Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



Այս տարի առաջին անգամ դպրոցական օլիմպիադաների ծրագրում ներառվել էր նաեւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան: Օլիմպիադայի արդյունքներն ամփոփվեցին մայիսի 26-ին պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի թիմերը, որոնք հիմնականում բաղկացած էին 7-ական հոգուց, ընդամենը` 70 աշակերտ: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 23-ից 26-ը: Մրցաշարի առաջին օրը հարցաշարի միջոցով ստուգվեցին մասնակիցների տեսական գիտելիքները, այնուհետեւ գործնական առաջադրանքներ կատարվեցին` շարային պատրաստություն, նռնակի նետում, արգելապատնեշի հաղթահարում եւ այլն: ՆԶՊ օլիմպիադայի եզրափակիչ փուլում թիմային հաշվարկում առաջին տեղը գրավեց Արմավիրի մարզի հավաքականը, երկրորդը` Երեւանի եւ երրորդը` Տավուշի մարզի թիմը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների հաղթող թիմերին եւ անհատ աշակերտներին անձամբ շնորհավորեցին եւ պարգեւներ հանձնեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Մենք հզոր ենք մեր ուժով, ոգով եւ գիտելիքով»,- իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ, շնորհավորելով օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, նշեց, որ թեեւ ՆԶՊ օլիմպիադայի ժամանակ կային ե՛ւ հաղթողներ, ե՛ւ պարտվողներ, բայց, միեւնույնն է, այս օլիմպիադայում բոլորն էլ հաղթողներ են: Նախարարն ընդգծեց, որ ՆԶՊ-ն զորակոչային նախապատրաստության եւ Հայաստանի պաշտպանության ամրապնդման առաջին օղակն է, որը հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալու հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ դրույթներին: Սեյրան Օհանյանը հատկանշական համարեց, որ շուրջ 4 օր տեւած ՆԶՊ օլիմպիադան անցկացվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ պատրաստվում եւ համալրվում է բարձրագույն սպայական կազմը, եւ համոզմունք հայտնեց, որ օլիմպիականներից շատերն իրենց համար կընտրեն հենց զինվորականի ուղին եւ կդառնան հայրենիքի նվիրյալ զինվորներ:
Նախարարը զինվորական ծառայության ժամանակ ցուցաբերած արիության եւ մասնագիտական բարձր կարողությունների համար Հայաստանի զինված ուժերի մի շարք զինծառայողների պարգեւատրեց մեդալներով, խրախուսական պատվոգրերով, նվերներով եւ նշեց, որ լեյտենանտ Գ. Քառյանը, շարքայիններ Ա. Աթոյանը, Մ. Մեսրոպյանը, Շ. Մանուկյանը, Ռ. Աղազարյանը, Ռ Զաքարյանը նվիրումի լավագույն օրինակ են աշակերտների համար: Սերժանտ Ռ. Զաքարյանը պարգեւատրվեց մարտական դաշույնով, նախկինում եւս նա արժանացել էր մեդալների եւ նվերների` սպորտային մրցումներում ըստ արժանվույն ներկայանալու համար, սակայն այս պարգեւատրումը նրա համար զինվորական ծառայության ժամանակ գործադրած ջանքերի գնահատականն է. հրամանատարությունը նրան խրախուսեց թշնամու գործողությունը մեկ քայլ առաջ իմանալու, տեղեկությունը ժամանակին գրանցելու եւ հերթապահության ժամանակ կարգապահություն պահպանելու համար:
Վազգեն Սարգսյան մեդալով պարգեւատրվեց շարքային Ա. Աթոյանը.
«Մարտական հերթապահության էինք բարձրանում: Ես հենակետի ավագի օգնականն էի, զինվորներից մեկի ոտքերը ցրտահարվեցին, ջերմաստիճանը մինուս քսան էր: Ես հանեցի վերնաշապիկս եւ թրջոցով փաթաթեցի ոտքերը, այնուհետեւ իջեցրինք դիրքերից»,- ընկերոջ համար իր արածը համեստաբար ներկայացրեց Ա.Աթոյանը:
Հաղթանակած թիմի դասակի հրամանատար եւ առաջատար Վահրամ Աղաջանյանը նշեց, որ շատ ոգեւորված է զինվորների սխրանքով. «Համոզված եմ, որ օլիմպիադայի մասնակից յուրաքանչյուր տղա վաղը կդառնա նրանց նման արժանի զինվոր»:
Այդպիսի զինվոր դաստիարակելու գործում Արմավիրի մարզի պատասխանատու զինղեկ Անահիտ Դալլաքյանը չի խնայում իր եռանդն ու գիտելիքները, ինչի համար էլ պարգեւատրվեց նախարար Սեյրան Օհանյանի կողմից: Նա, փաստորեն, կոտրեց այն կարծրատիպը, ըստ որի՝ ՆԶՊ ուսուցիչը պետք է միայն տղամարդ լինի: «Ցանկացած բնագավառում էլ առաջնային է պատասխանատվության զգացումը,- ասում է տիկին Դալլաքյանը:- Կարծում եմ՝ այս օլիմպիադան կտրուկ կփոխի առարկայի հանդեպ վերաբերմունքը»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշեց, որ նախնական զինվորական պատրաստություն առարկայից օլիմպիադան հատկանշական է երեք տեսակետից.
«Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվել է վերջին դասը, եւ դուք ուսումնական տարվա ընթացքում կատարած ձեր աշխատանքների հաղթական վերջակետն եք դնում: Երկրորդ` պաշտպանության նախարարության աջակցությամբ փորձել ենք այս առարկան կարեւորել եւ դրան տալ հանրապետական նշանակություն: Երրորդ` այս միջոցառումն անց է կացվում մայիսյան տոների նախաշեմին եւ Հանրապետության օրվան ընդառաջ: Անքակտելի է այն կապը, որը ձեւավորվել է կրթություն-պաշտպանություն համակարգերի միջեւ: Մեր ժողովրդի գոյատեւման եւ զարգացման բանաձեւը ակնհայտ է` դա ուժն է՝ ի դեմս պաշտպանության, հավատն է՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, եւ գիտելիքը` ի դեմս կրթական համակարգի: Ուրախ եմ, որ այս միջոցառումն իրականացվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Վարչական շենքի մուտքի մոտ գրված է մի բանաձեւ` «Մեր մասնագիտությունը երկրի պաշտպանությունն է»: Ուզում եմ հավելել, որ բոլոր մասնագիտությունները պետք է հանգեն մեր երկրի պաշտպանական կարողությունների ընդլայնմանը, եւ բոլոր մասնագիտությունների ուրույն բաղադրիչը պետք է լինի հայրենիքի ամրապնդումն ու սեփական գիտելիքով, կարողությամբ, ուժով եւ հմտությամբ մեր պետականության կայացման գործում եւս մեկ աղյուսի ավելացումը»,- նշեց նախարարը:
Միջոցառումը կդառնա ավանդական եւ իր տեղը կունենա կրթություն-պաշտպանություն համագործակցության համակարգում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Բանակ և հասարակություն


08/06/2011