Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԵՎ ԴԱ ՆՐԱՆՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ



ՆՐԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԵՒ ԴԱ ՆՐԱՆՑ ՉՀԱՋՈՂՎԵՑՈ՞վ է Ռուբեն Անգալադյանը

Անգալադյանի անձը ինքնին հետաքրքրական և յուրօրինակ է, ինչպես մշակութաբանի նրա  հայացքն ու մտահորիզոնը: Նա միաժամանակ հայտնի գրող է, փիլիսոփա, պատմաբան, թարգմանիչ և կինոռեժիսոր: Ծնվել է 1947թ.  Ախալցխա քաղաքում: Սովորել է Լենինգրադի պոլիտեխնիկական համալսարանում: Ռուսերենով լույս են տեսել նրա «Խորալ», «Կիրճ» բանաստեղծությունների ժողովածուները, «Լուսնյակը և ձկնիկը» բանաստեղծությունների և հեքիաթների ժողովածուն, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, ինչպես նաև հայերեն «Ծառ, որ չկա» էսսեների և «Կիսաբաց դուռ» բանաստեղծությունների ժողովածուները:

 Նրա մեծագույն կիրքը՝ մշակույթի հազվագյուտ նմուշների՝ գրքերի և քանդակների, ճենապակու, աբստրակտ նկարների, փոքր պլաստիկայի, նկարազարդ ափսեների և այլ հավաքածուների ստեղծումն է: Ինչպես ինքն է ասում, այն իր աշխարհն է: Հավաքածուներ, որոնց ցուցադրություններով մշակութաբանը հաճախակի աշխուժացնում է մեր օրերի մշակութային կյանքը: Անգալադյանին բնորոշ, ասել է թե՝ ինքնատիպ վերջին աշխատանքը ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Երևան-Փարիզ» ալբոմ-կատալոգն է:

 

Հին ցավ, նոր մեկնություն

Ցեղասպանություն. հիմա հաճախ ինքներս մեզ մեղադրում ենք, թե մեր պատմության այս զարհուրելի էջի վերաբերյալ «լալկանություն» ենք դրսևորում, իսկ աշխարհին ներկայացվելիք մեր խնդիրը հաճախ խճողվում  ու կարկամում է բոլոր այն վայրագ պատկերների ու նկարագրությունների մեջ, որ բոլորին արդեն վաղուց հայտնի են… Գուցե մարդկային տանջանքներին ցավակից լինելու համընդհանուր շեմե՞րն են փոխվել: Հանգիստ նստում ենք մեր առավոտյան սուրճի բաժակի առաջ և հետևում երկրագնդի այս կամ այն հատվածում սովահար երեխաների, ահաբեկիչների գործած ավերի, մարդկային զոհերի մասին տեղեկությունների ու դիտում ենք սահմռկեցուցիչ պատկերները, ինչպես հոլիվուդյան մի սուրսյուժետային  ֆիլմ կդիտեինք… (Հայտնի փաստ է հոգեբանության մեջ՝ մենք արտամղում, մեր գիտակցությունից հեռացնում ու մոռանում ենք ամենացավոտ ապրումների մասին հիշողությունները): Այնինչ  «Ցեղասպանությունը», որ մեր ժամանակներում որակված է որպես «ոճիր ընդդեմ մարդկայնության», այս առումով առանձնահատուկ է. այն մի հսկայական ու այլանդակ բիծ է մարդկության պատմության խճապատկերում:  Իսկ մենք դեռևս ցեղասպանության հետ կապված մեր ցավը չենք կարողանում զատել պատմական փաստից (ինքներս մեզ այժմ էլ հաճախ ընկալելով որպես զոհ):

Ռուբեն Անգալադյանի նախաձեռնությամբ ստեղծված «Երևան-Փարիզ» ալբոմ-կատալոգը՝ նվիրված  Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության (1915-1923) զոհերի հիշատակին,  ցեղասպանության մեզ համար սովորական դարձած կարծրատիպը փոխելու, խնդիրը նորովի դիտարկելու հիանալի մի փորձ է: Այստեղ  զետեղված են բոլոր  այն կարևոր փաստավավերագրական նյութերը, որոնք վերաբերում են Երևան-Փարիզ 1915-1940 մշակութային առնչություններին: Հեղինակին հաջողվել է մի յուրատեսակ գանձանակ ստեղծել, որում  մեկտեղված են նշյալ տարիներին Փարիզում հայ համայնքի (հիմնականում թուրքական յաթաղանից փրկվածների) հսկայական մշակութային ներդրմանը վերաբերող վկայությունները:

«Երևան-Փարիզ» կատալոգում զետեղված նմուշները համաշխարհային արժեք ներկայացնող մասունքներ են,- ասում է հեղինակը:- Բոլորը հայկական արխիվներից եմ պեղել. դրանց վրա մեկ մատ փոշի էր նստած… Այս նյութերը վկայում են, թե որքան մեծ է եղել հայ մշակույթի ներկայացուցիչների ազդեցությունը այն տարիներին, երբ Փարիզը համարվում էր համաշխարհային արվեստի միահեծան կենտրոն: Սա փաստում է, որ հայկական համայնքը նշված տարիներին ոչ միայն հարստանում էր փարիզյան մշակութային կյանքով, այլև սնում էր այն»:

 

Ի՞նչ է ասում  գիրքը

-Պարոն Անգալադյան, Դուք երեք հիմնական բաժիններով եք ներկայացրել նյութերը: Լուսանկարների բաժնում միանգամից իմ ուշադրությունը գրավեց նկարիչ-ավանգարդիստ Յակուլովը:

-Այդ թվերի հայ գեղարվեստական մտքի հսկաներից մեկը. սա մի դրվագ է նրա նկարչական ձևավորումով և Սերգեյ Պրոկոֆևի հետ գրված լիբրետոյով բեմադրված «Պողպատե ցատկ» բալետից, որը 1927թ. Փարիզի Սառա Բեռնարի թատրոնում հսկայական  հաջողություն ունեցավ և որակվեց որպես համաշխարհային խոշոր մշակութային իրադարձություն: Յակուլովի մտահղացմամբ՝ բեմը բաժանված էր երեք հարթությունների, որոնցից յուրաքանչյուրում զուգահեռ գործողություններ էին ընթանում: Սա նորույթ էր թատրոնի պատմության մեջ: Ի դեպ, 2005թ.-ին ԱՄՆ Փրինսթոնի համալսարանը, լիովին վերականգնելով Յակուլովի մտահղացումը, բեմական նույն բեմահարդարանքով է ներկայացնում այն»:

ՆՐԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԵՎ ԴԱ ՆՐԱՆՑ ՉՀԱՋՈՂՎԵՑԹերթում եմ կատալոգի էջերը: Այստեղ է նաև  Միսաք Մանուշյանի մեզ ծանոթ լուսանկարը, որը բուռն դերակատարում է ունեցել ոչ միայն հայ մշակութային կյանքում, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օկուպացված Ֆրանսիայի քաղաքական կյանքում: Ծնված լինելով Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում՝ Մանուշյանը ցեղասպանության ականատեսն է եղել. թուրքական յաթաղանին զոհ են գնացել նրա մայրն ու հայրը: Իսկ ինքը հարյուր հազարավոր գաղթականների հետ հաջողել է հասնել Սիրիա, որից հետո 1925 թվականին գաղթել է Ֆրանսիա, որտեղ և համերկրացիների հետ լույս է ընծայել «Ջանք», «Մշակույթ», «Զանգ» գրական- գեղարվեստական հանդեսները: Ի դեպ, Նոբելյան մրցանակակիր Ռոմեն Ռոլանը ոչ հայազգի գրողներից առաջիններից էր, որ Մանուշյանի «Զանգ» հանդեսում զետեղեց իր ստեղծագործությունները:

ՆՐԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԵՎ ԴԱ ՆՐԱՆՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Մանուշյանն իր շուրջն էր համախմբել «Զանգ» հանդեսում աշխատող մտավորականներին և հիմնել ինտերնացիոնալ Ֆրանսիական Դիմադրության ջոկատը: Գեստապոն հետագայում հետապնդում և բանտարկում է, ավելի ուշ մահվան է դատապարտում քաջարի հայորդուն:

Ահա մի կադր «Նապոլեոն» հայտնի համր ֆիլմից: Լուսանկարը «իմաստ» է ստանում, երբ Անգալադյանը պարզաբանում  է, որ կադրի կենտրոնում հայ հանրահայտ դերասան Շահխաթունին է, որը ֆիլմում  Ռոբեսպիերին է մարմնավորում:

ՆՐԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԵՎ ԴԱ ՆՐԱՆՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ

-Ֆրանսիան շատ դերասաններ ուներ, անգամ շատ հայտնի, բայց անվանի ռեժիսորը հենց հայազգի Շահխաթունու մեջ է տեսնում Ռոբեսպիերի կերպարը կերտողին…

-Իսկ սա ի՞նչ նկար է. դիմահարդարման սրա՞հ: Հետաքրքիր է. ինչո՞վ է արժանացել Ձեր ուշադրությանը կամ կատալոգում տեղ գտնելու պատվին…

-Քչերին է հայտնի ֆրանսիական համր և հնչուն ֆիլմերի պատմությունը: Պարզվում է, որ դրանց ակունքներում մեծ թվով հայեր են եղել: Նրանք են նաև ֆրանսիական կինոյի հատուկ դիմահարդարման ստեղծողներն ու լավագույն վարպետները: Ի դեպ, վերջին ժամանակներս համաշխարհային կինոյում  կրկին սկսել են օգտագործել հայ կինոդիմահարդարների փորձը… Թե չէ, այո՛, սովորական սև-սպիտակ լուսանկար է…

