ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԶՈՐԱՑՐՎԱԾՆԵՐԸ
Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն եւ սպասարկում:
Մարտի 17-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2004 թվականի մարտի 4-ին ընդունված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման 1-ին հավելվածի մեջ եւ արտոնյալ սոցիալական խմբերի շարքում ավելացրել նաեւ այս անձանց:
Մինչ այդ, զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, որոնց բժշկասոցիալական փորձաքննությունը հաշմանդամ չէր ճանաչել, ՀՀ գործող օրենսդրության համաձայն չէին օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից ու սպասարկումից: Օրենսդրության մեջ նման խնդրի առկայությունն ստիպում էր վերը նշված խմբի համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ՝ նպատակ ունենալով նրանց եւս տրամադրել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից ու սպասարկումից օգտվելու հնարավորություն: Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով տարեկան զորացրվում էր միջին հաշվով 70-ից 90 հոգի:
Խնդրին լուծում տալու նպատակով ՀՀ պաշտպանության եւ արդարադատության նախարարություններն առաջարկել են անվճար բուժօգնություն եւ սպասարկում տրամադրել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստացած բոլոր անձանց՝ անկախ այն հանգամանքից՝ տվյալ անձը արդեն իսկ զինվորական ծառայությունից արձակվել է ժամկետը լրանալո՞ւ, թե՞ ստացած վնասվածքի, խեղման կամ հիվանդության պատճառով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մերժել էր առաջարկը՝ նշելով, որ վերջինիս ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ հատկացումներ կատարելու անհրաժեշտությանը, ինչի համար համապատասխան միջոցներ այս տարվա համար նախատեսված չեն:
Հիշեցնենք, որ մինչ կառավարության այս որոշումն ընդունելը հիվանդանոցային բժշկական անվճար օգնությունից եւ սպասարկումից օգտվում էին նաեւ Հայաստանի պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք (մասնավորապես՝ հիվանդանոցային եւ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաեւ հիվանդանոցային փորձաքննություն), զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավ.լեյտենանտ
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական