Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ



«Ռազմական համակարգի կատարելագործման նպատակն է ամբողջ պաշտպանական համակարգի որակական նոր պարամետրերի ձեւավորումը եւ երկրի անվտանգության երաշխավորված ապահովումը»:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը: Դրա համաձայն՝ այս հինգ տարիների ընթացքում հարյուրավոր պայմանագրային սերժանտներ են պատրաստվել և նշանակվել զորքերում, զգալի աշխատանք է տարվել նրանց դերն ու նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ: Պայմանագրային սերժանտ դառնալու  համար թեկնածուները նախնական ուսուցումը անցնում են ուսումնական զորամասերից մեկի բազայի վրա: Այստեղ նախապատրաստում են երկու տիպի պայմանագրային սերժանտներ` ջոկի և դասակի հրամանատարներ, ովքեր առայժմ համալրում են առավելապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը: Ծրագրի առաջնահերթ նպատակը այնպիսի սերժանտ պատրաստելն է, որը կօգնի սպային, արդյունքում՝ ստորաբաժանման կառավարումը, մարտական պատրաստությունը էականորեն ավելի բարձր մակարդակի կհասցվի: Ընդ որում, ոլորտում պակաս կարևոր դեր չի կատարում հոգեբանական գործոնը: Օրվա հիմնական մասը անցկացնելով զինվորների հետ` պայմանագրային սերժանտը տիրապետում է նրանց մասին տարաբնույթ օբյեկտիվ տեղեկատվության, որն օգտագործելով կարող է անհրաժեշտ ու կարևոր խորհուրդներ տալ սպային յուրաքանչյուր զինվորի հետ կատարվող մասնագիտական և հոգեբանական աշխատանքի վերաբերյալ:

Սերժանտական նոր համակարգը ավելացված գործառույթների և բանիմացության շնորհիվ դառնալու է սպայական և շարքային կազմերի միջև միջանկյալ օղակ` շարքայինների հետ մշտական շփումների շնորհիվ հասու լինելով նրանց խնդիրներին և դրական ազդեցություն գործելով կարգապահության ամրապնդման վրա:

Համակարգն իր բացահայտ առավելություններն ունի, որոնք աստիճանաբար են կյանքի կոչվում, հարմարեցվում զինծառայողներին: Այն աշխատում է բավական արդյունավետ: Ամեն ինչ կախված է տվյալ զորամասում տիրող մթնոլորտից: Եթե սերժանտին վստահեն, որոշակի արտոնություններ տան, նա զգա, որ ինքն է հրամանատարը, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Համեմատության համար նշեմ, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որևէ մեկի զինված ուժերի պայմանագրային սերժանտներ են գալիս մեզ մոտ ճանաչողական այցով, մենք տեսնում ենք, որ նրանց դերը չափազանց մեծ է: Շատ մեծ իրավունքներ ունեն, շարքային զինվորը կարող է այնտեղ մեկ-երկու տարի ծառայել և սերժանտից բացի այլ վերադասի չտեսնել, վերջինս է կազմակերպում մարտական ուսուցման ողջ գործընթացը: Վստահ կարելի է ասել, որ մի քանի տարի անց մեր զինված ուժերում էլ հասնելու ենք դրան: Համոզվածությունս հիմնվում է այն փաստի վրա, որ արհեստավարժ սերժանտները որոշակի առավելություն ունեն սպաների մի խմբի նկատմամբ: Երբ ռազմական ինստիտուտն ավարտած երիտասարդ լեյտենանտը նշանակվում է դասակի հրամանատար, նա տիրապետում է առավելապես տեսական գիտելիքների և գործնականում որպես սպա կայանում է արդեն զորամասում: Իսկ դասակում արդեն կա դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ, որը երկու տարի պարտադիր ժամկետային ծառայություն է անցել, ապա մասնակցել է դասընթացներին և նշանակվել ջոկի հրամանատար: Այսինքն՝ հանգամանքների ամենալավ դասավորության դեպքում դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ նշանակվելիս նա արդեն ունի առնվազն հինգ տարվա ծառայության փորձ: 22-23 տարեկան նորաթուխ լեյտենանտի կողքին կանգնում է փորձառու սերժանտ, որը բոլոր օղակներում կարողանում է արդյունավետ կազմակերպել առօրյա ծառայությունը, վերահսկել ուսումնական գործընթացը և կազմակերպել մարտական հերթապահության միջոցառումները: Այս դեպքում արդեն լեյտենանտը հրաման կտա ոչ թե գրեթե իր տարեկից զինվորներին, այլ անձնակազմը կղեկավարի փորձառու սերժանտի միջոցով՝ զերծ մնալով շատ դեպքերում անխուսափելի հոգեբանական լարվածությունից և կոնֆլիկտներից:

♦♦♦

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորմանը զուգահեռ ընդամենը մի քանի տարվա ընթացքում ձևավորվեց ՀՀ ռազմական բուհերի համակարգը: Մասնավորապես` ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում իրականացվում է ռազմական բժիշկների պատրաստություն, շրջանավարտներին հնարավորություն է տրվում մասնակցելու ՀՀ ՊՆ պատվերով բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրայի ընդունելության մրցույթին: Ռազմական բժիշկները հնարավորություն ունեն վերապատրաստվելու նաև ՌԴ-ում, Չինաստանում, Գերմանիայում: Բարեփոխումների ժամանակաշրջանում կարևոր աշխատանքներ կատարվեցին զինվորական անձնակազմի ծառայողական առաջխաղացման, ծառայության տևողության, որակավորման և ընդհանրապես կադրային կառավարման հարցերի համակողմանի վերանայման ու դրանց իրավական ձևակերպման ուղղությամբ: Փոխվել են կառավարման մարտավարական օղակներ, ավելացել են նոր ստորաբաժանումներ և զինատեսակներ, աստիճանաբար ավելանում է պայմանագրային ծառայության մասնաբաժինը և այլն: Իհարկե, այդ ամենն իրագործելու համար հարկավոր են նորովի մտածողությամբ, ժամանակակից կրթություն ստացած մասնագետներ:

Եթե ԶՈՒ-ի ստեղծման առաջին տասնամյակում զինվորական կրթությամբ սպաների թիվը չէր գերազանցում 5 %-ը, ապա այսօր նրանց թիվը գերակշռում է: Ավելին, այսօր արդեն պաշտպանական համակարգի կադրային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը սպայակազմի երիտասարդացումն է` բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմամասնագիտական կրթությամբ սպաներով համալրմամբ: Ռազմական կրթությամբ երիտասարդներով համալրումից բացի, միջոցներ են ձեռնարկվում նաև զինծառայության մեջ քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչի ենթակա երիտասարդների ներգրավելու ուղղությամբ: Այդ նպատակով ռազմական ինստիտուտում հիմնվել են մեկամյա ակադեմիական դասընթացներ, դրանք հաջողությամբ ավարտածները նշանակվում են զորքերում ծառայության:

Սպայական կադրերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով հաստատվել է «ՀՀ ՊՆ կենտրոնական որակավորման հանձնաժողովի կողմից բարձրագույն և ավագ սպայական կազմերի որակավորում անցկացնելու կարգը»: Բարձրագույն և ավագ սպայական կազմերի որակավորումը հնարավորություն է տալիս ստեղծելու պաշտոնների առաջխաղացման ռեզերվ, որից ընտրվում են թեկնածուներ` ԶՈՒ-ն ակադեմիական կրթությամբ սպաներով ապահովելու համար:

Ռազմական կրթությունը ակադեմիական մակարդակի հասցնելու գործում կարևոր  դերակատարում ունի նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային համալսարանը: Նոր հաստատությունում, որում սերտորեն համադրվելու են գիտական և կրթական բաղադրիչները, գործելու են ռազմավարական մակարդակի վերապատրաստման միջգերատեսչական դասընթացներ` նախատեսված ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերում շահագրգիռ պետական կառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների համար:

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/03/2016