրոցական տարիներին երազել է դառնալ օդաչու: 1985թ. ընդունվել է Կրեմնչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը, առաջին կուրսը ավարտելուց հետո մեկնել է խորհրդային բանակ եւ երկու տարի ծառայել բանակում,օրինակելի ծառայության համար պարգեւատրվել է «Գերազանց ծառայության» մեդալով: 1989թ. ավարտել է ուսումնարանը, ստացել ուղղաթիռի օդաչուի մասնագիտություն, գործուղվել է Իրկուտսկի մարզի Նիժնի Ուդինսկի ավիաջոկատ` որպես ուղղաթիռի երկրորդ օդաչու: 1992թ. վերադառնում է Հայաստան եւ կամավորագրվում Արցախյան ազատագրական շարժմանը: Աշխատել է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում` որպես «Մի-8» ուղղաթիռի երկրորդ օդաչու: Լեռնային Ղարաբաղ է թռել տարբեր անձնակազմերի հետ եւ ճակատագրի բերումով գտել իրեն ավելի հոգեհարազատ անձնակազմ` հրամանատար Ջամբուլադ Մուրադյան եւ բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյան: Նրանք դարձել են մի հոգի, մի շունչ եւ մի բռունցք: Նա գիշեր ու ցերեկ իր ընկերների հետ թռչում էր շրջափակված Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններն ու գյուղերը, սնունդ, հումանիտար օգնություն, զենք, զինամթերք հասցնում արցախահայությանը եւ կռվի ելած հայոց քաջ ազատամարտիկներին: Այնտեղից դուրս էին բերում հազարավոր փախստականների եւ վիրավոր ու զոհված ազատամարտիկների: Արամը իր երկու ընկերների հետ ռազմական ուղղաթիռով ոչնչացրել են հակառակորդի կրակակետերը` մեծ վնաս հասցնելով նրանց, միշտ վտանգելով իրենց կյանքը` մարտական գործողություններ կատարել թշնամու թիկունքում: Այս անձնակազմը իր համարձակ թռիչքներով, կարգապահությամբ, խիզախությամբ աչքի էր ընկել եւ համարվում էր հատուկ հանձնարարություններ կատարող անձնակազմերից մեկը:

Շարունակելի

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Ճակատագրեր


08/06/2011