Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԵՎ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ



Հայկական բանակի ստեղծման եւ հզորացման կարեւորագույն փաստաթղթերի թվում առանձնահատուկ տեղ է գրավում 1991թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին» օրենքը, որի 2-րդ հոդվածում նշված նախարարությունների թվում իր արժանի տեղը գտավ նաեւ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ նախագահի 1991թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրով Վազգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ Կառավարությանը կից պաշտպանության կոմիտեն շարունակում էր աշխատանքները մինչեւ 1992թ. հունվարի 28-ը, իսկ լուծարումից հետո նրա անդամների շուրջ 80%-ը շարունակեց զինծառայությունը ՀՀ ԶՈՒ համակարգերում (ՊՆ, ՆԳՆ եւ ԱԱՆ), իրենց կազմակերպական եւ մասնագիտական ներդրումն ունեցան բանակի կայացման գործընթացում։ Նրանց թվում էին Լ. Մարտիրոսովը, Ա. Տատինցյանը, Գ. Պետրոսյանը, Վ. Մկրտչյանը, Ռ. Բախշյանը, Ա. Բալբաբյանը, Ռ. Առաքելյանը, Ֆ. Գզողյանը, Ա. Միքայելյանը, Տ. Վարդանյանը եւ շատ ուրիշներ։
1992թ. մայիս-հունիս-հուլիս ամիսներին առաջին անգամ անցկացվեց 1973-1974թթ. ծնված երիտասարդների զորակոչը հայկական բանակ, իսկ մինչ այդ, ներքաղաքական պայմաններից ելնելով, 1990-1991թթ. զորակոչ չէր կատարվել խորհրդային զորքեր, ուստի կրկնակի թվով զինակոչիկներ էին հաշվառված, իսկ հայկական զորամասերը դեռ կազմավորված չէին, սոցիալ-կենցաղային պայմանները չէին բավարարում: Զինակոչիկների հարազատները երբեմն դժգոհում էին զորակոչի կազմակերպիչներից։ Օրենքով ժամկետային զինծառայությունը սահմանված էր մեկուկես տարի։
Օրվա հրամայականն էր ամրապնդել պաշտպանական դիրքերը։ Զորակոչից անմիջապես հետո անցկացվեցին եռամսյա հավաքներ։ Երկու շաբաթվա ուսումնական պարապմունքներից հետո հավաքագրվածները ուղարկվում էին զորամասեր, ապա եւ՝ դիրքեր, ըստ մասնագիտությունների։ Պարապմունքները անցկացվեցին երկու փուլով, քանի որ զինակոչիկները շատ էին, իսկ ուսուցման հնարավորությունները՝ ուսումնանյութական բազան, դասախոսական կազմը սակավաթիվ։
Հայկական բանակի ստեղծման կարեւորագույն խնդիրներից էր ԽՍՀՄ 7-րդ գվարդիական բանակի եւ Անդրկովկասյան զինօկրուգի տասնյակ զորամասերի, ստորաբաժանումների, հիմնարկ-ձեռնարկությունների ընդունումը։ Այդ լարված պայմաններում Կենտրոնի պահանջով ու մտացածին պատճառաբանությամբ փորձեր էին արվում Հայաստանից դուրս բերելու ռազմական տեխնիկան, սպառազինությունը եւ այլ սարքավորումներ։ Օրինակ` Ապարանի տարածքից հետ է բերվել մի ամբողջ ավտոշարասյուն, որն իբր թե Թբիլիսի էր տարվում` վերանորոգման։ Ընդունման հանձնաժողովներն աշխատում էին օր ու գիշեր, լարված, վտանգավոր պայմաններում, որպեսզի կանխվի գողությունը, եւ նորանշանակ ու հիմնականում անփորձ հրամանատարներին, պետերին հնարավորություն տրվի ապահովելու իրենց վստահված զորամասերի, ստորաբաժանումների, օբյեկտների պահպանությունն ու կենսագործունեությունը։
Կարեւորագույն խնդիր էր ՀՀ հարավային եւ հյուսիսային սահմանամերձ շրջաններում նոր զորամասերի կազմավորումը՝ նրանց համար համեմատաբար հարմար շենքերի, շինությունների, տարածքների ընտրությունը, կառավարության որոշումներով դրանք պաշտպանության նախարարության հաշվեկշռին փոխանցելը։ Ոչ բոլոր ղեկավարներն էին դրան վերաբերվում ըմբռնումով. առաջարկում էին ՊՆ-ին տրամադրել քաղաքներից հեռու դպրոցները, պիոներական ճամբարները, հանգստյան վայրերը` չհասկանալով, որ հայկական բանակի սպայի ընտանիքը նույնպես պետք է ապահովված լինի աշխատանքով եւ կտրված չլինի այլ ենթակառուցվածքներից։ Կար նաեւ հրետակոծություններից վախի գործոնը. մարդիկ հասկանում էին, որ թշնամին հարվածում է նախեւառաջ զորամասերին, ռազմակայաններին։ Այս բոլոր խնդիրները լուծելու գործում մեծ է գեներալ-մայոր Արթուր Հարությունյանի ավանդը:
Հայկական զորամասերի ստեղծման գործում մեծ նշանակություն ուներ նոր հաստիքների ներդրումը: Այդ գործում մեծ դերակատարում է ունեցել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Առաջին բրիգադը ստեղծվեց հինգ գումարտակների հիման վրա. Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Մասիսի եւ Էջմիածնի, վերջինիս հրամանատարը՝ Մանվել Գրիգորյանը, նշանակվեց կամավորական բրիգադի հրամանատար։ Կամավորական բրիգադի շտաբը եւ ծառայությունները զբաղեցրին Շահումյանի շրջանի ԴՕՍԱԱՖ-ի շենքը եւ տարածքները: Գույքագրվեց գումարտակների ունեցվածքը, տեխնիկան, սպառազինությունը։ Սպայական կադրերի ընտրության եւ նշանակման դժվարություններն աստիճանաբար հաղթահարվեցին։
Կատարելով ՀՀ կառավարության 28.02.1992թ. թիվ 62 որոշման պահանջները՝ առաջինը հայկական բանակի կազմի մեջ մտան քաղպաշտպանության գունդը, ՆԳՆ հատուկ գունդը եւ հինգ հատուկ վաշտերը, ԴՈՍԱԱՖ-ի կազմակերպությունները, բուհերի ռազմական ամբիոնները, Պաշտկոմի ունեցվածքը, նոր կազմավորվող եւ 7-րդ գվարդիական բանակից ընդունված զորամասերն ու ստորաբաժանումները։

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Պատմության էջերից


08/06/2011