Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԴԻՄՈՒՄ



ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԴԻՄՈՒՄՀայաստանին Ռուսաստանի ցուցաբերած ռազմաարդյունաբերական վերջին աջակցությունը լրջորեն անհանգստացրել է ադրբեջանական վերնախավին: Ցանկանալով վրեժ լուծել Մոսկվայից՝ Բաքվում մտադիր են օգտագործել գերտերությունների հարաբերություններում առկա, այսպես կոչված, «ստորջրյա խութերը». ադրբեջանական վերնախավը պատրաստվում է Կասպից ծովի ավազան հրավիրել ամերիկյան զինվորականներին, ինչով փաստացի յուրօրինակ մարտահրավեր է նետում ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին:

Նախատեսվում է, որ այս տարվա ապրիլին Նյու Յորքում կայանալիք միջուկային անվտանգության հարցերի շուրջ գագաթնաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Մինչ այդ, Միացյալ Նահանգներում ադրբեջանական լոբինգը նախապատրաստում է երկկողմ պայմանավորվածությունների մի ամբողջ փաթեթ, մասնավորապես՝ ռազմական ոլորտում: Ցանկանալով Ռուսաստանի հետ հարաբերություններում օգտագործել ամերիկյան գործոնը՝ Ալիևի վարչակազմը Սպիտակ տանը ցուցադրում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների, ինչպես նաև քաղբանտարկյալների հարցում լրջագույն զիջումների գնալու ցանկություն, սակայն Բաքվի համար կարևորագույն ձեռքբերում կարող է լինել այն, որ Ադրբեջանում տեղակայվի ամերիկյան զորամիավորում, որի նպատակը կլինի Աֆղանստանում խաղաղապահական առաքելություն իրականացնելու նպատակով այնտեղ գործող ԱՄՆ զինուժի ստորաբաժանումների մատակարարման անվտանգության ապահովումը:

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը սատարող ամերիկյան կազմակերպությունների գրասենյակները փակվել էին դեռեւս 2014 թվականին: Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերություններն այնքան էին լարվել, որ Կոնգրեսում բազմիցս առաջարկներ հնչեցին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Պատրաստակամություն հայտնելով «հետևելու ժողովրդավարացման ուղուն»՝ ադրբեջանական կողմը ամերիկյան կողմին փորձում է առաջադրել իր համար մի քանի կարևոր պայմաններ.  դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ֆինանսական աջակցությունը, կասեցնել ԱՄՆ տարածքում հակաադրբեջանական տրամադրվածություն ունեցող կազմակերպությունների գործունեությունը: Եթե կողմերը չգան համաձայնության, Իլհամ Ալիևի և Բարաք Օբամայի միջև հանդիպումը կարող է և չկայանալ:

Այնուամենայնիվ՝  նույնիսկ խոսակցությունները Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմական ներկայացվածության մասին լուրջ մարտահրավեր են Մոսկվայի համար, քանի որ Կրեմլը բազմիցս հայտարարել է Կասպից ծովի տարածաշրջանի փակ լինելու, խաղաղասիրական առաքելությամբ  Աֆղանստան ստորաբաժանումների մատակարարման համար ռուսական տարածքը տրամադրելու պատրաստակամության մասին: Փաստացի,  Ադրբեջանը ցուցադրաբար դիմում է Մոսկվայի հետ շանտաժի լեզվով խոսելու միջոցին: Հասկանալի է, որ այս գործընթացին չի կարող անմասն մնալ նաև Թուրքիան:

Պարզ է դառնում, որ Ալիևի վարչակարգը Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընտրության հարցում որոշել է գերապատվությունը տալ իր ավագ եղբորը կամ գոնե այդպես ներկայացնել՝ ընդունելով «խռովածի» կերպար: Թուրք-ադրբեջանական տանդեմում լավ հասկանում են, որ Ղարաբաղյան խաղաքարտի օգտագործումն այլևս անհնար է առանց լրջագույն հետևանքների, և Բաքվին այլևս ոչինչ չի մնում անել, քան գործադրել ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը: Ադրբեջանական վերնախավը փորձում է նման քայլով նաև վերականգնել ՌԴ արտգործնախարարության հայտարարությունից տուժած ներքին վարկանիշը:  Ի պատասխան Հայաստանի ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտայի՝ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարել է, որ նման քայլ իրականացվել է տարածաշրջանային անվտանգության ապահովան և հավասարակշռության ապահովման նպատակով:

Ադրբեջանի այս խաղաքարտ նմանատիպ դեմարշն ուղղված է նաև Իրանի դեմ: Թեև արդեն իսկ հանվել են Իրանի նկատմամբ գործող որոշ պատժամիջոցներ, իրանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման մասին խոսել դեռեւս վաղաժամ է, և Բաքվում դա փորձում են օգտագործել արդեն իսկ Թեհրանի վրա ներազդելու համար: Պատահական չէ, որ ադրբեջանա-ամերիկյան բանակցությունների մասին տեղեկատվական այդ արտահոսքը տեղի ունեցավ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումից հետո: Պարզապես Թեհրանը վերահաստատեց Երևանի հետ իր բարիդրացիական հարաբերությունների և մարտավարական գործընկերության մասին, ինչը չէր կարող չանհանգստացնել Բաքվին: Փաստորեն, Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը ադրբեջանական վերնախավի շռայլ մատուցմամբ կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանն ու Իրանը, այլ նաև՝ Միացյալ Նահանգները, ինչը չի կարող իր անդրադարձը չունենալ գերտերությունների առանց այդ էլ լարված հարաբերություններում: Բացի այդ, չի բացառվում, որ ամերիկյան զորքերի փոխարեն Թուրքիայի դրոշի ներքո Ադրբեջանում տեղակայվեն որոշ զորամիավորումներ՝ ներկայացվելով որպես ՆԱՏՕ-ական և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին սատարող ուժեր:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


10/03/2016