Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԷՐ



Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո Թուրքիայում նոր թափ է առել հայ ժողովրդի պատմության խեղաթյուրման եւ ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, որն անդրադառնում է նաեւ համշենցիների՝ բռնի իսլամացած հայերի վրա: Խնդիրը քննարկել ենք ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: Նա բազմիցս եղել է Համշենում եւ նրա ուսումնասիրությունները հիմնված են տեղում արձանագրված փաստերի վրա:

 

ՋՆՋԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԸ ԿԱՄ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ 300 ՏԱՐԻ

ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԷՐ-Օսմանյան կայսրությունը, ի սկզբանե նոր տարածքներ նվաճելով, ձգտում էր ամենուր հաստատել իսլամա-օսմանական համակարգ: Եվ դրան հասնելու մեթոդներից մեկը եղել է քրիստոնյաների բռնի իսլամացումը: Այդ քաղաքականությունն իրականացվել է նաեւ պատմական Հայաստանի տարածքում, որից մեծապես տուժել է հայոց Համշեն գավառը: Իմ ուսումնասիրությունների արդյունքում ես ինքս ինձ համար բացահայտեցի մի աշխարհ, որը լի է բազում հետաքրքրություններով ու գաղտնիքներով: Այդ աշխարհում ես զգացել եմ ե՛ւ հոգեկան բերկրանք, ե՛ւ ցավ: Կարելի է ասել, որ Համշենն իմ կյանքում իսկապես դարձավ մի կարեւոր շրջադարձի փուլ: Այնինչ, այդ ընտրությունը պատահական չէր. լինելով ալաշկերտցու թոռ՝ դեռեւս փոքր հասակից իմ ընտանիքում բազմաթիվ պատմություններ եմ լսել Էրգրի մասին: Եվ Համշեն աշխարհն էլ մեր պատմության մի մասն  է, որը դեռ չբացահայտված էջեր ունի,- ասում է Լուսինե Սահակյանը: Եվ հենց այս գիտակցումով էլ արեւմտահայերի ժառանգն իրեն նվիրեց պատմական Հայոց Համշեն գավառի մշակույթի ուսումնասիրության եւ գիտական շրջանառության մեջ դնելու  կարեւոր գործին: Նրա ամեն մի գիրքը, գիտական հոդվածը արժանի հակահարված է ընդդեմ թուրք «հեղինակների», որոնք, խեղաթյուրելով Համշենի պատմությունը, համշենցիներին ներկայացնում են իբրեւ թուրքեր, Համշենի բարբառը՝ «օղուզա-թյուրքական» ծագման:

-Թուրք կեղծարարները, գործի դնելով իրենց ամբողջ զինանոցը՝ նպատակաուղղված նենգափոխում են անգամ համշենցիների մարդաբանական տիպը՝ նրանց տալով «օղուզա-թյուրքական մարդաբանական տիպ» անհեթեթ բնութագիրը. մի բան, որ ռասայագիտության մեջ առհասարակ գոյություն չունի: Եվ իրենց այս թեզը  «ապացուցելու» համար դեռ տարիներ առաջ նախաձեռնել էին գենետիկ եւ արյան քննություն: Նրանք մինչ օրս էլ համշենցիների շրջանում ակտիվորեն քարոզում են այն թեզը, թե իբր իրենք սերում են թյուրքական ցեղերից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության դրսեւորման մի տեսակ,- փաստում է Լուսինե Սահակյանը:

-Իսկ հայ գիտնականները փորձե՞լ են թուրքերի այդ նախաձեռնությանը որեւէ հակահարված տալ:

-Այո՛: Թուրքերի այս նախաձեռնությանն ի պատասխան մենք ՀՀ տարածքում ապրող համշենցիների շրջանում մարդաբանական տիպի ուսումնասիրություններ կատարեցինք, որը սիրահոժար իրականացրեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մարդաբանության  ամբիոնի վարիչ, առաջատար գիտաշխատող, ցավոք, արդեն հանգուցյալ Նվարդ Քոչարը: Եվ մեր հետազոտությունները՝ գլխի, դեմքի, ժառանգական հատկանիշների չափագրումը, ձեռնաթաթի գծանախշանկարների ուսումնասիրությունները մեզ  տվեցին բոլոր հնարավորությունները վստահաբար փաստելու, որ համշենցիներն իրենց մարդաբանական (ռասայական) հատկանիշներով, որոնք խիստ ժառանգական են, արտացոլում են մեր նախնիների ժառանգական ամբողջությունը եւ ոչնչով չեն տարբերվում նախկինում ուսումնասիրված հայկական էթնոտարածքային խմբերից: Հայերի ճնշող մեծամասնությունը օժտված է վառ արտահայտված արմենոիդ ռասայական հատկանիշներով, որոնց բարձր ցուցանիշները հայտնաբերվել են այնպիսի հնագույն ժողովուրդների շրջանում, ինչպիսիք են խուռիները, խեթերը, ուրարտացիները, ասորիները: Եվ քանի որ համշենցիները այդ միատարրության մաս են կազմում, ապա կասկածից վեր է, որ համշենցիները հայկական էթնոսից են սերում:

Նշենք, որ թուրքական «պատմագիտության» շրջանում ի հայտ է եկել հայոց պատմության նենգափոխման մեկ այլ միտում եւս՝ տեղանունները փոփոխելու քաղաքականության փոխարեն դրանք ներկայացնել որպես թուրքական ծագման: Լուսինե Սահակյանը սա եւս անպատասխան չի թողել եւ դեռեւս 2010, 2011 թվականներին Մոնրեալում հրատարակել է   «Տեղանունների թուրքացումը Օսմանյան կայսրությունում եւ Հանրապետական Թուրքիայում» գիրքը, որում հանգամանորեն ներկայացրել է հայկական պատմական տեղանունների թուրքացման քաղաքականության ակունքները, որը սկսվել է թուրքական տարրի Հայկական բարձրավանդակ ներխուժելուն պես եւ հասել մինչեւ մեր օրերը:

 

ԺԽՏՄԱՆ ԵՎ ՈՒՐԱՑՈՒՄԻ ՄԵԿ ԴԱՐԸ

Լուսինե Սահակյանն իր գիտական գործունեության ընթացքում բազում առիթներ է ունեցել Թուրքիան ներսից ճանաչելու: Նա պատմեց նաեւ վերջերս Ստամբուլ կատարած իր այցելությունից ստացած տպավորությունների մասին:

-Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց էլ Թուրքիան շարունակում է մնալ նույնը: Մենք կանգնած ենք միեւնույն մարտահրավերների առաջ, քանի որ այդ երկիրը չի փոխել իր մոտեցումները  Հայաստանի նկատմամբ եւ շարունակում է ցեղասպանության ուրացման ու ժխտման նույնպիսի քաղաքականություն: Եվ դա նոր խնդիրների առջեւ է կանգնեցնում ոչ միայն համշենցիներին, այլեւ Կ. Պոլսի հայ համայնքին, որը հայտնվել է պատանդի կարգավիճակում:

-Տիկին Սահակյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն մոտեցումներին, թե իբր թուրքական հասարակությունը փոխվում է, դառնում է հանդուրժող, նույնիսկ ավելի շատ են սկսել խոսել ցեղասպանության մասին…

-Հայոց ցեղասպանության մասին խոսողները եւ պատմական իրողությունն ընդունողները չափազանց փոքր թիվ են կազմում: Բնականաբար, 70 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում նրանք չեն կարող ամբողջ հասարակության կարծիքի կրողը լինել: Եվ պաշտոնական շրջանակները, որոնք քաղաքական մեծ լծակներ եւ հենարան ունեն, շարունակում են նույնը մնալ: Եվ նման պարագայում փոխվող թուրքական հասարակության մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է վերջին տարիներին ապրիլի 24-ին  կազմակերպվող տարատեսակ հասարակական նախաձեռնություններին, ապա, իմ կարծիքով, դրանք զուտ քարոզչական բնույթ են կրում:

-Իսկ ո՞րը պետք է լինի մեր պետության անելիքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո:

-Մենք մեր ամբողջ ներուժը պետք է կենտրոնացնենք ոչ  թե Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ խնդիրը իրավական հարթություն  տեղափոխելու վրա: Իսկ դրա համար մենք նախեւառաջ պետք է հզորանանք ներսից՝ հասնենք Արցախի անկախության ճանաչմանը, մշտապես բարձր պահենք հայոց բանակի ոգին, կասեցնենք արտագաղթը եւ նպաստենք ներգաղթին: Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի նաեւ  միջազգային իրավունքի մասնագետներ պատրաստելը:

 

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Հոգևոր-մշակութային


17/03/2016