Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ



ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎՉարդախլուն հին, բազմադարյա մշակույթ ունեցող հայկական հայտնի գյուղերից է: Չարդախլուի պատմությունը սկիզբ է առնում Վանի թագավորության ժամանակաշրջանից: Միջին տարիքի մարդիկ այս տեղանունը կհիշեն նաև մայրենի լեզվի դասագրքում տեղ գտած «Երկու մարշալ մի գյուղից» դասանյութից: Այստեղ են ծնվել Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանը և Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը: Հարկ է նշել, որ Չարդախլուն հայտնի է ոչ միայն մարշալներով: Այս գյուղից է սերում գեներալների, գնդապետների մի ամբողջ համաստեղություն:

1979 թվականի  սեպտեմբերի 19-ին Մոսկվայի որոշմամբ գյուղում բացվում է թանգարան, սակայն ադրբեջանական ղեկավարությունը արգելում է, որ այն անվանվի հայազգի մարշալների անունով:

Մարտական և աշխատանքային փառքի թանգարանում մարշալների կյանքին և գործունեությանը նվիրված ցուցանմուշներ էին՝ անձնական իրեր, լուսանկարներ, գյուղի պատմությանը վերաբերող զանազան նյութեր: Ադրբեջանի կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Հեյդար Ալիևը նույնպես մասնակցում է թանգարանի բացմանը, բարեկամության, եղբայրության մասին զեղումներով է ելույթ ունենում:

…1988 թվական. ազգային հողի վրա բախումներ: Բարեկամություն, եղբայրություն քարոզողներն անցան իրենց «բուն գործունեությանը»՝ ծեծ, ջարդ, կոտորած, հայաթափ բնակավայրեր…

Նոյեմբերին Չարդախլուի բնակիչները ևս հարկադրաբար տեղահանվեցին և հաստատվեցին Հայաստանի տարբեր հատվածներում: Մեծ մասը բնակություն հաստատեց Նոյեմբերյանի Հոկտեմբեր գյուղում, որը վերանվանվեց Զորական:

Հարազատ բնօրրանից կտրված չարդախլվեցիները հավատում էին (մինչ օրս էլ հավատում են), որ մի օր կվերադառնան իրենց ծաղկուն ու շեն հայրենի եզերքը: Մինչդեռ նրանց հայրենի եզերքում ադրբեջանցիները վաղուց արդեն իրենց նախնիներից ժառանգած ձեռագրով սրբագրում և խմբագրում էին պատմությունը՝ վերացնելով հայկականության մասին վկայող ամեն հետք:

Հերթը հասել է նաև մարշալների թանգարանին: Տեղեկություններ կան, որ թանգարանի շենքը դարձրել են թեյարան, իսկ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու պատվանդանին տեղադրել են ադրբեջանական ինչ-որ աշուղի կիսանդրի:

Մեկնաբանությունները թերևս ավելորդ են՝ ձեռագիրը չի փոփոխվում…

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Հոգևոր-մշակութային


30/03/2016