Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՄՅԱՆՑ ՍԻՐԵՆՔ ՈՒ ՕԳՆԵՆՔ



ՄԻՄՅԱՆՑ ՍԻՐԵՆՔ ՈՒ ՕԳՆԵՆՔԿրտսեր սերժանտ Երվանդ Մելքումյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 27-ին սահմանամերձ Բերդում: Նա  վերջերս արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանի:

-Ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ: Մինչ համադասարանցիներս պարապում էին ընդունելության համար, ես ոչինչ չէի անում: Պատմության ուսուցչուհին ասում էր. «Ինչի՞ վրա ես հույս դրել, պարապի՛ր, որ համալսարան ընդունվես, նայի՛ր Հեղինեին»,- կրկնում էր նա՝ մատնացույց անելով պատմությունից ու էլի շատ առարկաներից փայլող աղջկան: Իսկ ես չէի հասկանում պարապելու իմաստը: Թեկուզեւ մի փոքր ցածր միավորներով, բայց ընդունվեցի բուհ: Ինձ 20 միավոր պետք չէր: Արդեն առաջին կուրսի առաջին կիսամյակից արժանացա Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակի,- ոգեւորված հիշում է զինվորը:

Հարցին՝ ինչպե՞ս էր պատկերացնում ծառայությունը, եւ ի՞նչ տեսավ նա իրականում, Երվանդը պատասխանեց. «Բանակի մասին նախնական կարծիքները խիստ տարբեր ու հակասական են լինում: Ինչպես ասում են՝ լավ է մի անգամ տեսնես, քան 100 անգամ լսես: Ավարտեցի առաջին կուրսն ու զորակոչվեցի բանակ: Դրանից մի քանի օր առաջ ընկերոջս էին զորակոչել: Ինձ ճանապարհելու էր եկել նրա տատիկը: Նա համբուրեց, բարի ծառայություն մաղթեց եւ ասաց. «Դավիթիս հետ ես ծառայելու»: Այդպես էլ եղավ: Գուցե դա էր պատճառը, որ շատ արագ հարմարվեցի բանակային կյանքին ու ռեժիմին: Անսովոր էր, բայց, միեւնույն ժամանակ, այնքան սովորական»:

Երվանդի կարծիքով՝ բանակը հնարավորություն է ընձեռում գնահատելու կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, սովորեցնում շատ հարցերի այլ տեսանկյունից նայել եւ ճանաչել մարդկանց, իսկական ընկերներին:

Կրտսեր սերժանտն արդեն ետեւում է թողել ծառայության հիմնական ժամանակը, մի քանի ամիս եւս, ու արդեն տանը կլինի… Բայց արդեն ծրագրել է քաղաքացիական կյանքում իր անելիքը: Նրա նվիրական երազանքը լավ հեռուստառադիո հաղորդավար լինելն է, սեփական ծրագիր ունենալն ու վարելն է: Ի դեպ, ուսումնական զորամասում սեպտեմբերի 14-ին՝ Կապավորի օրը, ինքն է վարել է տոնական հանդիսությունը:

Եվ ահա կրտսեր սերժանտի մաղթանքը.

-Հորդորում եմ, որ զինվորները ինքնանպատակ օր չմթնեցնեն, այլ լավ տիրապետեն զինվորական մասնագիտությանը, որովհետեւ տղամարդը զինվոր է ամբողջ կյանքի համար՝ մինչեւ կյանքի վերջը: Հորդորում եմ՝  կոփվեն, ինքնակրթվեն եւ զարգանան թե՛ մարմնով, թե՛ հոգեպես: Եվ իհարկե՝ իրար սիրեն ու օգնեն:

 

Լեւոն ՓԱՆՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Ազգային բանակ


17/03/2016