ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ
Ղազախստանի Սենատը մերժել է օրենսդրական նախագիծը, որը թույլ կտար ղազախ զինծառայողներին ուղարկել Աֆղանստան: Մայիսի կեսերին փաստաթուղթն ընդունվել է մաժլիսի` խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների կողմից, իսկ ահա վերին պալատի պատգամավորները այն անընդունելի են համարել: Նախագիծը ենթադրում էր, որ ղազախ զինծառայողների զորախումբը Աֆղանստան կուղարկվի վեց ամիս ժամկետով: Ավելի ուշ երկրի ԱԳՆ-ը պարզաբանեց, որ նախատեսվում է ուղարկել միայն չորս սպա` անվտանգությանն աջակցման միջազգային ուժերի շտաբում ծառայելու նպատակով: Զինվորականներն էլ շեշտեցին, որ սպաները մարտական գործողությունների չեն մասնակցելու: Այս ծրագրերի դեմ սպառնալիքներով հանդես եկան աֆղանական թալիբները, դժգոհություններ հնչեցին նաև երկրի ներսում: Փաստաթուղթը դեռ կարող է քննարկվել երկու պալատների համատեղ նիստում, սակայն ընդունման հավանականությունը փոքր է:
Նշենք, որ մինչ այժմ Աֆղանստանում միջազգային խաղաղարար օպերացիային Ղազախստանի մասնակցությունն արտահայտվել է դեռ 2001թ. օդային տարածության, ավելի ուշ նաև ցամաքային ճանապարհի տրամադրմամբ: