Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՄՈՆԹԵՆ



Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 53 տարեկան

Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը… Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել… Հերոս, որի ամեն բառն ու միտքը՝ թե՛ կռվի պահին ասված, թե՛ հազվադեպ հանգստի, դարձավ թեւավոր խոսք ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ է անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։ Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում եւ այսպես առասպելականացնում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…

Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ եւ այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որեւէ ուրիշ հայի։ Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաեւ կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ։ Հետեւաբար բնական է լինել այստեղ եւ պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին։
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Անցյալին Սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար եւ այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար։ Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է։
Շատ նորմալ բան է։ Նորմալ բան է, որ հայը գա եւ իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Իրավունքն է բոլորին եւ նաեւ պարտականությունն է։ Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնն ընելու, միայն այն է զարմանալին։
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել` անձնուրաց հերոս, ֆանատիկոս□, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր։ Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանի ազնվությամբ ու պարզությամբ□ այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր հետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտի հասցնելը։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Մարտավարության հմուտ վարպետը

Մոնթեի հետ ծանոթացա 1992թ. վերջին։ Մի քանի անգամ անմիջականորեն շփվել ենք։ Ես բանակի շտաբի պետն էի, ինքը` Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Մեր միջեւ պարզ, մարդկային փոխհարաբերություններ էին։
Որպես մարդու, անհատի` նրա կերպարում գնահատում էի կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու ունակությունը, նույնիսկ ամենադաժան պայմաններում, երբ մարդիկ չէին էլ ակնկալում, նրանց մասին մտածելու, հոգալու պատրաստակամությունը։ Անշուշտ, այդ ունակությունը պայմանավորված էր իր չափից ավելի բարոյական նկարագրով։ Ազնիվ անձնավորություն էր, երբեք ոչինչ չի շռայլել, համեստ կեցվածք ուներ` մարդկային իրատեսական վերաբերմունքով։
Որպես զինվորական` մարտավարության հմուտ գիտակ էր` փոքր ստորաբաժանումներից մինչեւ խոշոր զորամիավորման քաջ տիրապետող անձնավորություն։ Իհարկե, վճռորոշ էին նրա մտավոր բարձր կարողություններն ու լայն աշխարհայացքը։ Ռազմական պատրաստվածության հետ մեկտեղ ապահովեց Մարտունու շրջանի հուսալի պաշտպանությունը։
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

Մոնթեի հետ ծանոթացել եմ 1992թ. փետրվարի 22-ին, Վերին Վեյսալուի ազատագրման ժամանակ։ Տեխնիկայի օգնությամբ եւ մեր ուժերով Վերին Վեյսալուն գրավելիս վիրավորվեցի։ Երեւանում բուժվելուց հետո ներկայացա ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին` իմանալու հետագա անելիքս։ Ասաց, որ Մոնթեն անծանոթ է մեր «մենթալիտետին», եւ իմ ներկայությունն այնտեղ ճիշտ կլինի։ Ես մեկնեցի Մարտունի։ Սկզբում Մոնթեի տեղակալն էի։ 1992թ. հուլիսի 28-ին հակառակորդն անցավ ծավալուն հարձակման։ Ես ղեկավարում էի Ճարտարի ուղղության պաշտպանությունը։ Փայլուն հաղթանակից հետո ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահի հրամանով նշանակվեցի Ճարտարի գումարտակի հրամանատար եւ ձեռնամուխ եղա բանակային գումարտակների ձեւավորմանը։ Ինձ համար ամենահայրենասեր, ամենաազնիվ մարդն էր Մոնթեն։ Ազնիվ էր ու անկոտրում։ Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, նա պրոֆեսիոնալ էր իր անցած ճանապարհով` որպես կորցրած հայրենիքի, Հայ դատի զինվոր, նաեւ ռազմական գործի իմացությամբ։ Մեծ հայ էր։
Եթե իմանաք, թե Մարտունիում ինչ աստիճանի դժվարություններ հաղթահարեց, բայց ոչ մի անգամ չասաց` կթողնեմ, կգնամ։ Ինքն իրեն հստակ խնդիրներ էր առաջադրում, այնպիսի խնդիրներ, որ այդ օրերին, այդ իրավիճակում մեզ թվում էին անիրագործելի։ 1992-93թթ. շատ ծանր իրադրություն էր։ Շահումյանը հայաթափվել էր, Մարտակերտը գրեթե ամբողջությամբ զավթված էր, Հադրութի գյուղերը` նույնպես։ Եվ անկումի այդ իրավիճակում Մոնթեն ասում էր. «Ղարաբաղի սահմանը պետք է այստեղ լինի»,- ու գծագրում էր ԼՂՀ այսօրվա սահմանները։ Մենք մտածում էինք, որ նա մեծ երազող է։ Մեր երազանքն էր ընդամենը վերադարձնել մեր գյուղերը։
Շատ լավ էր տիրապետում բանակային կարգուկանոնին։ Արտոնյալ անձանց (կային այդպիսիք) շարք կանգնեցնելու խնդիրներ շատ էին ծագում։ Ասում էին. «Մենք կռված ջոկատ ենք»։ Մոնթեն հրամայում էր. «Ինձ կռված տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք, շա՛րք կանգնեցեք»։
Համոզված էր` մեր հաղթանակի երաշխիքը կանոնավոր բանակ ունենալն է։ Երազում էր, որ բոլոր մարտիկները միատեսակ հագնվեն։ Ցավոք, չհասցրեց տեսնել այդ ամենը։ Չէր թողնում, որ գերիների հանդեպ դաժան լինեն, գրաված տարածքում նեղացնեն բնակչությանը։
Շատ բարձր եմ գնահատում այն, որ միշտ արդյունավետ արված գործը վերագրում էր իր ենթականերին, իսկ ենթակաների չարածը` իրեն։ Նրա ամենատպավորիչ, էական հատկանիշը մի օրինակով չես սպառի։ Ենթականերին նախապատրաստում էր որպես վաղվա հրամանատարներ։ Գումարտակի հրամանատարին ասում էր. «Այս կռիվը դու պիտի վարես»։
Ավոյի խոսքը դարձել է թեւավոր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում այս խոսքն ամենուր գրված է։
Եթե Մոնթեի պես աշխատենք ու ապրենք, վաղվա օրն ապահով կլինի։
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

… Կարո՞ղ ենք մի պահ պատկերացնել, որ Մոնթեն ահա այսօր, ձեռքը ճակատին հովանի արած, Շուշիի բարձունքից խաղաղ նայում է Արցախ աշխարհին, այն աշխարհին, որի փրկությունը կերտողներից մեկն էլ ինքը եղավ…
Թերեւս ո՛չ… Նա պայքարի համար էր ծնվել… Նա զենքը վայր դնողը չէր։ Հաղթանակից հետո նա իր զենքը կառներ ու կգնար… Ո՞ւր՝ չգիտենք… Հավանաբար նա կգնար, կբարձրանար Արարատ սարն ի վեր, կգնար, կկորչեր նրա ձյունածածկ գագաթներում… Չէ, նա տանը նստողը չէր. նա կգնար իր երազի հետեւից։ Դժվար է հավատալ նրա մահվանը, նրա զոհվելուն, դժվար է հավատալ, որովհետեւ լեգենդը երբեք չի մեռնում։ Մի բան հաստատ է. Մոնթեն մի օր իջնելու է Արարատի փեշերից…

Պատրաստեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (862) 1.12.2010 - 8.12.2010, Ճակատագրեր


08/12/2010