Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ



ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍՍեպտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 9-ին դասախոսական կազմը ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում էր, որտեղից մեկնեցին տարբեր զորամասեր: Մենք երկուսս՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը և ես՝ պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանս, այցելեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Հ. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Մեզ ընդունեցին շտաբի պետ, փոխգնդապետ Վ. Գրիգորյանը, հրամանատարի տեղակալ, մայոր Զ. Մկրտչյանը:

Ամեն անգամ պաշտպանության բանակ այցելելիս մեզ դասախոսներիս հիացնում է զորամասերի մաքրությունը, ինչը, ցավոք, չենք կարող ասել նույնիսկ մեր շենքերի մուտքերի մասին: Զորամասում սովորական առօրյա էր: Զինծառայողների մի մասը հանդիպում էր ծնողների և հարազատների հետ, ոմանք էլ հնարավորություն ունեն նաեւ հեռախոսակապով խոսելու ծնողների հետ: Այդ հնարավորությունից նրանք օգտվում են ամեն հարմար առիթի: Թեև նախորդ գիշերը բավականին լարված իրավիճակ էր եղել, սակայն մենք դա չնկատեցինք տղաների հետ ունեցած մեր զրույցի ընթացքում:

Մեզ առաջին հերթին հետաքրքրում էր, թե ինչպես են ընդունում զինծառայողները մեր դասախոսությունները, չէ՞ որ դրանք հիմնականում տեղի են ունենում կիրակի օրերին, երբ նրանք ունեն որոշակի ազատ ժամանակ: Զրույցից պարզվեց, որ դասախոսություններն անհրաժեշտ են բանակայինի ոգին ամուր պահելու համար:

Տղաներն իրենց հերթին կատարեցին հետևյալ առաջարկությունները, որոնք հնարավորություն կտան որակապես բարձրացնելու զինծառայող – հասարակություն կապը: Նրանք առաջարկեցին դասախոսությունների հետևյալ թեմաները.

  1. Վանի թագավորությունը:
  2. Ֆիդայական շարժում: Ֆիդայական շարժման նշանավոր գործիչները:
  3. Գարեգին Նժդեհ: Պայքարը Սյունիքում:
  4. Արցախյան ազատամարտի պատմություն:
  5. Հոգեբանություն. ներանձնային հարաբերություններ:
  6. Դասախոսությունները լինեն ըստ ստորաբաժանումների՝ առանձին-առանձին:

Տղաների առաջարկներից մեկը հաճելիորեն զարմացրեց. խնդրեցին դասախոսություններից մեկը նվիրել հայ պարին, նրա պատմությանը, իսկ հնարավորության դեպքում՝ սովորեցնել ազգային պարեր: Զարմանալի է՝ հակառակորդը մի քանի կիլոմետրի վրա է, իսկ տղաները ցանկանում են պարել: Ուղղակի ապշեցնում է և հիացնում:

Վերադառնալով զորամասից՝ տղաների ցանկության մասին տեղեկացրի Արցախ ժամանած դասախոսական խմբի կազմում ընդգրկված Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի և պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին: Նա խոստացավ այցելել զորամաս:

Զորամասը հոգում է մոտակա եկեղեցու հետ կապված մի շարք խնդիրներ: Եկեղեցին, որ կառուցվել է 1890-ական թթ., շուտով գմբեթին կունենա նոր խաչ:

Արդեն որերոդ անգամ համոզվում ենք, որ սերժանտական անձնակազմը կարևոր դերակատարություն ունի իր ղեկավարած օղակում: Նա է անմիջական պատասխանատուն իր ստորաբաժանման: Արգիշտի Խամոյանը՝ որպես սերժանտական խորհրդի նախագահ, կարող է ցանկացած հիմնախնդիր ներկայացնել զորամասի հրամանատարին: Տղաներից Ռուբեն Եսայանը վարում է «Բացահայտում» ինտերնետային հաղորդաշարը:

 

Ռուբեն Սահակյան

պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Բանակ և հասարակություն


30/03/2016