«ԼՈՒՍԱԲԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ»
Օրերս «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գրող, դասախոս, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Ռոզա Քարամյանի հեղինակած «Թող լուսաբաց լինի մեր հոգիներում» («Да будет в душах наших рассвет») գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հեղինակը յուրովի է ներկայացրել իր հերոսին: Իրական փաստագրական տվյալների եւ տարբեր պատմությունների, լեգենդների համադրման միջոցով ստեղծել է գեղարվեստական ուրույն կերպար: Կերպար, որն իր ամբողջ էությամբ սեր է առ հայրենիք, պատասխանատվություն է, հիշողություն, աշխատասիրություն, կարգապահություն եւ խիղճ:
Ռոզա Քարամյանը խոստովանում է, որ չափազանց դժվար է եղել մեկ գրքի սահմաններում ամբողջական ներկայացնել Սեյրան Օհանյանին: Զրուցել է նախարարին ճանաչող զինվորականների, քաղաքացիական անձանց հետ, հետաքրքիր փաստեր իմացել նրա զինվորական ուղու, անձնական շփումների, մարդկային որակների մասին: Չի փորձել սահմանափակվել միայն իրադարձություններով, այլ առավել մեծ ուշադրություն է դարձրել նախարարի՝ որպես զորահրամանատար ու նաեւ սովորական մի մարդ, հոգեվիճակին, վարվելակերպին: Այս համատեքստում է հեղինակը պատմում կյանքը հայրենիքին ծառայելուն նվիրաբերած մարդու մասին պատմությունը:
Ինչքանով է հաջողվել, թող որոշի ընթերցողը: Իսկ գրքի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Ռոզա Քարամյանը մի քանի գրքի, բանաստեղծական ժողովածուների հեղինակ է: Նրա գրվածքները, մասնավորապես՝ «Ոչինչ այդքան հեշտ չէ», «Զինվոր, ասպետ մարդ» գրքերը եւ այլն, նվիրված են ազատամարտիկներին, պատերազմին:
Ա. ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Բանակ և հասարակություն