Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1. ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԲՇԵՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



«Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի՛ մնացեք»:

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

1. ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԲՇԵՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸԱղբյուր Սերոբի և նրա առաջնորդած ֆիդայիների համարձակ գործողությունները լարված վիճակ են ստեղծում Ախլաթի և Բիթլիսի շրջաններում: Թուրքական  իշխանությունները  բազմապատկում է ջանքերը նահանգը ֆիտայիներից արմատախիլ անելու համար:

Աբդուլ Համիդը հրաման է արձակում Բիթլիսի նահանգի կուսակալին. ցանկացած զոհողությունների գնով, կենդանի թե մեռած, ձեռք գցել Սերոբին:

Բիթլիսի հոգևոր թեմի առաջնորդ Եղիշե Չիլինկիրյանի տեղեկցմամբ՝ «… Պոլսեն հրամայական հրահանգ եկավ, որի մեջ խստիվ ասվում էր, թե պետք է Սերոբին որևէ միջոցով որսալ և ողջ կամ մեռած կառավարության հանձնել: Մինչև 1000 ոսկի վարձատրություն»:

Պիտի նշել, որ ազատագրական պայքարի նշանավոր գործիչների գործունեությանը նվիրված ժամանակակիցների հուշագրություններում, վկայություններում և պատմական  այդ ժամանակաշրջանը ներկայացնող վավերագրերում չկա համապատասխան վկայություն, փաստարկ, որը մատնանշի մեկ այլ դեպք, երբ թուրք կառավարությունը, անգամ սուլթան Համիդը, այդքան մեծ կարևորություն տար որևէ մեկին, որքան՝ Սերոբին: Սուլթանի հրամանը իրականացնելու նպատակով թուրք իշխանություններն արդեն որերորդ անգամ ասպարեզ են դուրս բերում ոստիկանության լրտեսներին ու մատնիչներին և Ախլաթի, Բիթլիսի ողջ տարածքը վերստին հեղեղում զորքով ու քրդական հրոսակախմբերով:

Մինչ այդ Սերոբին հայտնաբերելու իշխանությունների ձեռնարկումները մշտապես մատնվել էին անհաջողության: Սակայն 1898 թ. հոկտեմբերի 20-ին, երբ նա 17 մարտիկներով գտնվում էր Բիթլիսից ոչ հեռու գտնվող Բաբշեն գյուղում, թուրքերին վերջապես հաջողվում է հայտնաբերել նրա տեղը:

Այդ օրը Սերոբի հետ են եղել մարտական խմբի առավել անվանի հայդուկներից շատերը: Բաբշենի կռիվը լուսաբանող վավերագրի (հեղինակը նույն կռվի մասնակից, Սերոբի մարտական խմբի անդամ Պողոսն է – Հ.Գ.) վկայությունից պարզվում է, որ Բիթլիսի նահանգի իշխանություններին այս անգամ ևս նրանց գտնվելու վայրը հայտնի է դարձել մատնության պատճառով:

Ըստ Պողոսի, Ախլաթում մի քանի օր հանգստանալուց հետո Սերոբը կարևոր հանձնարարությամբ Մուշեղին ու Ավագին ուղարկում է Բիթլիս և միաժամանակ պատվիրում են, որ քաղաքում հանդիպեն միմիայն իրենց վստահելի բարեկամներին, ընդսմին՝ թվարկում են նաև այն անձանց անունները, որոնք քաղաքի ՀՅԴ կոմիտեի անդամներն էին: Հասնելով քաղաք՝ Մուշեղն ու Ավագը փոխանակ թվարկած մարդկանց հանդիպելու, առաջին հերթին այցելում են քաղաքում հայտնի Հովակիմ աղային, չիմանալով, որ նա արդեն ծախվել ու դարձել է ոստիկանության գործակալ:

Հովակիմ աղան անվանի ֆիդայիներին ընդունում է մեծ ջերմությամբ ու շողոքորթությամբ կարողանում է համոզել ֆիդայիներին, որ Սերոբի խմբի անդամներին առանձին-առանձին բերեն քաղաք, որտեղ ինքը կհոգա նրանց բոլոր պահանջներն ու կարիքները:

