«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է»
Սահմանի հյուսիսարևելյան հատվածում երբեք խաղաղ չի եղել: Հակառակորդը միշտ էլ կրակել է՝ կրակել քարի, թփի տակից: Կրակել է գյուղերի վրա, կրակել է դաշտում աշխատող գյուղացու, մանկապարտեզի ու դպրոցի վրա… Թշնամին այս ուղղությամբ տասնյակ դիվերսիաներ է փորձել իրականացնել, սակայն, ամեն անգամ ծանր կորուստներ կրելով, ետ է շպրտվել: Սահմանի այս հատվածի պաշտպանությունն ու պահպանությունը իրականացնող մեր դիրքապահները հարյուրավոր փորձությունների են դիմակայել, դիմակայել են հերոսաբար, անգամ չխնայելով իրենց կյանքը:
Սաղավարտ եմ դնում, զրահաբաճկոն հագնում՝ դիրքեր բարձրանալու համար:
-Առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի առաջնագիծ գնալն արգելվում է,- ընդգծված շեշտադրումով ասում է հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Ռադիկ Այվազյանը:
Մի հիսուն քայլն էլ բավական էր նկատելու համար, թե ինժեներական առումով ինչպիսի ամուր դիրք ունենք՝ գերազանց կահավորված: Դիտակետերը, խրամաբջիջներն ու խորշերը, ուղեփակոցներն ու եռաշարք փշալարային արգելափակոցները սահմանի ամրության ու հուսալիության խորհրդանիշներ են: Ուշադիր տնտղում եմ չորս կողմս՝ հատկապես իմ կանգնած տեղից ընդամենը բղավոցի հեռավորության վրա է ծվարած թշնամու հենակետը: Գնդացրորդ, շարքային Նարեկ Ամիրյանը, մատնանշելով բաց տեղանքում հակառակորդի աջ ու ձախ ձգվող օձագալար խրամուղիներն ու դիտակետերը:
-Մեզ մոտ լիարժեք մարտական վիճակ է,- ինքնավստահ ասում է շարքային Ամիրյանը:
Նորից եմ շուռ գալիս, ուսումնասիրում մեր դիրքերն ու մտածում, որ անգամ այս ժամանակակից ու հզոր ինժեներական-պաշտպանական կառույցները որևէ դեր չեն ունենա, եթե բարձրակետին չլինեն մեր դիրքապահները:
-Թշնամու ոչ մի շարժ աննկատ չի մնում, պարոն մայոր,- մաքուր հայերենով վստահեցրեց իր խորշից դիտարկում կատարող շարքային Դմիտրի Բլոխինովը, որի ծառայությունն արդեն մոտենում է ավարտին:
Մարտական հենակետում կողք կողքի, հաշտ ու համերաշխ ծառայում են հայ, ռուս, եզդի, մալական շարքայիններ Նարեկ Ամիրյանը, Անդրեյ Տանանաևը, Ալիկ Ջանգոյանը, Դմիտրի Բլոխինովը, Արշալույս Սարգսյանը:
Հիանում էի մեր զինվորներով, նրանց անվեհեր կեցվածքով, մարտական կարգուկանոնով, երբ մեկ էլ հանկարծ լսվեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վ. Ստեփանյանի հրամանը. «Հարձակում մարտական դիրքի վրա»: Հաշված րոպեների ընթացքում անձնակազմը ստացավ զենք-զինամթերք, ունեցվածք և զբաղեցրեց դիրքային մարտի համար նախատեսված խորշերը: Ինչպես և նախորդ հենակետում, այստեղ էլ անձնակազմը գործեց համապատասխան մարտական հաշվարկի և առաջադրանքը կատարեց փայլուն:
-Կարծես թե ժամկետայինները ոչնչով չզիջեցին իրենց ավագ ընկերներին` պայմանագրայիններին,- նկատեցի:
-Դեռ մի բան էլ գերազանցեցին արագությամբ,- ավելացրեց հրամանատարի տեղակալը:
Հաջորդ հենակետ հասանք կեսօրին: Վազքով ընդառաջ եկած հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Էդգար Մկրտչանը, առանց դույզն-ինչ շփոթմունքի, հրամանատարի տեղակալին զեկուցեց իրադրությունը.
-Դիտարկումը հզորացված է մեր պահպանությանը վստահված սահմանի ողջ երկայնքով: Այս պահի դրությամբ շարժ չի նկատվել, իրադրությունը հարյուր տոկոսով վերահսկվում է:
Կրտսեր սերժանտ Էդգար Մկրտչյանը պայմանագրային զինծառայող է:
-Վերջերս երկրորդ անգամ թարմացրի ծառայությանս պայմանագիրը: Հպարտ եմ, որ զորամասի հրամանատարությունը վստահում է ինձ: Ինձ համար հայրենիքի պաշտպանի համազգեստի, հայրենիքի պաշտպանի կոչմանը արժանի լինելու պատվից վեհ բան չկա,- անկեղծացավ Էդգարը:
Եվ անհնար էր չհավատալ նրա խոսքերի անկեղծությանը:
Խրամուղին մեզ տանում-հասցնում է առաջնագիծ: Դիտակետում եմ: Հայացքս շրջում է անեզր ու անվերջ թվացող տարածության մեջ: Շունչս պահած փորձում եմ ինքս էլ դիտարկում կատարել, բայց ոչինչ չեմ նկատում: Հեռադիտակ եմ խնդրում: Կրկին ոչ մի շարժ չեմ նկատում: «Անիծվածներն ասես գետնի տակն են անցել»,- մտածում եմ:
-Սսկվել են,- ցածր ձայնով ասում եմ:
-Սսկցրե՛լ ենք,- ինձ ուղղում է կողքս կանգնած դիպուկահար, շարքային Հովսեփ Ծատուրյանը, որ լսել էր խոսքերս:
Հովսեփը նորեկ չէ: Հին զինվոր է: Շատ բան է նրա գլխով անցել այստեղ: Անվրեպ դիպուկահարի համարում ունի:
Շարքային Կլեկչյան Հայկը հենակետի հրաձիգն է: Պայմանագրային ծառայության վեցերորդ տարին օրերս է լրացել:
– Սա մեր երկիրն է, մենք ենք այս երկրի տերը, մենք էլ պիտի պաշտպանենք: Սահմանային ծառայությունը, դիրք պահելը տղամարդու գործ է: Մեր արածը ի՞նչ է էն 18-20 տարեկան երեխեքի արածի համեմատ,- ասաց պայմանագրային զինծառայողը՝ հայացքով ցույց տալով ժամկետայիններին:
Ճշմարիտ է ասված՝ երկիրը նրանն է, ով ապրում ու պաշտպանում է այդ երկիրը, որը կոչվում է Հայրենիք:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում