Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԴԱԼՆԵՐ` 70 ՏԱՐՎԱ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ



ՄԵԴԱԼՆԵՐ` 70 ՏԱՐՎԱ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑՀՀ վետերանների միավորման խորհրդում պարգևատրման արարողություն էր: Ուկրաինայի նախագահի կողմից շնորհված մեդալները հանձնում էին Մեծ հայրենականի տարիներին Ուկրաինայի ազատագրմանը մասնակցած հայազգի մարտիկներին:

Վետերանների միավորման խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը, նախքան մեդալների հանձնումը, համառոտ խոսեց Ուկրաինայի պաշտպանության և ազատագրման համար մղված մարտերին մասնակից հայ  ժողովրդի քաջարի զավակների մասին:

Շուրջ 80 հազար հայ է մասնակցել Ուկրաինայի համար մղվող կռիվներին, որոնցից 30 հազարը զոհվել է:

Ուկրաինայի ազատագրման ժամանակ հայերը տվել են 21 հերոս` Անդրանիկ Ղազարյան, Ասքանազ Կարապետյան, Գևորգ Տեր-Գասպարյան, Հայկ Թումանյան…

Կիևը ազատագրող զորքերի մեջ էր գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանի կորպուսը, որը ազատագրված Կիևի կայազորի առաջին պետ նշանակվեց: Նրա միակ որդին զոհվեց քաղաքի ազատագրման ժամանակ:

Եվ ահա աշխարհակործան պատերազմն անցած հայ զինվորներին, որոնք իրենց երիտասարդությունը, առողջությունը թողել էին Ուկրաինայի հողում, այսօր տարիների հեռվից այդ երկրից ուղարկվել էին գնահատանքի մեդալներ:

Պարգևատրված վետերաններից ոչ բոլորն էին ներկա, ոմանք վատառողջ էին, նրանց փոխարեն պարգևները ստանալու եկել էին հարազատները:

Հոր` Հայրենական մեծ պատերազմի վետերան Մուշեղ Սահակյանի մեդալը ստանալու էր եկել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Սուրեն Սահակյանը. «Շնորհակալ ենք մեր հայրերից, մենք նրանց դաստիարակած սերունդն ենք…»:

…Պատերազմի թոհուբոհով անցած վետերանների հոգում փոթորիկ էր` հազարաձայն հուշերը խառնել էին ներկան ու անցյալը:

ՌՈԶԱԼԻԱ ԱԲԳԱՐՅԱՆ. «18 տարեկան էի, երբ մեկնեցի ռազմաճակատ: Ուկրաինան ես անցել եմ հյուսիսից հարավ, ծանոթ եմ ամբողջ տեղանքին: Հուշերս շատ են, դառն ու ծանր` սառնամանիք, շոգ, ցեխ ու անվերջ մեր գլխին վերևից թափվող կրակի խելագար տարափ: Ես առաջին գծում էի, ռադիստ էի, կապ էի պահպանում մեր ենթակա ստորաբաժանման և վերադաս հրամանատարության միջև: 70-ից ավելի տարի է անցել այդ ահեղ պատերազմական գործողություններից: Ուրախ եմ մեդալիս համար, հպարտ եմ, որ գնահատվել եմ: Բայց հիմա տխուր և ծանր զգացողություններս սիրտս կտոր-կտոր են անում. ապրումներս, մտահոգությունս կապված են Ուկրաինայի իրադարձությունների հետ: Ուկրաինացիները լավ ժողովուրդ են, հիշում եմ` պատերազմի տարիներին ոտքերս ցրտահարվել էին, ինչ հոգատար ու սրտացավ էին վերաբերվում ուկրաինացիները մեզ: Ե՞րբ է կյանքը խաղաղ հունով ընթանալու»:

ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, պահեստազորի գնդապետ). «Գրավեցինք Կիևը, ազատագրեցինք Ուկրաինան: Այդ մարտերի ժամանակ երեք անգամ վիրավորվել եմ: Մեդալն ինձ համար շատ հարազատ է: Լավ է, որ մեզ չեն մոռացել, հիշում են, գնահատում: Թեկուզ 70 տարի հետո: Է~հ, մեդալները գնալով շատանում են, ռազմաճակատային ընկերներս` քչանում…

Այն, ինչ մենք տեսանք, թող ոչ ոք չտեսնի: Աշխարհը թող խաղաղ լինի, մարդու սիրտն էլ: Պատերազմը մարդկության ամենամեծ չարիքն է»:

Ժամանակի մեջ մոռացություն չկա: Քաղցրավենիքով ծանրաբեռնված սեղանի շուրջ խմբվել էին վետերանները և շնորհավորում էին միմյանց: Բաժակների ու մեդալների զրնգոցը խառնվել էր իրար:

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ազգային բանակ


23/03/2016