Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԻ 8-Ը ԿԱՆԱՆՑ ՏՈՆՆ Է



ՄԱՐՏԻ 8-Ը ԿԱՆԱՆՑ ՏՈՆՆ Է…Եվ այսօր թող որ զգանք, տեսնենք հայ մայրերին ծնողի, եղբոր, քրոջ, մտերիմի, երեխաների եւ ամենակարեւորը՝ հայոց սահմաններին կանգնած նրանց զինվոր որդիների հայացքով։ Գիտեմ՝ պատմության բավիղներում մեր մայրերին մնացել են տառապանք ու տխրություն, սակայն երկուսն էլ լուսավոր, որովհետեւ նրանց նրբին ու փխրուն, գեղեցկությունից ու հոգու առատ լույսից են ծնվել այն տղաները, որոնք պահպանեցին մեր ինքնությունը, որոնք պաշտպանում են մեր այսօրը։

Հռոմեացիները, երբ վերադառնում էին պատերազմից, եւ սենատում կարդում էին զոհվածների անունները, բոլորը ոտքի կանգնած՝ լռությամբ հարգում էին նրանց հիշատակը։ Հայրենիքի համար յուրաքանչյուր նահատակի անուն ընթերցելուց հետո լսվում էր մի ձայն. «Նրանք ապրեցին»: Ո՛չ թե՝ «ընկան հանուն հայրենիքի, այլ՝ «նրանք ապրեցին»:

Նայենք հայ մայրերին նրանց որբացած ու նահատակ որդիների աչքերով ու փորձենք մեղմել նրանց ցավը. «Հայ մայրեր, ձեր որդիները կան, ապրում եմ, նրանք անմահ են…:

Նայենք հայ մայրերին հայոց լեռներում, հայոց սահմաններին կանգնած նրանց զինվոր որդիների սիրով ու հայացքով եւ հպարտությամբ ասենք. «Ձեզ երջանկություն, համբերություն, առողջություն, հա՛յ մայրեր, ձեր ձեռքի ափերում գրված հայոց ճակատագիրը ձեր շոյանքի, քնքշության ու նաեւ մայրական ապտակի հետ փոխանցվում է ձեր զինվոր որդիներին, որոնք դար ու հազարամյակներ այդ սիրով պահպանում են հայրենին»:

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ազգային բանակ


03/03/2016