ՀԵՐՈՍՆ ԱՊՐՈՒՄ Է…
Ներքին Շենգավիթում մի գողտրիկ պուրակ կա, որը շրջակա բնակչության հանգստի սիրված վայրերից է: Լավ եղանակին երիտասարդ մայրերն ու տատիկները սիրում են իրենց երեխաների հետ այստեղ զբոսնել, հանգստանալ: Պուրակի կենտրոնում վեր է հառնում Արցախի ազատամարտի հերոսներից մեկի՝ Արթուր Կարապետյանի բրոնզե կիսանդրին, որը արեւոտ եղանակներին պսպղում է, ասես ժպտում է բոլորին:
Երիտասարդները շատ բան չգիտեն իր մատաղ կյանքն այս խաղաղ օրվա համար զոհաբերած զինվորի մասին, իսկ ահա տարեցները… Նրանցից շատերն անգամ հիշում են կամավոր ռազմաճակատ մեկնած երիտասարդին ու փորձում են նմանություններ գտնել հերոսի պատվանդանին բարձրացած բրոնզե Արթուրի եւ իրենց հուշերում մնացած երիտասարդի միջեւ…
Արթուր Կարապետյանը ծնվել է 1967 թվականին, Երեւանում: Գերազանցությամբ ավարտել է Մուրացանի անվան դպրոցը, առեւտրի տեխնիկումը: Գետաշեն՝ կռվելու է մեկնում ժողտնտեսության ինստիտուտի առաջին կուրսից: Եվ դառնում է լեգենդար հրամանատար Թաթուլ Կրպեյանի անձնուրաց մարտիկներից մեկը:
Գերազանցիկ ուսանողը շատ արագ ու հեշտ է յուրացնում նաեւ պատերազմելու դասերը: Մարտերից մեկում վիրավորվելուց եւ Երեւանում ապաքինվելուց հետո՝ կրկին մարտադաշտ, իր սիրելի հրամանատարի մոտ է վերադառնում, բայց արդեն կոմիսարի կարգավիճակով:
Արթուրի անմիջական մասնակցությամբ մշակվել եւ կյանքի են կոչվել տասնյակից ավելի մարտական գործողություններ, որոնք թշնամուն ահ ու սարսափի են մատնել ու պատճառել մարդկային, զինական ահռելի կորուստներ:
Նա երազում էր ազատ հայրենիքի մասին ու այդ երազանքի համար ոչինչ չխնայեց, անգամ իր երիտասարդ կյանքը: Նա երազում էր Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, իր անմիջական հրամանատար՝ Թաթուլ Կրպեյանի փառքի մասին ու գնաց նրանց ոտնահետքերով… Եվ մարտական սխրանքը գնահատվեց ժողովրդի, հայրենիքի կողմից. նա հետմահու արժանացավ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի:
Հերոսն իր հավերժական հանգրվանը գտավ պաշտելի մեծերի, իր մարտական ընկերների կողքին՝ Եռաբլուրում:
Նրա շիրիմին՝ ձմեռ թե ամառ, թարմ ծաղիկներ կան:
Արեւիկ ՔՈՉԱՐՅԱՆ
Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Ճակատագրեր, Պատմության էջերից