ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԹԵԺ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ. ԼԱՎ ԼՈՒՐ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Այժմ, երբ Միացյալ Նահանգների երկու հիմնական կուսակցություններն սկսել են նախնական ընտրություններ անցկացնել՝ այս տարի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ներկայացուցիչներին որոշելու համար, ամերիկահայերը փորձում են կողմնորոշվել, թե ութ թեկնածուներից որին քվե տան:
Ես կցանկանայի առաջարկել, որ հայերն այսուհետ ձեռնպահ մնան նախագահի թեկնածուներին հարցնելուց՝ արդյոք ընտրվելու դեպքում նրանք կճանաչե՞ն Հայոց ցեղասպանությունը: Գոյություն ունի երկու խնդիր՝ կապված նման հարցադրման հետ.
- Հայերը նախորդ հիասթափեցնող փորձերից պետք է իմանան, որ չեն կարող վստահել թեկնածուներից շատերի տված խոստումներին:
- Կարիք չկա նման խոստում կորզել, քանի որ Հայոց ցեղասպանությունը բազմիցս ճանաչվել է ԱՄՆ-ի կառավարության տարբեր ճյուղերի կողմից երկար տարիներ առաջ՝
ա) 1951 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել Միջազգային դատարան.
բ) Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին բանաձևեր է ընդունել,
գ) 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագիրը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը:
Ավելին, ցեղասպանության ճանաչման շարունակական հետապնդումը, երբ այն արդեն ճանաչված է, կարող է պարզապես կասկածի տակ դնել դրա հավաստիությունը:
Փոխարենը ամերիկահայերը պետք է հետաքրքրվեն նախագահի թեկնածուների դիրքորոշումների մասին ավելի անմիջական հարցերով, ինչպիսիք են՝
1) Ավելի շատ արտաքին օգնության հատկացում Հայաստանին և Արցախին,
2) ԱՄՆ-ի առևտրի խթանում Հայաստանի հետ,
3) Ճնշումներ Թուրքիայի վրա՝ Հայաստանի շրջափակումը վերացնելու համար,
4) Պահանջել, որ Թուրքիան վերադարձնի առգրավված հայկական եկեղեցիները Պոլսո Հայոց պատրիարքարանին,
5) Դատապարտել Ադրբեջանին՝ նրա բազմաթիվ սպառնալիքների և Հայաստանի ու Արցախի վրա հարձակումների համար.
6) Աջակցություն Արցախի անկախությանը:
Ընտրվելուց հետո նախագահը կցանկանա բավարարել այս պահանջներից մի քանիսը՝ պահպանելու համար հայ համայնքի աջակցությունն իր հետագա վերընտրության քարոզարշավի ընթացքում:
Ստորև ներկայացվում են նախագահի հանրապետական եւ դեմոկրատ հիմնական թեկնածուների դիրքորոշումները հայերին հուզող հարցերի վերաբերյալ:
Սենատոր Թեդ Քրուզ (Տեխաս)
-2014 թ. ստացել է միջակ վարկանիշ (C) Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից.
– 2015 թ. հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ և համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Գործարար Դոնալդ Թրամփ (Նյու Յորք). հայանպաստ հարցերի վերաբերյալ հայտարարություններ չի արել:
Ստորև ներկայացվում են նախագահի երկու դեմոկրատ թեկնածուների դիրքորոշումները:
Պետքարտուղար Հիլարի Քլինթոն (Նյու Յորք)
– Որպես սենատոր ստորագրել է նախագահ Բուշին ուղղված նամակ՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը 2005 և 2006 թվականներին.
– Համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը 2006 և 2007 թվականներին.
– 2008 թ.՝ որպես նախագահի թեկնածու, խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը.
– Ավելի ուշ՝ 2008 թ. Նյու Յորքում ելույթ է ունեցել թուրքական մշակութային կենտրոնի հանդիսավոր ճաշկերույթում՝ այն ժամանակվա վարչապետ Էրդողանի ներկայությամբ.
– 2010 թ. պաշտոնական այցով Երևանում եղած ժամանակ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն անվանեց «մասնավոր» քայլ, թեեւ ժապավենի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնից».
– 2012 թ.՝ որպես ԱՄՆ պետքարտուղար, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը իբրեւ «պատմական բանավեճի նյութ»՝ հակասելով ավելի վաղ արտահայտած իր հստակ դիրքորոշմանը:
Սենատոր Բեռնի Սանդերս (Վերմոնտ)
-2012 և 2014 թվականներին ստացել է համապատասխանաբար A+ և C վարկանիշներ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից.
– 1991-2007 թթ. Ներկայացուցիչների պալատում իր պաշտոնավարման ընթացքում աջակցել է հայերին, ներառյալ ցեղասպանության մասին 1996, 1997 և 2000 թվականների բանաձևերը.
– 2002, 2003 և 2004 թթ. ստորագրել է նախագահ Բուշին հղված նամակները՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը.
– 2012 թ.՝ որպես սենատոր, համահովանավորել է երկու բանաձև՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի վերաբերյալ:
Նախնական ընտրությունների և հարցախույզների արդյունքները ցույց են տալիս, որ երկու կուսակցությունների թեկնածուներից ոչ մեկը ճնշող մեծամասնություն չունի:
Այս պայմաններում խելամիտ կլինի, եթե ամերիկահայ համայնքը զերծ մնա որևէ թեկնածուին վաղօրոք աջակցելուց: Որևէ մեկին զորակցելու որոշումը կարելի է կայացնել ավելի ուշ, երբ նախագահական ընտրապայքարը գնալով կթեժանա, եւ թեկնածուները իսկապես կարիք կունենան մեր քվեների…
Թարգմանությունը` Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Տարածաշրջան