Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԹՄԲՈՒԿԻ ՌԻԹՄՈՎ



ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԹՄԲՈՒԿԻ ՌԻԹՄՈՎՄիշտ չէ, որ զինվորը անկեղծանում և սիրտը բացում է զրուցակցի առաջ, ով էլ լինի նա` ծնող, լրագրող… Զորամասի նվագախմբի թմբկահար, շարքային Հայկ Ալթունյանի հետ իմ զրույցը հակառակն ապացուցեց՝ նա շատ շփվող, անկեղծ ու անմիջական էր:

Առաջին հարցը, որ ակամա ծագեց գլխումս՝ շարքայինի ազգանունը, մասնագիտության ընտրությունը որեւէ կապ ունե՞ն մեծանուն երաժիշտ, խմբավար ու մանկավարժ Թաթուլ Ալթունյանի հետ:

-Մորական կողմից նրա ծոռն եմ,- անթաքույց հպարտությամբ պատասխանեց Հայկն ու ժպտալով ավելացրեց:- Երևի զարմացաք, պարոն մայոր, որ աղջկա կողմից ծոռը կարող է կրել մորական ազգանունը:

– Ինչ-որ տեղ՝ այո, բայց դա այնքան էլ կարևոր չէ,- ասացի ես ու, չգիտես ինչու, հետաքրքրվեցի.

– Ծխո՞ւմ ես, Հա՛յկ:

Նա անիջապես ձեռքը տարավ ծոցագրպանն ու դուրս հանեց ամբողջովին կպչուն ժապավենով փաթաթված «Marlboro» ծխախոտի տուփն ու ոչ այն է՝ պարծենալով, ոչ այն է՝ հպարտորեն, ասաց.

– Հետս եմ բերել ու մինչև զորացրվելս պահելու եմ: Զորացրվելուց հետո կբացեմ: Իմ սիրած ծխախոտն է:

Մեր զրույցից պարզվեց, որ Հայկը, թմբուկից բացի, վարժ տիրապետում է բոլոր տեսակի հարվածային գործիքներին:

-Հիմա էլ փորձում եմ շեփոր նվագել սովորել:

Միտքս եկավ հայտնի «Փոքրիկ թմբկահարը» մուլտֆիլմը:

-Առաջնորդող գործիք է,- ասացի:

-Փոքրիկ թմբուկը լուրջ գործիք է: Առանցքային նշանակություն ունի: Ես կասեի՝ նվագախմբի երաժշտության ռիթմը հենց փոքրիկ թմբուկն է ապահովում: Նվագախմբում վեց հոգի ենք, և այն բաղկացած է փոքր թմբուկից, որը ես եմ նվագում, մեծ թմբուկից, շեփորից, կլարնետից, տենորից ու ծնծղայից:

-Դիրիժորին մոռացար,- կատակեցի:

-Ցավոք, մեր նվագախումբն այս պահին դիրիժոր չունի, բայց շուտով կունենանք,- լուրջ-լուրջ ասաց Հայկը:

-Որքա՞ն ես ծառայել,- հարցնում եմ Հայկին ու մտովի փորձում եմ կռահել:

-Ծառայությանս մնացել է 319 օր, ավելի ստույգ՝ ծառայել եմ 1 տարի, 1 ամիս ու 17 օր:

-Արձակուրդում եղե՞լ ես:

-Այո՛: Մի հետաքրքիր բան պատմեմ. երբ սպասում էի առաջին արձակուրդիս, մի տեսակ սպասողական, անորոշ վիճակում էի, ալարկոտ էի դարձել: Բայց երբ արձակուրդից եկա, մեկեն փոխվեցի, դարձա լրիվ օրինակելի զինվոր,- ժպտալով պատասխանեց «փոքրիկ թմբկահարն» ու շարունակեց,- տանը հայրս ասաց. «Տղա ջան, տանից ընդամենը 250 կիլոմետր հեռու ես ծառայում՝ նեղվում ես, բա ես ի՞նչ ասեմ, որ 2500 կիլոմետր հեռու եմ ծառայել ու արձակուրդի երես էլ չեմ տեսել: Գնալ-գալդ հեշտ, հեռախոսային կապ ունես, էլ ի՞նչ ես ուզում…»:

– Կարգապա՞հ ես, – ոչ այն է՝ հարցնում, ոչ այն է՝ հաստատում եմ:

– Կարգապահությունը պետք է ներսիցդ լինի: Կարծում եմ՝ կարգապահ զինվոր եմ: Եվ առհասարակ՝ մեր զորամասում կարգապահությունը ամուր հիմքերի վրա է,- անկեղծացավ շարքային Հայկ Ալթունյանն ու ներողություն խնդրելով՝ հեռացավ.

– Գնամ, պարոն մայոր, մի քանի րոպեից առավոտյան տողանը կսկսվի:

Հաշված րոպեներ անց խրոխտ քայլքով շարահրապարակ մտնող ստորաբաժանումներին ուղեկցում էր զորամասի նվագախումբը, որի կազմում իր հաղթական թմբուկն էր զարկում շարքային Հայկ Ալթունյանը:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ազգային բանակ


30/03/2016