Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԶՈՒՄ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՄԵԿ ՀԱՍՑԵԱՏԵՐ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ



Ոչնչացման է ենթակա այն ազգը, որ չունի ամուր, կայուն դպրոց:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

Հաճախ որևէ դպրոցի մասին խոսելիս որպես որակական ցուցանիշ մատնանշվում է այդ կրթօջախից բուհ ընդունվողների թիվը, սակայն դրա կողքին պակաս կարևոր ցուցանիշ չէ, թե դպրոցի սաներից քանիսն են արժանապատիվ, բարեխիղճ նվիրումով ծառայում հայրենիքին:

Արցախյան պատերազմում հերոսացած քաջորդու` Արմեն Հովհաննիսյանի անունը կրող N 194 դպրոցում ենք: Բանակին, զինվորին նվիրված գեղեցիկ և ինքնատիպ միջոցառում է: Բեմում մրցանակաբաշխություն է` մրցանակներ հանձնելու հանդիսավոր արարողություն:

«Տարվա հարստություն» մրցանակը շնորհվում է հայ զինվորին և հայկական բանակին: Մրցանակը տրվում է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:

«Տարվա հպարտություն» մրցանակը դպրոցը շնորհում է լավագույն զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանին:

«Տարվա հերոսը» հերոս զինվորներ ծնող հայ մայրերն են: Մրցանակը հանձնվում է Արմեն Հովհաննիսյանի մորը` տիկին Լաուրային: Հուզիչ է զավակ կորցրած մոր սրտաբուխ խոսքը.

«Թող լույսը բարի բացվի աշխարհի բոլոր զինվորների համար: Բոլոր զինվոր զավակները տուն դառնան, երջանկացնեն իրենց մայրերին: Ապրեք խաղաղ հողում, խաղաղ սրտով, խաղաղության մեջ»:

«Տարվա սեր» մրցանակն էլ շնորհվում է հայ զինվորին սպասող բոլոր աղջիկներին: Մրցանակը հանձնվում է դպրոցի ուսուցչուհիներից մեկին` Մարիամ Դուրգարյանին, որի նշանածը ծառայում է բանակում: «Սիրեք և սպասեք ձեր զինվորներին»,- պատվիրում է երիտասարդ ուսուցչուհին:

«Տարվա ուրախությունը» շնորհվում է այն զինվորներին, ովքեր արդեն վերադարձել են բանակից: Մրցանակ ստանալու համար բեմ են բարձրանում դպրոցի այն ուսուցչուհիները, որոնց որդիներն արդեն վերադարձել են: «Թող երջանկության այս անկրկնելի բերկրանքը ապրեն ու զգան բոլոր զինվորների մայրերը»,- մաղթում են նրանք:

«Արմեն Հովհաննիսյանի անունը կրող N 194 դպրոցի աշակերտները շատ լավ են ծառայում,- նշում է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և հավելում: -Հայրենիքի պաշտպան, հայրենասեր սերունդ կրթելու գործում դպրոցը և ուսուցիչները բացառիկ դերակատարություն ունեն: Այսօրվա աշակերտը վաղվա զինվորն է, և որքան բարձր մակարդակով իրականացվի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, այնքան մարտունակ, այնքան անխոցելի կլինի բանակը»:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ևս իր ելույթում կարևորում է դպրոցի դերը գաղափարապես ամուր զինվոր կրթելու գործում. «Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, երբ կանցլեր Բիսմարկին հարցրել են, թե՝ «Այդ ինչպե՞ս են դաստիարակել այդչափ քաջարի, ոգեղեն մարտիկների, նա պատասխանել է` հարցրեք ուսուցիչներին»: Երկիրը ուժեղ և հզոր է ոչ միայն զենքով, այլ նաև գրչով, երգով, գիտելիքով: Ամեն մեկը պետք է իր գործի նվիրյալը լինի»:

Իսկ դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը, որն իր հայրենանվեր գործունեության համար բազմիցս պարգևատրվել է գերատեսչական մեդալներով, լրացնում է. «Հայրենասիրությունը մեր պատկերացմամբ միայն զենքը ձեռքին հայրենիքի սահմաններին ամուր կանգնելն ու թշնամուն դիմակայելը չէ: Հայրենասիրության դրսևորում է, երբ հանդուրժող, բարի, ներողամիտ սերունդ ես կրթում. այս արժեքները մենք շատ ենք կարևորում: Բազմաթիվ ծրագրեր ունի դպրոցը: Պաշտպանության նախարարության աջակցությամբ այցելելու ենք սահմանային զորամասեր` մեր երգուպարով ուրախացնելու հայրենի եզերքն անառիկ պահող զինվորներին…»:

Միջոցառմանը ներկա էին նաև գնդապետ Ա. Բաղդասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորները: Հրամանատարը ևս կարևորում է նմանաբնույթ միջոցառումների դերը ոչ միայն աշակերտների, այլ հենց զինվորների համար. «Այս ոգեղենությունը մեր զինվորներն իրենց հետ կտանեն զորամաս, զորքեր…»:

Մրցանակաբաշխությունը դեռ շարունակվում է: «Տարվա ձեռքբերումը» հայ զինվորի հաղթանակն է. թշնամին ոչ մի միլիմետրով չի կարողացել խախտել սահմանը ու չի կարողանալու խախտել, որովհետև հայ զինվորը վաղը ևս իր գործի արժանավոր շարունակողն ունի:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Ազգային բանակ


17/03/2016