ԴԺՎԱՐԻՆ ՈՒ ՊԱՏՎԱԲԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Կասկածից վեր է, որ համաշխարհային հանրության համար խաղաղապահ զորքերի պահանջը, դերն ու նշանակությունը գնալով ավելի են մեծանում ու կարեւորվում։ Նրանք անգնահատելի գործ են կատարում հակամարտությունների կանխման, աշխարհում խաղաղության հաստատման համար։
Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության վստահելի գործընկեր, տարիներ շարունակ իր ավանդն է ներդնում աշխարհի տարբեր երկրներում խաղաղության հաստատման ու պահպանման, մարդասիրական առաքելություններ իրականացնելու գործում։ Մեր երկրի համար այս պատվաբեր ու պատասխանատու առաքելությունը կատարում է ազգային բանակի գնդապետ Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ գործող խաղաղապահ բրիգադը։ Տարիներ շարունակ այս զորամասի զինծառայողներն իրենց մասնագիտական եւ մարդկային լավագույն որակներն են դրսեւորել Կոսովոյում եւ Իրաքում, իսկ այժմ էլ Աֆղանստանում։ Կարծում ենք՝ ամենեւին էլ պատահականություն չէր, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն Աֆղանստանում հայ խաղաղապահների թվաքանակն ավելացնելու որոշում ընդունեց։ Փաստը մեկ անգամ եւս խոսում է գործընկերների կողմից հայ զինվորականների նկատմամբ ունեցած լիակատար վստահության եւ առաջադրանքները համատեղ իրականացնելու ցանկության մասին։
♦♦♦
Մայոր Ռուբեն Պապյանը խաղաղապահների հրաձգային գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալն է։ Նա ծնվել է Տավուշի մարզի Չինարի գյուղում: Ռ. Պապյանն ավարտել է Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիան։ 2006թ. ստացել է կապիտանի կոչում եւ նշանակվել վաշտի հրամանատար, 2008-ից գումարտակի հրամանատարի տեղակալն է։ Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Ավդալյանն օրերս մեկնելու է խաղաղապահ առաքելության, եւ մայոր Ռ. Պապյանն ստանձնելու է նրա պարտականությունները գումարտակի հրամանատարի պաշտոնում։ Որպես զորախմբի հրամանատար, մայոր Պապյանը եղել է Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում։ Անցած տարիների ընթացքում նա մի քանի անգամ մասնակցել է ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին, դասընթացներին։ Տարբեր երկրներում նրա ղեկավարած ստորաբաժանումները եւ ինքն անձամբ բարձր են պահել տարածաշրջանում ամենամարտունակը համարվող հայոց ազգային բանակի, հայ զինվորականի հեղինակությունը։ Նա պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության» առաջին եւ երկրորդ աստիճանի, ինչպես նաեւ Լեհաստանի պաշտպանության նախարարության, Կոսովոյի, Իրաքի եւ Աֆղանստանի խաղաղապահ առաքելությունների մասնակցի մեդալներով, խրախուսվել է բազմաթիվ շնորհակալագրերով, պատվոգրերով, թանկարժեք նվերներով, ամուսնացած է, ունի մեկ որդի։
-Ես միշտ էլ արտասահմանյան երկրներում հպարտացել եմ մեր զինվորներով, սպաներով, որովհետեւ նրանք կարգապահ են, մարտունակ, ներկայանալի,- ասաց մայոր Պապյանը։ -Առաքելության վայր մեկնելուց առաջ մենք ուսումնասիրում ենք տեղի ժողովուրդների պատմությունը, մշակույթը, հոգեբանությունը, կենցաղը, որպեսզի կարողանանք հետագայում մեզ ճիշտ դրսեւորել տարբեր իրավիճակներում։ Մենք առաքելություն ենք կատարել հունական, լեհական, իսկ այժմ էլ՝ գերմանական զորախմբերի կազմերում եւ միշտ շատ լավ տպավորություն ենք թողել օտար զինվորականների, զորահրամանատարների վրա։ Մի առիթով ԱՄՆ բանակի գեներալներից մեկն ասել է. «Խաղաղության պահպանությունը զինվորականների գործը չէ, բայց միայն զինվորականներն են կարողանում այն լավագույնս կատարել»։ Խաղաղապահությունը դարձել է զինվորական մասնագիտություն, եւ մեր զորամասում մենք՝ բոլորս` հրամանատարի գլխավորությամբ, անընդհատ սովորում ենք, պարապում, վարժվում, որպեսզի առաքելությունը կատարենք անթերի։ Խաղաղապահի մասնագիտական առարկաներն են պարեկությունը (ոտքով, մեքենայով, հատուկ միջոցներով՝ ինքնաթիռ, ուղղաթիռ, դահուկ, նավակ եւ այլն), շարասյան ուղեկցումը, հումանիտար օգնությունը, մարդկանց տարհանումը, կայուն և ժամանակավոր հսկիչ-անցագրային կետերի ստեղծումը, վտանգավոր նյութերի, միջոցների հետախուզումը, հայտնաբերումն ու առգրավումը, ամբոխի կառավարումը եւ այլն։ Պարապմունքները լինում են տեսական եւ գործնական։ Հմտությունները պարբերաբար ստուգվում են հատուկ մարզումների, զորավարժությունների միջոցով, իսկ տարին մեկ` ՆԱՏՕ-ի մասնագետների կողմից։ Միաժամանակ, ստորաբաժանումները պատրաստվում են ազգային բանակում ընդունված մարտական պատրաստության ծրագրով եւ յուրաքանչյուր ուսումնական փուլից հետո հանձնում քննություններ եւ ստուգարքներ։
♦♦♦
Գումարտակի փորձառու զինծառայողներից է վաշտի հրամանատար մայոր Մ. Բարսեղյանը։ Նա թալինցի է: Մ. Բարսեղյանն ավարտել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիան։ 2005-ին տեղափոխվել է խաղաղապահ զորամաս։ Ծառայելով այստեղ՝ նա մասնակցել է Հունաստանում, ԱՄՆ-ում, Չեխիայում, Գերմանիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացներին, ինչպես նաեւ՝ Ավստրիայում, Վրաստանում, Ուկրաինայում անցկացված զորավարժություններին։ 2007-ին մայոր Բարսեղյանը խաղաղապահ առաքելություն է կատարել Կոսովոյում։ Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի եւ ՆԱՏՕ-ի՝ Կոսովոյի առաքելության մեդալներով։
♦♦♦
Նյութական ապահովման գումարտակի ավտոմոբիլային վաշտի հրամանատար կապիտան Արմեն Գեւորգյանը Կոտայքի մարզի Ալափարս գյուղից է։ Սովորել է ագրարային համալսարանում։ Խորհրդային բանակում՝ 1988-90թթ., ծառայելուց հետո վերադարձել է Հայաստան եւ համալրել Հատուկ գնդի շարքերը։ Արցախյան ազատամարտի ծանր տարիներին Արմեն Գեւորգյանը մասնակցել է Շահումյանի պաշտպանությանը, Լաչինի, Կուբաթլուի, Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի ազատագրման համար մղվող մարտերին։ 2003-ին համալրել է խաղաղապահների շարքերը։ Կապիտան Ա. Գեւորգյանը երեք անգամ խաղաղապահ առաքելություն է կատարել Իրաքում, մեկ անգամ՝ Աֆղանստանում։ Նա պարգեւատրվել է «1992-94թթ. պատերազմի մասնակցի» կրծքանշանով, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», առաջին աստիճանի «Անբասիր ծառայության», Իրաքի, Աֆղանստանի առաքելությունների մասնակցի, ԵԿՄ մեդալներով։
Կապիտանը մեզ ներկայացրեց վարորդներ կրտսեր սերժանտ Արայիկ Աբրահամյանին, շարքայիններ Սամվել Կիրակոսյանին, Բագրատ Դանիելյանին, Մայիս Հովակիմյանին, Արսեն Պողոսյանին եւ նշեց, որ տղաները շատ փորձառու են ու պատրաստ կատարելու ցանկացած առաջադրանք։
Ջոկի հրամանատար սերժանտ Արթուր Եղիազարյանը երեւանցի է։ 1999-2001թթ. ծառայել է ազգային բանակում։ 2003-ից նա խաղաղապահ զորամասում է։ Արթուրը երկու անգամ եղել է Կոսովոյում, երկու անգամ Իրաքում, մեկ անգամ Աֆղանստանում, պարգեւատրվել է Հունաստանի, Լեհաստանի, Գերմանիայի պաշտպանության նախարարությունների մեդալներով։ Ամուսնացած է, ունի մեկ տղա։
-Խաղաղապահ առաքելությունը չափազանց պատասխանատու առաջադրանք է։ Մենք երբեք չենք մոռանում, որ մեր երկիրն ենք ներկայացնում,- ասաց Արթուրը։
Սերժանտ Գեւորգ Աղախանյանն էլ Էջմիածնից է: Ծառայել է բանակում, իսկ 2007-ից խաղաղապահների հետ է։ Գեւորգը հեռակա կարգով սովորում է Երևանի ֆիզկուլտուրայի պետական համալսարանում։ Նա եղել է Կոսովոյում եւ Աֆղանստանում, պարգեւատրվել է մեդալներով, խրախուսվել պատվոգրերով։
♦♦♦
Գումարտակի զինվորների մեծ մասը մասնակցել է տարբեր առաքելությունների եւ պատրաստ է նոր առաջադրանքներ կատարելու։ Օրինակ՝ սերժանտ Գրիգոր Մարգարյանը երկու անգամ Կոսովոյում է եղել, մեկական անգամ՝ Իրաքում եւ Աֆղանստանում, սերժանտ Սեւան Պողոսյանը եղել է Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում, երկու առաքելությունների են մասնակցել սերժանտ Էմիլ Խաչատրյանը, շարքային Հայկ Նաղինյանը, կրտսեր սերժանտներ Մարատ Ալլահվերդյանը, Վահան Էնյազյանը, սերժանտ Հովհաննես Զաքարյանը, շարքային Սլավիկ Բադալյանը, կրտսեր սերժանտ Արմեն Գալստյանը, սերժանտ Վարդան Ամիրյանը։
Մայոր Ռ. Պապյանը նշեց, որ արտասահմանում իրենց շատ լավ են դրսեւորել եւ մասնագիտական պատրաստվածությամբ աչքի ընկել ավագ Վլադիմիր Մարտիրոսյանը, սերժանտներ Սմբատ Լալայանը, Տիգրան Հարությունյանը, Վահե Ղազարյանը, ավագ սերժանտ Հրաչիկ Միրզոյանը, սերժանտներ Արա Եղիազարյանը, ավագ սերժանտներ Դավիթ Համբարձումյանը, Էդիկ Լազարյանը, կրտսեր սերժանտներ Արմեն Գասպարյանը, Հովհաննես Մարտիրոսյանը, Սիրակ Խաչատրյանը, Գեդեոն Գրիգորյանը, Գարիկ Մանուկյանը, Վաչագան Աճեմյանը։
Տղաներից շատերը մոտ ժամանակներս կրկին մեկնելու են Աֆղանստան՝ մասնակցելու խաղաղության հաստատման դժվարին ու պատվաբեր գործընթացին։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