Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ



ՄԵԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸՀայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ձևավորվեցին Արցախյան հակամարտութան ընթացքում: Բաքուն կորցրեց ոչ միայն համարյա ամբողջ ԼՂՀ-ն, այլև հարակից զգալի տարածքներ: Երկու տասնամյակ շարունակ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Արցախի համար:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Ստորեւ տպագրում ենք ռուս քաղաքագետ, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը՝ հրապարակված ռուսաստանյան «Վոյեննո-պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում: Այս անգամ թեման ադրբեջանական զինուժն է: Հեղինակը Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է: Հոդվածում նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, մասնավորապես՝ ռուս-թուրքական հնարավոր ռազմական հակամարտությանը եւ դրանց մեջ Ադրբեջանի ու Հայաստանի ներքաշմանը:

Հոդվածը ներկայացնում ենք ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանի թարգմանությամբ եւ մեկնաբանություններով:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ  ԽՐԱՄՉԻԽԻՆ

Հայկական կողմն իր լավ ամրացված և սարքավորված դիրքերում ունի պաշտպանվողի գերազանցություն, ուստի հարձակվողը հաղթանակի հասնելու համար ստիպված կլինի ուժերի զգալի գերազանցություն ստեղծել: Ահա ինչու Ադրբեջանը զանգվածաբար մարտական տեխնիկա է գնում Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, Թուրքիայից, Հարավային Աֆրիկայից: Փաստորեն, զրոյից Ադրբեջանում ստեղծվել է ռազմաարդյունաբերական համալիր, որը կատարում է զրահաավտոմոբիլների և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտոնագրային հավաքում (лицензионная сборка), արտադրում է հրաձգային  զենք:

 

ՑԱՄԱՔՈՒՄ

Ադրբեջանի հիմնական տարածքում ցամաքային զորքերի կազմի մեջ մտնում է չորս բանակային կորպուս. 1-ին ԲԿ, շտաբը` Բարդա քաղաքում, 2-րդ ԲԿ` Բեյլագան, 3-րդ ԲԿ` Շամքոր, 4-րդ ԲԿ` Բաքու:

Դրանց կազմում են 130, 161, 171, 172, 181, 190, 193, 701-րդ (նույն ինքը` 1-ին), 702-րդ (2-րդ), 703-րդ (3-րդ), 706-րդ (6-րդ), 707-րդ (7-րդ), 708-րդ (8-րդ), 712-րդ (12-րդ), 888-րդ մոտոհրաձգային, 191-րդ լեռնահրաձգային բրիգադները, 777-րդ հատուկ նշանակության գունդը:

Անկլավային Նախիջևանի ինքնավար մարզում¹ տեղակայված է Հատուկ առանձին համազորային բանակը` կազմված երեք մոտոհրաձգային բրիգադներից:

 

  1. Մեկնաբանություն

Իրականում՝ Նախիջևանը ինքնավար մարզ չէ: Պաշտոնապես այն կոչվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: 16.03.1921թ. Մոսկվայի բոլշևիկա-քեմալական պայմանագրով Հայաստանից խլված և Խորհրդային Ադրբեջանին անցած Նախիջևանի երկրամասը պետք է ունենար պրոտեկտորատի կարգավիճակ և չպետք է մտներ Ադրբեջանի կազմի մեջ: Ուստի ադրբեջանական իշխանությունները, քաղաքական հաշվարկներից ելնելով, ստիպված են մինչև այժմ ճանաչել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը: Մինչդեռ հայ բնակչությունը, որի գոյությամբ էր պայմանավորված այդ տարածքի ինքնավարությունը, խորհրդային իշխանության առաջին տասնամյակների ընթացքում գրեթե ամբողջությամբ դուրս մղվեց իր պապենական հողերից: Վերջին հայկական գյուղը` Ազնաբյուրթ-Զնաբերդը, հայաթափ արվեց 1988թ.: Դեռևս 1930-ականներին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դրոշի վրա հայերենով գրված էր` Նախիջևանի ԻԽՍՀ:

Ցամաքային զորքերի սպառազինության մեջ առկա է 12 միավոր ՁՀ «Տոչկա» մարտավարական հրթիռների արձակման կայանք:²

 

  1. Մեկնաբանություն

«Տոչկա» մարտավարական հրթիռների հեռահարությունը կազմում է մոտ 120 կմ: Առհասարակ այս հրթիռները կարող են ունենալ միջուկային, քիմիական և սովորական բեկորա-ֆուգասային մարտագլխիկներ: 2-ից 8 մարտագլխիկով խոցում է հակառակորդի տարածքը 40-100 հեկտար մակերեսով: Միջուկային մարտագլխիկների ավերիչ հզորությունը 10-ից մինչև 200 կիլոտոննա է: Հուսանք, որ Ադրբեջանին նման մարտագլխիկներ չեն վաճառվել:

 

Ադրբեջանական բանակի տանկային հավաքակայանի մեջ մտնում են 100 միավոր նորագույն ռուսական Տ-90Ս և 379 միավոր Տ-72: 98 միավոր հնացած Տ-55 տանկերը դուրս են գրված, դրանց հետագա ճակատագիրն անհայտ է:³

 

  1. Մեկնաբանություն

Նախ, հարկ է նշել, որ 98 միավոր Տ-55 տանկերը կազմում են համարյա 10 տանկային վաշտ կամ 3 տանկային գումարտակ: Դա գրեթե ամբողջ տանկային գունդ է, որի ճակատագիրը, ըստ Խրամչիխինի, անհայտ է: Սակայն, հաշվի առնելով կովկասյան թուրքերի, այսինքն` ադրբեջանցի կոչեցյալների նենգությունը, չի բացառվում, որ այդ տանկերը ձևականորեն են դուրս գրվել, իսկ իրականում թաքցվել են համապատասխան պահեստարաններում կամ էլ գտնվում են մարտական զորամասերի սպառազինության մեջ, այնինչ, պաշտոնական տեղեկատվություններում ցույց չեն տրվում: Հավանաբար, ինքը Խրամչիխինն էլ վստահ չէ այդ, այսպես ասած, դուրս գրումից, քանզի սույն հոդվածում բերված համապատասխան սխեմայում, այնուամենայնիվ, նշել է նաև այդ 98 միավոր Տ-55 տանկերը: Նաև հաջորդ նախադասությունում առաջ է քաշել այդ տանկերի` իսրայելական մասնագետների օգնությամբ` ծանր ՀՄՄ-ների վերածված լինելու հնարավորությունը:

Բացի այդ, հարկավոր է նկատի ունենալ, որ ըստ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրի հաստատած սպառազինությունների սահմանափակման, վերահսկման և տեղեկատվության փոխանակման ռեժիմի և հատկապես` դրա մասը կազմող 1992թ. մայիսի 15-ի Տաշքենդի համաձայնագրի, Ադրբեջանի մարտական տանկերի թիվը սահմանափակված է 220 միավորով: Դեռևս 2012թ. փետրվարին նույն ինքը Խրամչիխինը «Վոյեննո-պրոմիշլեննիյ կուրիեր» թերթում գրում էր Ադրբեջանի՝ ԵՍԶՈՒ պայմանագրի պահանջները բացահայտ խախտելու մասին: Հինգ տարի շարունակ չարժանանալով ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ և միաժամանակ ԵԱՀԿ անդամ պետությունների որևէ լուրջ հակազդեցության, ներկայումս Ադրբեջանը պայմանագրի խախտումները կատարում է առավել կոպտորեն: Հենց միայն 100 միավոր Տ-90 և 379 միավոր Տ-72 տանկերի թիվը ավելի քան երկու անգամ գերազանցում է Ադրբեջանին հատկացված քվոտան: Եթե դրան ավելացնենք նաև 98 միավոր Տ-55-երը, ապա սահմանված չափաքանակի գերազանցումը կկազմի գրեթե 3 անգամ…

Եթե անգամ 98 միավոր Տ-55-երը վերածված լինեն ծանր ՀՄՄ-ների, այսինքն` ԾԶՄ-ների՝ ծանր զենքով զրահամեքենաների, ապա այդ դեպքում էլ Ադրբեջանը խախտում է անում, քանզի ԾԶՄ-ների նրան հասանելիք քվոտան ընդամենը 11 միավոր է: Ինչևէ, 2011-2015թթ. ընթացքում ԵՍԶՈՒ պայմանագիրը դադարել է զսպող ուժ լինել Ադրբեջանի համար՝ վերջինիս առաջ սպառազինությունների մրցավազքի լայն դուռ բացելով:

Եվ վերջապես, պետք է նկատի ունենալ, որ Խրամչիխինն օգտվել է բաց աղբյուրների տեղեկատվությունից. ինչպիսին, օրինակ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտի` SIPRI-ի ամենամյա տվյալներն են: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ ժամանակին Ադրբեջանը իրականում ոչ բոլոր տվյալներն է փոխանցվել միջազգային նման կենտրոններին: Իսկ դա էլ նշանակում է, որ Ադրբեջանն իրեն հատկացված քվոտաները կարող է գերազանցել ավելի քան 3 անգամ…

 

Շարունակելի

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


30/03/2016