ԿԱՆԱՅՔ՝ ԶԻՆՎՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱՐԱՐ
Առաջին աշխարհամարտի տարիներին հայտնվեցին առաջին կին զինծառայողները: Ավելի ուշ՝ 1970-ական թվականներին, կանայք իրավունք ստացան զինված ուժերում ծառայության անցնելու որպես կամավոր պայմանագրայիններ: Ներկայումս կանայք ծառայում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Դանիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Իսրայելի, Իսպանիայի, Հունաստանի, Շրի Լանկայի եւ այլ երկրների զինված ուժերում:
Զինված ուժերում կանանց ներգրավելու միտքը ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆՆ է: 1653 թվականին Անգլիայում ի հայտ են գալիս ռազմական հոսպիտալներ, որտեղ աշխատում էին զինվորների կանայք: 1917-1919 թվականներին անգլիական զինված ուժերում ստեղծվեցին Կանացի թագավորական ռազմաօդային ուժերը, Ռազմածովային թագավորական աջակցող կորպուսը, Ավտոտրանսպորտի բաժանմունքի կանանց լեգեոնը: Ընդհանուր առմամբ, այդ տարիներին զինված ուժերում ներգրավվեցին շուրջ 100 հազար կին ծառայողներ:
Տղամարդկանց հետ հավասար պայմաններում՝ սոցիալական նույն կարգավիճակով կանայք սկսել են ծառայել ԿԱՆԱԴԱՅԻ զինված ուժերում 1895 թվականից: Որպես օրենք, խաղաղ պայմաններում կանայք զորակոչվում են կամավոր սկզբունքներով:
ԻՍՐԱՅԵԼԻ պաշտպանության բանակի կանանց կորպուսը ստեղծվել է 1948 թվականին: 1995 թվականից կանայք ծառայում են նաև ռազմաօդային ուժերում, իսկ 2000 թվականից՝ մարտական ստորաբաժանումներում: Այժմ այդ երկրում կանանց համար հասանելի է ռազմական մասնագիտությունների 90 տոկոսը: Կանանց թիվը Իսրայելի բանակում հասնում է շուրջ 35 տոկոսի: Զորակոչվում են 18-ից 24 տարեկան չամուսնացած կանայք: Տարեկետում կարող է տրվել միմիայն բուհերի ուսանողներին, իսկ որոշակի արտոնություններ՝ կրոնական հաստատությունների շրջանավարտներին և հուդայական հոգևորականների ընտանիքի անդամներին:
2015 թվականից կանանց համար պարտադիր զինծառայություն է սահմանվել նաև ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ: Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որտեղ զորակոչվելու են 18 տարին լրացած բոլոր կանայք՝ 19 ամիս ժամկետով: Մինչ այդ, կանայք ծառայում էին կամավոր սկզբունքով:
ԱՄՆ-ում կանայք երկրի զինված ուժերը համալրելու իրավունք ստացան 1948 թվականից. հատուկ օրենքով սահմանվում էին կանանց թույլատրելի թվաքանակը, արտոնությունները: Օրինակ՝ սահմանվում էր, որ կանայք չեն կարող զբաղեցնել պաշտոններ, որտեղ նրանց ենթակայության տակ տղամարդ կլինի, ինչպես նաև ծառայել ռազմաօդային և ռազմածովային ստորաբաժանումներում: 1967 թվականին սահմանափակումների մեծ մասը հանվեց: 1992 թվականին կանայք իրավունք ստացան դառնալու ռազմական օդաչուներ, իսկ 1993 թվականից՝ նավաստիներ: 1976 թվականից նրանք մասնագիտական կրթություն ստանալու իրավունք ունեն ԱՄՆ-ի ռազմական ուսումնական հաստատություններում, որոնց թվում՝ նաև ակադեմիաներում: Զինված ուժերում զինծառայության անցնելու մասին պայմանագիրը երկամյա է՝ երկարացման հնարավորություններով:
Ներկայումս կանայք կազմում են ԱՄՆ-ի զինված ուժերի անձնակազմի գրեթե 15 տոկոսը: Ամերիկյան բանակն ունեցել է ավելի քան 100 կին գեներալ, 60 հազար սպա, 300 հազար սերժանտ և զինվոր:
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ 1975 թվականին կանանց թույլատրել են ծառայել սանիտարական զորքերում, իսկ ավելի վաղ՝ զինվորական նվագախմբերում: 2001 թվականից արդեն կանանց թույլատրվել է ծառայության անցնելու բոլոր տեսակի զորամիավորումներում՝ մասնագիտացումներով: Կանայք կազմում են գերմանական բանակի շուրջ 9 տոկոսը:
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ 1999 թվականին կանայք իրավունք ստացան ծառայելու բոլոր զորամիավորումներում, բացի ստորջրյա և հատուկ նշանակության: Այսօր կանայք կազմում են իտալական բանակի շուրջ 7 տոկոսը:
ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ կանայք զինվորական ծառայության են անցնում կամավոր սկզբունքով: Կանայք կազմում են լեհական բանակի շուրջ 7 տոկոսը:
Ամենաֆեմինիզացվածը ՖՐԱՆՍԻԱԿԱՆ բանակն է: Այստեղ կանայք կազմում են զինված ուժերի անձնակազմի շուրջ 22 տոկոսը: Նրանք ծառայում են գրեթե բոլոր զորամիավորումներում, բացի Օտարերկրյա լեգեոնից, ռազմածովային հետևակից և սուզանավերի անձնակազմից: 2014 թվականից կանայք մասնակցում են նաև մարտական գործողությունների:
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ կանայք ծառայում են տղամարդկանց հետ իրավահավասար պայմաններով: 1989 թվականից նրանք կարող են ծառայել բոլոր տեսակի զորամիավորումներում: Այժմ կանայք կազմում են իսպանական բանակի շուրջ 14 տոկոսը:
Կանայք ՌՈՒՍԱՍՏԱՆԻ զինված ուժերում որպես բուժակներ առաջին անգամ ներգրավվել են 1853-1856 թվկանների Ղրիմի պատերազմի ժամանակ: Առաջին աշխարհամարտի տարիներին բուժծառայության ոլորտում կար ավելի քան 25 հազար կին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմական գործողությունների մասնակցել է շուրջ 1 միլիոն կին:
Մահմեդական երկրների կանայք կամավորության սկզբունքով ծառայության են անցնում ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ և ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ: Թուրքիայի ռազմական ակադեմիաներ կանայք ընդունվելու իրավունք ստացան 1955 թվականից, իսկ 1957թ.-ից նրանց շնորհվում են սպայական կոչումներ:
Իրանի Իսլամական Հանրապետությունում գործում են «Ալ Զոհրա» կանանց գումարտակներ, որոնք ներքին գործերի նախարարության ենթակայությամբ «Բասիջ» զորամիավորումների հատուկ նշանակության ստորաբաժանումներ են և գործում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հովանու ներքո: Կանայք հատուկ մասնագիտացված պատրաստություն են անցնում 1980-ական թվականներին Թեհրանի մոտ բացված իր տեսակով եզակի ռազմական դպրոցում:
Իսպանիայում, Կանադայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Վրաստանում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Լատվիայում, Չեխիայում, Կոլումբիայում կանայք զբաղեցրել կամ զբաղեցնում են նաև պաշտպանության նախարարի պաշտոնը:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավագ լեյտենանտ
Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Ռազմական