Սերոբը անտեղյակ Հովակիմ աղայի նյութած դավերից, խմբով գալիս է Բիթլիսի մերձակայքում գտնվող Բաբշեն գյուղ ու երեկոյան նամակ են գրում Հովակիմ աղային  ու  տեղեկացնում, որ իրենք արդեն գյուղում  են: Հովակիմ աղան նամակը ստանալուն պես անմիջապէս ներկայանում է Բիթլիսի նահանգապետին, հանձնում է Սերոբի նամակը՝ ավելացնելով. «… իմ պայմանը կատարեցի, հիմա շնորքը կմնա ձեզ և զորքին»:

Նահանգապետն  անմիջապես ոտքի է հանում քաղաքում գտնվող զորքն ու ոստիկանությանը և վաղ առավոտյան թուրքական կանոնավոր զորքի մի քանի վաշտեր, նահանգի ոստիկանական հեծյալ ու հետևակ ջոկատները և պաշարում գյուղը: Ֆիդայիներին հանկարծակիի բերելու և արտաքին աշխարհից լիովին կտրելու դիտավորությամբ, ուժեղացած պահակախմբերով փակում են Բիթլիսից Բաբշեն ձգվող ճանապարհը, գյուղի բոլոր ելքերն ու մուտքերը:

Բարեբախտաբար մի քուրդ է գալիս Բաբշեն և ծանոթ հայերին հայտնում «… թե հայեր դուք գյուղում ֆիտայի կպահեք, Բիթլիսի մեջ զորք չմնաց, բոլոր ձեր լեռները ելան»:

Սկզբում ֆիդայիները լուրջ ուշադրություն չեն դարձնում քրդի ասածին, բայց քիչ անց բաբշենցի  աչիկը և Մելքոնը հաստատում են քրդի հաղորդածը: Թեև թուրք իշխանությունների ձեռնարկած քայլերը անակնկալ էին, բայց Սերոբն անվարան ոտքի է հանում մարտական խումբը և հրամայում արագորեն բարձրանալ գյուղը շրջափակող բլրակների վրա ու դիրքեր գրավել ժայռերի հետևում:

Ֆիդայիները դեռ չէին հասցրել ձորի միջով գյուղից դուրս գալ, երբ տարբեր ուղղություններից նրանց վրա են տեղում թուրք զինվորների համազարկերը:  Փրկության ելքը մեկն էր. շտապ բարձրանալ մերձակա բարձունքներից մեկը, դիմադրել մինչև մութն ընկնելը, ապա ճեղքել պաշարման օղակն ու արագորեն հեռանալ: Սերոբը մարտախումբը բաժանում է երկու մասի և յուրաքանչյուրին տալիս է համապատասխան հանձնարարություն: Առաջին խումբը  պետք է դիրքեր գրավեր և աշխատեր հնարավորինս կասեցնել թուրք զինվորների առաջխաղացումը, դրանով իսկ հնարավորություն ընձեռել, որ Սերոբը խմբի մյուս մարտիկների  հետ գրավեր բարձունքն ու այնտեղրից տեղացող կրակով օգներ մյուսներին` ելնելու բարձունքը:

Անհրաժեշտ էր շտապ վճռական քայլեր ձեռնարկել, այլապես թուրքերը, հարձակում գործելով, կարող էին հեշտությամբ կոտրել փոքրաքանակ և հուսալի պաշտպանական դիրքեր չունեցող ֆիդայիների դիմադրությունը: Ուշադրությամբ զննելով տեղանքը՝ Սերոբը նկատում է, որ իրենց վերևում գտնվող բարձունքներից մեկը դեռևս գրավված չէր: Թուրքերի տեսադաշտից կարծես թե վրիպել էր այդ կարևոր դիրքը: Ակնթարթորեն գնահատելով այդ դիրքի արժեքն ու փրկարար նշանակությունը, Սերոբը հրամայում է. «… տղայք, այդ դիրքը բռնեցեք, եթե այդ դիրքը թշնամին ձեռքներես առնի, մենք ամբողջ պիտի մեռնենք» 6

Իր մղած բազմաթիվ կռիվներում Աղբյուր Սերոբը ողջ հմայքով, քաջությամբ ու հրամանատարական վարպետությամբ առավելապես աչքի է ընկնում հենց այդ՝ Բաբշենի դյուցազնամարտում: Մարտն սկսվելուն պես թուրքերը, վստահ իրենց թվական և զինվածության գերազանցությանը, բուռն գրոհով նետվում են հայերի վրա: Քաջարի հայդուկները չերկնչելով թշնամու բազմությունից, հանգիստ ու սառնարյուն, անվրեպ միահամուռ հարվածներով դիմավորում են թշնամուն: Թուրքերի բոլոր գրոհները փշրվում են՝ հանդիպելով հայ ֆիդայիների անկոտրում կամքին ու վճռականությանը:

«Սերոբը,- գրում է Հրայր Դժոխքը,- իր խրոխտ ու ազդու ձայնով հրահանգները կորոտար հայդուկներին, կդիտեր նրանց դիրքերը ու կսեր, մի՛ վհատվեք, Աստված մեր կողմն է, հաղթությունը՝ մեր բաժին»:

Թուրքական վաշտերի գրոհին ավելի մարտական ու ազդեցիկ տեսք տալու դիտավորությամբ անընդհատ հնչում է փողհարների մարտակոչը: Սերոբի հրամանով Մուշեղը, Բալաբեխ Կարապետն ու Ճարտարը դիպուկ հարվածներով ընդմիշտ լռեցնում են թուրք փողհարների ձայնը:

Փողհարների սպանվելը ծանր տպավորություն է գործում թուրքերի վրա: Ոգեշնչված հայ քաջորդիները վճռական հակահարված են հասցնում և դարձյալ հետ են մղում թուրքերի հերթական գրոհը: Գլուխը կորցրած Բիթլիսի ոստիկանապետ Լիվա փաշան, ֆիդայիներին ընկճելու մտքից հուսահատ, վերադառնում է քաղաք՝ նոր զորք և թնդանոթներ բերելու:

Բիթլիսի մահմեդական բնակչությանը հայերի դեմ գրգռելու համար քաղաք են տանում սպանված թուրք զինվորների դիակները և ի ցույց մոլեռանդ ամբոխի՝ պտտեցնում են քաղաքի փողոցներով: Սերոբին բռնելու պատվին արժանանալու ցանկությամբ արբած՝ օգնության շտապող զորքին միանում է թուրք զինյալ ամբոխը: Շուտով հասնում են նաև քրդական ցեղախմբերը:

Բաբշենի կռվին վերաբերող վավերագրում նշվում է, որ այդ հերոսամարտին թշնամու կողմից մասնակցել են թուրքական բանակի մի քանի գնդեր, ոստիկանական ջոկատներ և Բիթլիսի մահմեդական զինյալ ամբոխը: Համաձայն վավերագրի տվյալների՝ հակառակորդի կողմից այդ կռվին մասնակիցների թիվը հասնում է 3000-ի:

Երկու վկայություններն էլ աներկբայորեն մատնանշում են, որ թշնամու կողմից մարտնչողների թիվը ավելի քան հարյուրապատիկ անգամ գերազանցում է Սերոբի գլխավորած մարտական խմբի թվաքանակին: Սակայն այդ ամենը իզուր էր: Հրաշքներ էին գործում ֆիդայիների մոսինները: Լիվա փաշայի կարգադրությամբ՝ թնդանոթներից կատաղի կրակ են բացում հայ մարտիկների դիրքերին: Թնդանոթներից արձակած ռումբերից մեկը դիպչում է ապառաժին և նրանից պոկված քարաբեկորների հարվածների զոհն է դառնում քաջաբար մարտնչող բուլանուխցի Սարգիսը:

Թուրք զորավաշտերը և մահմեդական զինյալ ամբոխը, ոգևորվելով ֆիդայիների վրա տեղացող ռումբերի աջակցությունից, անցնում են վճռական գրոհի. «Սերոբը,- շարունակում է Հրայր Դժոխքը,- քմծիծաղով կդիտեր թշնամուն և կբոռար. «Սեդրակ, Նշան, Մուշեղ, ինչու՞ ձայն տալով չեք կռվի»:

Կռվի ողջ ընթացքում Սերոբը անընդհատ շարժման մեջ էր: Հմտորեն ղեկավարելով մարտը՝ նա հայտնվում է ամենաշիկացած ու վտանգավոր տեղերում և դիպուկ հարվածներով գետին տապալելով իրենց դիրքերը գրոհող թուրք զինվորներին՝ օգնում է իր զինակիցներին, ոգևորում ու սխրանքի կոչում նրանց:

Կռիվը շարունակվում է մինչև մութն ընկնելը, և մինչև թշնամին կհասցներ համախմբել ցաքուցրիվ եղած ուժերը, Սերոբը ընտրում է հարմար պահը և ֆիդայիների գլուխն անցած՝ ճեղքում թշնամու պաշարման շղթան ու հեռանում:

Բաբշենի կռիվն իրավամբ կարելի է համարել հայդուկային պայքարի ամենահիշարժան օրինակներից մեկը, որտեղ հայ ֆիդային դրսևորեց իր երկաթյա անկոտրում կամքն ու արիաբար մարտնչելու և ամենաօրհասական պահին անհրաժեշտ վճիռներ կայացնելու անհողդողդ ոգին ու բազմաշնորհ կարողությունը:

«Սերոբը իր հայդուկներով ազատեցավ և հոն կանգնեց հաղթության կոթող մը»:

Ահա Բաբշենի կռվի մասին Հրայր Դժոխքի գնահատականը:

Սմբատ Բորոյանի վկայությամբ՝ կռվի ընթացքում թուրքերից սպանվել են 70 հոգի:

Կռվի մասնակից Պողոսի հավաստմամբ՝ «… սատկեցան 129 կանոնավոր զորք, երեք թոփչի (նկատի ունի թնդանոթաձիգներին – Հ.Գ) և մեկ քուրդ, իսկ վիրավորները՝ կրկնակի առավել»:

Ըստ մեկ այլ վավերագրի տեղեկացման՝ Բաբշենի կռվում հայ մարտիկների հարվածների զոհ են դարձել ավելի քան 150 թուրք զինվորներ:

Բաբշենի կռիվը հսկայական տպավորություն է թողնում Բիթլիսի նահանգի ողջ բնակչության վրա: Թուրքական կանոնավոր ջոկատները և նրանց միացած թուրք ու քուրդ հրոսակախմբերը, թնդանոթներով զինված, խայտառակ պարտություն էին կրել՝ բախվելով ընդամենը 17 առյուծասիրտ հայորդիների հերոսական դիմադրությանը:

Երբեմն ամենաբիրտ թշնամին անգամ ըստ արժանվույն է գնահատում հակառակորդի մեծությունն ու քաջագործությունը: Թուրքերն առաջինը հայ ֆիդայիներից Սերոբին անվանեցին «Փաշա»: Սակայն ազատության պայքարի զինվորը երբեք չընդունեց թշնամու «շնորհած» տիտղոսը. «Ի՜նչ, կըսեր, մենք մեր փաշաներուն ու աղաներուն դէմ կը կռւինք, այժմ ես փաշա՞յ ըլլամ»:

Եթե անաչառորեն գնահատենք Բաբշենի հերոսամարտը, ապա աներկբայորեն պիտի նշել, որ այն իր հերոսականությամբ եւ արձագանքով իրոք եզակիներից էր հայության ազատագրական պայքարում: Շատ չէին համանման դեպքերը, երբ հայկական մարտական ուժերը անվիճելի հաղթանակ են տարել իիրենց քանակապես բազմիցս գերազանցող, թնդանոթներով զինված հակառակորդի նկատմամբ: Բաբշենի կռիվը ժողովրդի, անգամ թուրքերի ու քրդերի մեջ ավելի է խորացնում հարգանքը ֆիդայիների նկատմամբ:

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Պատմության էջերից


10/03/2016