ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ
Ամերիկյան «Boeing» ընկերությունը կշարունակի «CH-47 Chinook» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ արտադրել մինչև 2020թ.: Որոշումը կայացվել է ամերիկյան և արտասահմանյան գնորդների պատվերների քանակի հիման վրա: Նախկինում մեքենաների արտադրությունը նախատեսվում էր դադարեցնել 2013թ.: Եթե 2003թ. Boeing-ը ուներ 32 նոր ուղղաթիռի մատակարարման և 621 հնի տեխնիկական սպասարկման պատվեր, ապա այսօր այդ թվերը համապատասխանաբար 210 և 777 են: Հեռանկարում ընկերությունը նույնիսկ լրացուցիչ 250 միավոր տեխնիկա վաճառելու մտադրություն ունի: Այս տարվա սկզբին ԱՄՆ բանակը և Boeing-ը համատեղ մշակել են CH-47-ի արդիականացվող տարբերակին ներկայացվող պահանջներ: Բոլոր անհրաժեշտ նորամուծությունները կատարելուց հետո զինված ուժերը սպառազինության մեջ գտնվող ուղղաթիռների արդիականացման և նորերի ձեռք բերման պայմանագիր կկնքեն:
Մոտ ժամանակներս 300 միլիոն դոլարով 6 ուղղաթիռ պատվիրելու ցանկություն է հայտնել Թուրքիան: Դեռ 2009թ. պատվերի համաձայն` Թուրքիան պետք է 1,2 միլիարդ դոլարով գներ 14 հատ CH-47, սակայն ռազմական բյուջեի միջոցների անբավարարության պատճառով այդ թիվը կրճատվել է: Համաձայնագիրը ստորագրելուց հետո մատակարարումը Թուրքիա կսկսվի 2013թ. հետո, և արդեն տեղում դրանք կձևափոխվեն, կտեղադրվեն թուրքական սարքավորումներ: