ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ
Հեռուստատեսությամբ շատերը տեսած կլինեն յոթնամյա տղային, որ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած Ամանորի տոնակատարությունների ժամանակ ասաց.
-Ես Սերգեյ Ենգիբարյանն եմ: Երբ մեծանամ, պապիս նման զինվորական եմ դառնալու: Իսկ նա գնդապետ է, մասնակցել է Արցախյան պատերազմին:
Այս խոսքերը լսեց նաև փոքրիկի պապը` պահեստազորի գնդապետ Նիկոլայ Սիմոնյանը, և ներքին հպարտությամբ ասաց.
-Թոռնիկիս ցավը տանեմ` զինվորական գերդաստանը շարունակվում է:
Գնդապետի ծնողները Մանաշիդ գյուղից են, հետո տեղափոխվել են Գանձակ, ինքը ծնվել է Գանձակում, բայց կապը ազգականների հետ, որոնք ապրում էին Գետաշենում, Մարտունաշենում, Էրքեջում, Բուզլուխում, միշտ եղել է: Անմոռաց, քաղցր հիշողություններ կան կապված այդ բնակավայրերի հետ, որտեղ ծնվել-արարել են իր պապերը և հարկ եղած դեպքում՝ հերոսաբար պաշտպանել իրենց օջախները ելուզակներից:
Սիմոնյան գերդաստանի տղամարդիկ, չնայած դժվարին փորձություններին, միշտ պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Եվ տարիների հեռվից հասկանում ես, որ նրանք միշտ ուզել են պատվով, հաղթանակած վերադառնալ իրենց ծննդավայր, որն այնքա՛ն սիրելի ու հարազատ էր:
Գնդապետ Նիկոլայ Սիմոնյանի պապի եղբայրները՝ Նիկոլայը (Նիկոլ), որի անունով էլ կոչել են իրեն, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ Մամիկոնը եղել է ավագ լեյտենանտ եւ Մեծ հայրենականում կռվել դեսանտագրոհային զորամասում: Հորեղբայրներից Լևոնը (Լևան) եղել է հեծելազորային, զոհվել է ֆիննական պատերազմում, իսկ մյուս հորեղբայրը` կապիտան Թևանը, կնոջ` Հեղինեի հետ եղել է շրջափակման մեջ Լենինգրադում և հուղարկավորված է այնտեղ: Մայրական պապը` Մինաս Նազարյանը, զոհվել է Կերչում, իսկ հայրական պապը` Բարսեղ Սիմոնյանը, Հայրենական մեծ պատերազմից վերադարձել է հաշմանդամ:
Նիկոլայի Ռաֆայել և Ալվինա ծնողները, Անդրանիկ և Գրիգոր եղբայրները, Նորա քույրը բնակություն հաստատեցին Երևանում` իրենց հոգում պահպանելով նախնիների մասին այս հիշողությունները: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Նիկոլայը աշխատանքի անցավ Արփա-Սևան շինարարությունում, այնուհետև զորակոչվեց բանակ և ծառայությունն անցկացրեց Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում: Դասակի հրամանատարի տեղակալ էր, կոչումով ավագ: Ծառայությունից հետո աշխատանքի անցավ «Բազալտ» գործարանում՝ որպես ռադիոէլեկտրոմոնտաժող, իսկ 1984 թվականից ծառայության անցավ ներքին գործերի նախարարությունում, սկզբում՝ որպես շարքային միլիցիոներ, ապա՝ 1988թ.-ից՝ որպես հատուկ նշանակության վաշտի հրամանատարի տեղակալ: Արդեն սկսվել էին հանրահավաքները, սահմաններում անհանգիստ իրավիճակ էր: 1989 թվականի դեկտեմբերին մասնակցեց Կոռնիձորի ինքնապաշտպանությանը: 1990թ.՝ որպես դեսանտագրոհային գումարտակի հրամանատարի տեղակալ, կոչումով լեյտենանտ Ն. Սիմոնյանը մասնակցում է Մեղրիի, Կապանի, Գորիսի, Տավուշի, Վարդենիսի, ինչպես նաև ԼՂՀ տարածքի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին: Մեկ տարի եղել է պատերազմական գոտում: Պարգևատրվել է ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ մեդալներով` ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն»:
Հրադադարից հետո նշանակվել է ՆԳՆ ներքին զորքերի կադրերի բաժնի պետ:
2008 թվականին զորացրվել է և այժմ՝ որպես պահեստազորի գնդապետ, «Փառապանծ մարտիկ» ՀԿ-ի (ղեկավար` գնդապետ Գ. Սարգսյան) կադրերի պետն է: Ունի երեք զավակ, երկու թոռ:
Կազմակերպություն այցելած վետերանները մշտապես վերհիշում են անցած պատերազմական օրերը, իրենց հերոսաբար զոհված ընկերներին: Նրանք ամեն կերպ փորձում են օգնության ձեռք մեկնել, սատար կանգնել մեկմեկու:
Մարտական ընկերները պահեստազորի գնդապետ Նիկոլայ Սիմոնյանին հաճախ են հիշեցնում պատերազմի դաշտում նրա խստապահանջությունը: Իսկ վաստակաշատ գնդապետը իրեն հատուկ բարի ժպիտով ասում է.
-Ես երջանիկ սպաներից եմ, որովհետև, որտեղ եղել եմ, ոչ մի տեղ մարդկային կորուստ, ընկերոջ զոհ չեմ տվել: Խիստ էի` խոսում էի, արթուն էի մնում: Այդպես, մինչև գալիս էին մեզ փոխարինելու: Ու երբ տուն էինք դառնում ու պիտի մտնեինք Երևան` կանգնեցնում էի մեքենան ու հերթական անգամ շարելով անձնակազմը՝ ասում էի.
-Մեր նպատակն էր պատվով, անկորուստ կատարել մեզ տրված հանձնարարությունը: Մենք այն կատարեցինք: Խոսեցի, պատժեցի, խմիչքից հեռու պահեցի՝ հաշվի առնելով միայն մեկ կարևոր հանգամանք` որ ձեզ ողջ-առողջ հասցնեմ ձեր ծնողներին: Ձեր շնորհակալությունը հետո կհայտնեք, առայժմ բավական է ձեր ծնողների օրհնությունը:
Վերջին նախադասությունը ասում էր կատակով, ծիծաղելով ու ձեռքսեղմումով ճանապարհում էր իր զինակից ընկերներին:
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ճակատագրեր