ՔԱՐՔԵ ԼԵՌԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ
Մուրադ Մուրադյանի, Ենոք Շահնազարյանի, Մեսրոպ Սևոյանի, Նորայր Բարսեղյանի պայծառ հիշատակին
Շատախի բարձրաբերձ լեռներից հոսում էին սառնորակ գետակները` Վանա ծով հասցնելով կապույտ երազներ ու աստղերի ցոլանք: Այդ լեռներին թիկնած գյուղերում իրենց մանկությունն ու պատանեկությունն անցկացրած մարդկանց հիշողությունները սկսվում են սառնորակ աղբյուրներից, գետակներից ու Վանա ծովի կապույտից: Եվ չնայած եղեռնական, ահասարսուռ օրերին` բարձրիկ աշխարհի մարդիկ իրենց հոգում պահում-պահպանում էին մանկության կարոտն ու հիշողությունները, որոնք փոխանցվում էին սերնդեսերունդ: Նրանցից մեկն էլ Ազո պապն էր, որի անունը հայտնի էր ինչպես հայերին, այնպես էլ թուրքական կառավարությանը: Թուրքական կառավարությունը 101 տարվա բանտարկություն էր տվել նրան, սակայն 1908-ի «հուրիեթով» ազատ էր արձակվել: Ծննդավայրը մնացել էր հեռվում, ու Ազո պապը տղաներին, թոռներին պատմում էր իր կիսատ մանկությունից, իր ծնողներից և հիշատակում բազմաթիվ գործեր, անուններ, որոնք տեղի էին ունեցել Շատախի բարձրաբերձ լեռներում: Ու միշտ վերջում ափսոսանքով ձեռքը խփում էր ծնկանը.
-Մա՞րդ էլ իր ծնողների շիրիմին խունկ չծխի:
Ու էդ կարոտով էլ աչքերը փակեց Ազո պապը` կարոտը, հայրենասիրությունը, խենթությունը փոխանցելով իր զավակներին: Ավագ որդին` Վարդգեսը, որն արդեն 80-ն անց էր, իր մասնակցությունը բերեց Լաչինի ճանապարհաշինությանը: Փորձառու մասնագետը գիշեր ու զօր այնտեղ էր և միայն ոգևորությամբ ու հպարտությամբ է վերհիշում այդ օրերը: Մյուս որդին` Թորգոմը, զենքը ձեռքին դուրս եկավ հայրենի եզերքը պաշտպանելու: Իսկ Ազո պապի թոռը` Հարութը, Արցախյան ազատագրական պայքարի օրերին «Շատախ» ջոկատի հրամանատարի տեղակալն էր: (Ականջը կանչի, հիմա Ֆրանսիայում է): Հարութը դեռ խորհրդային տարիներին, երբ բացակայում էր գյուղից, գյուղացիներն իրար ասում էին. «Իսկական խենթ. գնաց, Աստված ջան, փորձանքի չգա»:
Շուռ էր գալիս Ուրցի լեռներն ու քայլում Նախիջևանի ուղղությամբ: Գնում-հասնում էր Քարքի գյուղի գլուխն ու ձայնում. «Էս մեր հողերը ձեզնով արել ու նստել եք, վաշեցե՞լ եք, ես ձեր»… Ձենով Օհանի նման ձայնում էր ու հայհոյում: Թուրքաբնակ գյուղում սկսվում էր իրարանցում, ձայնում էին մեկը մյուսին ու եղաններով, գերանդիներով, կացիններով զինված ամբոխը բարձրանում էր դեպի Հարութը: Հարթավայր իջնող վարորդներն արդեն գիտեին, ճանաչում էին նրան, ու երբ մեքենաների շարանը ձգվում էր ողջ ճանապարհով մեկ, ու վարորդներն իջնելով կանգնում էին Հարութի կողքին, ներքևից շնչահատ բարձրացող ամբոխը վարանում էր ու ոսկե ատամնաշարերը փայլեցնելով՝ ձայնում էին. «Բա եղա՞վ, կարդաշ»: Իսկ Հարութը, որին տղաները օղակել ու սաստում էին, փորձում էր ազատվել` ձայնելով. «Իմ Ազո պապին դուք չեք ճանաչում, իմ Ազո պապին ձեր Սուլթանը խաբել է…»:
Իսկ սովետական միլիցիոներներն արդեն դեպքի վայրում էին, ու վարորդները շուտափույթ Հարութին նստեցնում էին մեքենան ու իջեցնում հարթավայր, երեկոյան կողմ հասցնում գյուղ, որտեղ արդեն սովորաբար լուրը հասած էր լինում: Ու երբ Հարութն իջնում էր մեքենայից, գյուղացիները ժպտալով հարցնում էին նրան.
-Այ խենթ, էլի փորձա՞նք ես բերել: Տղա՛ ջան, զգույշ եղիր, էս իշխանության հետ կատակ չեն անում, ոնց որ բռունցքով խփես մախաթին…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Հոգևոր-մշակութային