Թերթում եմ «Երևան-Փարիզ» ալբոմ-կատալոգը: Փարիզյան մարդաշատ կայարան: Մարդատար վագոններից մեկի պատուհանից իրեն Երևան ճանապարհողներին ձեռքով է անում Ավետիք Իսահակյանը: Բազմամարդ է նաև հաջորդ լուսանկարում պատկերված հայկական եկեղեցու բակը. վերջին հրաժեշտն են տալիս և Փարիզից Երևան են ճանապարհում մեծն Կոմիտասի աճյունը…

-Այստեղ կան նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք չեն մեկնաբանվում:

-Այո՛, ինչպես տեսնում եք, հաճախ չեմ էլ նշում, թե ով է պատկերված լուսանկարում, քանի որ դա չէ էականը: Այստեղ մենք միտումնավոր զետեղել ենք նաև ամենահասարակ մարդկանց պատկերող նկարներ, որոնք արտացոլում են Փարիզի հայ համայնքի այդ տարիների կյանքը, նիստուկացը:

-Ահա, օրինակ, այս հարսանիքի նկարը…

ՆՐԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԵՎ ԴԱ ՆՐԱՆՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ

– Ինչպես տեսնում եք, սա ամենասովորական հարսանիք է, կարևոր չէ՝ ովքեր են լուսանկարում: Բայց նայե՛ք այս մարդկանց արժանապատիվ, ազնվական դեմքերին… Սա մենք ենք, սա մեր մշակույթն է:

Իսկ ահա այս լուսանկարը  թվագրված է 20 թվականով և, կարծում եմ, սրանով շատ բան է ասվում: Այստեղ պարտկերվածները  բոլորը որբեր են. բայց, տեսեք, թե ինչպիսի քաղաքային կուլտուրա է ամփոփված այս մեկ հատիկ նկարում: Ահա՛, տեսե՛ք, մեկ այլ լուսանկար. լուսանկարիչը՝ մի անհայտ Ճոլոլյան, որը 1944 թվականին հավերժացրել է Շառլ դը Գոլին. նա հո այն ժամանակ չգիտե՞ր, որ իր առջև Ֆրանսիայի  ապագա հանրապետության նախագահն է… Ոչինչ այս կյանքում պատահական չի լինում. հայ լուսանկարիչը այդ զինվորականի մեջ ներքին մի զգացողությամբ կամ պայծառատեսությամբ տեսել է իրեն պատսպարած Ֆրանսիայի ապագա նախագահին:

Գրքում մեծ տեղ է հատկացվել հայ նկարիչներին: Ըստ Ռ. Անգալադյանի՝ նրանք գնահատված են եղել Ֆրանսիայի կառավարությունից, գրեթե բոլորն արժանացել են «Պատվո Լեգեոնի» շքանշանի:  Եթե ամեն ինչ պարզ է, և խոսուն են գեղանկարների, գրաֆիկայի և քանդակի բաժնում զետեղված Վարդան Մախոխյանի, Հակոբ Գյուրջյանի, Արսեն Շաբանյանի, Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի և շատ ուրիշների գործերը, ապա նույնը չես ասի կատալոգի փաստաթղթային բաժնի մասին:

-Իսկ ի՞նչ նպատակով եք ներկայացրել այս փաստաթղթերը:

ՆՐԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԵՎ ԴԱ ՆՐԱՆՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ

-Ամենից առաջ այս փաստաթղթերը, որոնցից շատերը, համոզված եմ, առաջին անգամ են հրապարակվում, եզակի վավերաթղթեր են: Տեսեք, օրինակ, այս մեկը. «Հայաստանի վարդերը» հայկական պոեզիայի եռահատորյակի անվանաթերթն է: Այս գրքերի եռահատորյակը 1918 թվականին լույս է տեսել Փարիզում՝ Արևմտյան Հայաստանի հայերին նեցուկ լինելու նպատակով: Արշակ Չոպանյանն է եղել նախաձեռնողը: Սա աշխարհին պիտի ցույց տար հայ ազգի բանաստեղծական ոգին, նրա ապրած ողբերգության ողջ խորությունը: Հենց այս պատճառով է, որ Երևան-Փարիզ նախագծի  խորագրում հղում է արվում հենց «Հայաստանի վարդերին»:

 

Որպես վերջաբան

«Վստահ եմ, որ աշխարհին մենք պետք է առնչվենք միայն մեր ազգային արժանապատվության դիրքերից: Իհարկե, շատ դառնություն է մեզ բաժին ընկել, բայց մենք պետք է մեր հստակ դիրքորոշումը արտահայտենք ու մեր խնդիրն արժանապատիվ ներկայացնենք: Սա է կարևորը: Եվ այս գրքի հիմնական ասելիքն աշխարհին այն է, թե ծրագրված կերպով թուրքերը ինչպիսի մեծ մշակույթ են փորձել ջնջել աշխարհի երեսից: Եվ դա նրանց չի՛ հաջողվել»:

ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


03/03/2016