ԳՎԱՐԴԻԱՆ ՄԵՌՆՈՒՄ Է, ԳՎԱՐԴԻԱՆ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ…
1815 թ. հունիսի 18-ին Վաթերլոյի նշանավոր ճակատամարտում միմյանց բախվեցին գահի վրա հարյուր օրով ինքնավերականգնված Նապոլեոն 1-ին Բոնապարտի կայսերական բանակը (72.000 մարդ և 250 թնդանոթ) և նրա դեմ պատերազմող հակաֆրանսիական 7-րդ կոալիցիայի (Անգլիա, Հոլանդիա, Պրուսիա) բանակներից երկուսը (անգլո-հոլանդական՝ 70.000 մարդ, 159 թնդանոթ և պրուսական՝ 127.000, 216 թնդանոթ): Բելգիական փոքրիկ գյուղը հավերժ մտավ համաշխարհային պատմության մեջ. նրա մերձակա դաշտերում ծավալված հսկաների ճակատամարտում վճռվում էր Եվրոպայի, թերևս նաև աշխարհի ճակատագիրը…
Չնայած հակառակորդի ընդհանուր թվական գերազանցությանը՝ 19-րդ դարի ռազմական հանճարին՝ Նապոլեոնին հաջողվեց մասնատել հակառակորդին և վճռական գրոհի միջոցով գրեթե կորզել հաղթանակը անգլո-հոլանդա-գերմանական միացյալ բանակից, որի հրամանատարն էր ֆելդմարշալ Արթուր Վեսլին՝ Վելինգտոնի դուքսը: Թվում էր՝ ֆրանսիական կայսերական բանակը, Նապոլեոնի հրամանատարությամբ, մոտ էր այդքան ծանր տրվող ու արյունոտ հաղթանակին: Այնինչ, ճակատամարտի վերջին ժամերին Վաթերլոոյի մարտադաշտում վերջին արյունահեղ գրոհի գնացող ֆրանսիական բանակին թիկունքից վրա հասած ֆելդմարշալ, իշխան ֆոն Բլյուխերի պրուսական բանակի 4-րդ կորպուսը (32.000 մարդ) միանգամից և անդարձ բեկեց թե՛ այս ռազմագործողության և թե՛ ամբողջ պատերազմի ընթացքը: Ֆրանսիական բանակի պարտությունն անխուսափելի դարձավ:
Այնուամենայնիվ, նապոլեոնյան բանակի բզկտված զորամասերը շարունակում էին մարտնչել հուսահատ արիությամբ: Իր տրամաբանական հանգուցալուծմանը մոտեցող ճակատամարտի ավարտին կայսերական գվարդիայի մնացորդները կազմեցին գումարտակային քառանկյուն և թշնամու տեղատարափ հրաձգային կրակի ու հրետանու փոթորկալի ռմբակոծության ներքո շարունակեցին շարժվել դեպի անգլո-հոլանդա-գերմանական մարտակարգի կենտրոնը՝ խոլական մի գրոհով փորձելով ճեղքել ու դուրս գալ շրջապատման երկաթյա օղակից: Ընդ որում՝ ֆրանսիական գվարդիականները անհողդողդ քայլում էին՝ չխախտելով շարքերը, սվինները առաջ թեքած, դրոշները վեր պարզած և չընդհատվող թմբկահարությամբ…
Անգլիական թնդանոթների յուրաքանչյուր համազարկից հետո ֆրանսիական զորամասի շարքերում արյունոտ «միջանցքներ» էին առաջանում, սակայն ընկածների տեղերը լրացնում էին նրանց զինակիցները և շարքերն անմիջապես վերականգնելով՝ շարունակում իրենց լուռ և համառ առաջխաղացումը…
Նման անօրինակ խիզախությամբ հիացած՝ անգլո-հոլանդա-գերմանական 2-րդ կորպուսի հրամանատարը՝ գեներալ, փոխկոմս Ռոլանդ Հիլն առաջարկեց քաջարի ֆրանսիացիների հրամանատարին՝ գնդապետ Կամբրոնին, հանձնվել և խուսափել նորանոր կորուստներից…
Պատվախնդիր գնդապետը շատ կոպիտ պատասխանեց՝ «Ա´ղբ: Գվարդիան մեռնում է, բայց չի հանձնվում»: Դա ֆրանսիական ռազմական ոգու հաղթանակն էր: Ըստ պատմական որոշ տեղեկությունների, անգլիացիները ևս վեհանձն էին իրենց դարավոր թշնամիների նկատմամբ: Գնահատելով հակառակորդի արիությունը՝ անգլիական հրամանատարությունը դադարեցրեց կրակը և թույլ տվեց ֆրանսիական գվարդիային հեռանալ դրոշներով, զենքերով և իսկական ռազմիկին վայել արժանապատվությամբ…
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ գազազած անգլիացիները թնդանոթային փոթորկալի կրակով պարզապես ոչնչացրին կայսերական ընտրազորի վերջին մարտունակ «քառեն»…
Մնացական Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
պատմաբան
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Պատմության էջերից