Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԴԱԼՆԵՐ` «ԶՈՐԱԿԱՆԻՆ»



Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2011թ. ապրիլի 28-ից մայիսի 2-ը Զելենոգրադ քաղաքում կայացած «Վիվատ, պոբեդա» զինվորական երգի միջազգային մրցույթ-փառատոնից ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը վերադարձավ գլխավոր մրցանակով։
-«Վիվատ, պոբեդա» փառատոնին «Զորական» համույթը մասնակցել է 8 անգամ եւ ամեն անգամ էլ մրցանակներ է բերել։ Բայց այս տարվա մրցույթում, որին մասնակցում էին 24 համույթներ, 36 մենակատարներ եւ 18 հեղինակ կատարողներ, մեր տղաները նվաճեցին գլխավոր մրցանակը՝ «Գրան պրին»,- հպարտորեն նշում է Սպայի տան պետ գնդապետ Գուրգեն Խաչատրյանը։
Հաղթանակով վերադարձած «Զորականին» Հայաստանում եւս հաճելի անակնկալ էր սպասում. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Զորական» համույթի հինգ մենակատարներին՝ շարքայիններ Մարտին Ադամյանին, Արման Լազարյանին, Կարո Խաչատրյանին, Վիլեն Հովսեփյանին, Արթուր Կարապետյանին պարգեւատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով՝ միջազգային ասպարեզում ունեցած փայլուն հաջողության համար։ Նախարարը ջերմորեն շնորհավորեց տղաներին, կարեւորեց ռազմահայրենասիրական երգի դերը հայ զինվորի մարտական ոգին բարձր պահելու գործում։ Տղաներին շնորհավորեցին նաեւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը։

«Վիվատ, պոբեդա» փառատոնի կրկնակի դափնեկիր ՎԻԼԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ Երեւանից է։ Ավարտել է պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը։ Մասնակցել է բազմաթիվ համերգների, այդ թվում՝ բարեգործական։
-Թեեւ երկրորդ անգամ էի մասնակցում «Վիվատ, պոբեդա» փառատոնին, այնուամենայնիվ, էլի մի փոքր հուզված էի։ Հուզմունք, հպարտություն միախառնվել էին։ Մենք Հայաստանն էինք ներկայացնում, հայոց բանակը։ Երգում էինք՝ աշխարհում ամեն ինչի մասին մոռացած եւ հավատում էինք՝ մենք հաղթելու ենք։ Հայ զինվորը ոչ միայն զենքով է հաղթում, այլ նաեւ երգով։ Ուրախ եմ եւ իրապես հպարտ, որ անձամբ իմ նախարարից մեդալ ստացա։ Երբ բոլորս խմբվեցինք նկարվելու համար, նախարարը կատակով ասաց. «Ո՞ւր է կրկնակի դափնեկիրը, թող գա կողքիս կանգնի»։
Ծառայությանս ավարտին մի քանի օր է մնացել։ Մասնագիտական կարողություններս բանակային ծառայության այս երկու տարիների ընթացքում առաջընթաց են ապրել, փորձս է շատացել։ Այս երկու տարիները սիրով եմ հիշելու։ Լավ ընկերներ եմ ձեռք բերել, բոլորին էլ մեծ հաջողություն եմ ցանկանում։
ԿԱՐՈ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Կոտայքի մարզի Արգել գյուղից է։ Ավարտել է պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը։ Հանրապետական բազմաթիվ մրցույթների մրցանակակիր է։ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչ է Կարոն, դերերգերը բազմազան են` Սարո՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում, Սայաթ-Նովա՝ Ա. Հարությունյանի համանուն օպերայում, Մոցարտի «Դոն Ժուան»…
-Մեծ պատասխանատվությամբ մասնակցեցի փառատոնին։ Լուրջ մրցույթ էր, մենք էլ լրջորեն նախապատրաստվել էինք։ Հպարտության վեհ զգացում ապրեցի, երբ օտար հողում Հայաստան անունը հնչեց։ Ինձ համար անսպասելի էր «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգեւատրվելը։ Անչափ տպավորված եմ։ Հպարտ եմ եւ շնորհակալ, որ մեր նախարարը գնահատում, ուրախանում է մեր հաջողություններով։ Նման վերաբերմունքը մեզ է՛լ ավելի է պարտավորեցնում։ Շուտով կավարտեմ ծառայությունս բանակում, բայց, ըստ իս, ծառայությունը հայրենիքին այս երկու տարով չի սահմանափակվում. ամեն ոք իր լուման պետք է բերի հայրենիքին՝ իր գործի իսկական գիտակը լինելով։
ՄԱՐՏԻՆ ԱԴԱՄՅԱՆԸ Երեւանից է։ Դեռ մանկուց երգել է ՀՀ ՊՆ Սպայի տանը գործող երգի ստուդիայում։ Երգ-երաժշտության հանդեպ մեծ սերը ժառանգել է երաժիշտ հայրիկից։ Սովորել է կոնսերվատորիայի վոկալի դասական բաժնում։
-Փառատոնին մասնակցեցինք մարտական տրամադրությամբ, մարտական ոգով՝ հաղթելու ենք։ Մի քիչ լարված էի, մի քիչ հուզված։ Դահլիճում օտար, անծանոթ մարդիկ էին, տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Մեր տղաների «Ой, туман» երգը, թող բարձրագոչ չհնչի, բայց այնքան կատարյալ, գեղեցիկ եւ հզոր հնչեց, որ շահեց ողջ դահլիճի համակրանքը, իսկ դահլիճում նստած օտար ու անծանոթ մարդիկ մեզ արդեն հարազատի ջերմությամբ էին ծափահարում։ Արվեստի հզորությունը հատկապես այդ պահին զգացի։ Ելույթից հետո փառատոնի գլխավոր ռեժիսոր Ռ.Գրիգորեւնան մոտեցել էր մեր համույթի գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյանին եւ անընդհատ կրկնում էր. «Золотые армяни, золотые голоса»։ Թեւ առած, ոգեւորված եկանք Հայաստան եւ այստեղ է՛լ ավելի թեւ առանք, է՛լ ավելի ոգեւորվեցինք՝ մեր նախարարը մեզ պարգեւատրեց «Վազգեն Սարգսյան» մեդալով։ Ինձ համար սա մեծ, չափազանց մեծ եւ կարեւոր գնահատանք է եւ նույնքան էլ պարտավորեցնող։ Ապագայի հետ կապված բազում ծրագրեր ունեմ, բայց ամեն ինչ` Աստծո կամեցողությամբ։
ԱՐՄԱՆ ԼԱԶԱՐՅԱՆԸ ծնվել է Երեւանում։ Գերազանցության դիպլոմով ավարտել է վոկալ-երգչախմբային դպրոցը։ Սովորել է պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում։ 2009թ. ՈՒՀԱ, երգի-պարի համաբանակային մրցույթում երգի ասպարեզում գրավել է առաջին տեղը։
-Առաջին անգամ էի մասնակցում միջազգային մրցույթի։ Բոլոր երգերն էլ անսահման գեղեցիկ էին, հուզական եւ ուղեկցվում էին ուժգին ծափերով։ Անգամ ժյուրին, որ ըստ ընդունված կարգի, պետք է հնարավորինս զուսպ լինի, մոռացել էր գրված ու չգրված բոլոր օրենքները եւ ոգեւորված ծափահարում էր։ Ես Ա. Բաբաջանյանի «Воспоминания» երգը երգեցի։ Ինձ համար չափազանց հաճելի էր, որ օտար հանդիսատեսը եւս մեկ անգամ մեծարեց, ջերմ խոսքեր ասաց հայ մեծանուն կոմպոզիտորի հասցեին։ Ուրախ տրամադրությամբ վերադարձանք հայրենիք, եւ մեր ուրախությունը կրկնապատկվեց։ Չեմ թաքցնում՝ հաճելի է, երբ քեզ գնահատում են, հաճել է, երբ քո նախարարն անձամբ քեզ շնորհավորում է եւ մեդալ հանձնում։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ հայկական ընտանիքում եմ մեծացել, հայեցի դաստիարակություն ստացել։ Հպարտ եմ, որ իմ մասնագիտությամբ եմ ծառայում հայոց բանակում։ Ծառայությունից հետո որոշել եմ կրթությունս շարունակել Լոնդոնի թագավորական ակադեմիայում։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղից է։ Ավարտել է պետական կոնսերվատորիան։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ 2007թ. «Հայաստանն իմ հայրենիքն է» համահայկական երկրորդ փառատոնին գրավել է 1-ին տեղը։
-Ես էլ էի առաջին անգամ մասնակցում միջազգային փառատոնի։ Անչափ տպավորված եմ։ Ներքին մի համոզմունք ունեի, չէ՛, վստահ էի, որ հաղթելու ենք. չափազանց շատ էինք պարապել։ Դեռ մրցույթը չէր ավարտվել, բայց շատերը մոտենում էին մեզ եւ շնորհավորում։ Արժանապատիվ հպարտությամբ ընդունեցի մեդալը` գիտակցելով, որ շարքային լինես, թե բարձրաստիճան սպա, կարեւոր չէ, կարեւորը քո չափով, քո հնարավորության սահմաններում երկրիդ պիտանի լինելն է։ Հպարտ եմ, որ մենք բարձր պահեցինք հայ զինվորի անունը։ Իմ կարծիքով՝ երգն էլ զենքին հավասար ուժ ունի։ Հզոր, հաղթական երգը միշտ էլ ոգեւորել է մարտիկներին, տարել հաղթական կռվի… Ծառայությանս դեռ մեկ տարի կա։ Հպարտ եմ, որ հայոց ազգային բանակում եմ ծառայում, հպարտ եմ, որ «Զորական» համույթում եմ երգում։
♦♦♦
ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը բազմիցս է հանդես եկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տարբեր զորամասերում՝ զինվորներին տոգորելով հայրենասիրական զգացումով, մարտական բարձր ոգով։ Համույթը համալրվում է ժամկետային զինծառայողներով։ Ու թեեւ երկու տարին մեկ փոխվում են զինվորները, բայց «Զորականի» հաջողություններն անփոփոխ են։ Բազմաթիվ շնորհակալագրերը, պատվոգրերը եւ մեդալները ասվածի վկայությունն են։ «Զորականի» հաղթանակների մասին խոսելիս պետք է հատուկ շեշտել համույթի գեղարվեստական ղեկավար մայոր ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ անունը. անդուլ տքնանք, ինքնամոռաց նվիրում եւ անսահման սեր իր գործի նկատմամբ։
-Հպարտ եմ տղաների հաջողությամբ։ Նրանց հետ ապրել եմ նույն զգացողությունները, ցնծացել հաղթանակի բերկրանքով։ Այն ջերմ խոսքերը, այն շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, որ ուղղում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տղաներին, հավասարապես իմն եմ համարում։ Ամենամեծ գնահատանքն այն է, երբ արժանիորեն գովում եւ խրախուսում են քո սաներին։ Ուզում եմ իմ եւ «Զորականի» տղաների անունից առանձնակի շնորհակալություն հայտնել պաշտպանության նախարարությանը` հանձին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի։ Շնորհակալ ենք, որ հնարավորություն է տրվում սովորական շարքային զինվորին ոչ միայն ըստ մասնագիտության ծառայելու, այլեւ միջազգային մրցույթների մասնակցելու։
«Զորականում» հրաշալի երգիչներ են երգել։ Նրանցից շատերն այսօր աշխարհի տարբեր բեմերում են, եւ վստահորեն կարող եմ ասել, որ բարձր են պահում Հայաստանի պատիվը, հայոց բանակի պատիվը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Լուս.՝ Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
մայոր

Հ. Գ. – «Հայ զինվորի» խմբագրակազմը սրտանց շնորհավորում է «Զորականին» ե՛ւ հաղթանակի, ե՛ւ մեդալների համար` մաղթելով նորանոր հաղթանակներ: Միա՛յն հաղթանակներ:

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Ազգային բանակ


08/06/2011