Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՆԾԱՆՈԹ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ



ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՆԾԱՆՈԹ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑՍահմանային բախումներով պայմանավորված՝ սոցկայքերում և  լրատվական դաշտում մեծացել են հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, կեղծ լրատվության կիջոցով խուճապ ստեղծելուն միտված քայլերը: Այդ նպատակով տեղեկատվական անվտանգության հայ մասնագետները խորհուրդ են տալիս առավելագույնս զգոն լինել տեղեկատվության տարածման հարցում:

Ինչպես «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հայտնեց  տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացրել է տեղեկատվական դաշտը: Փորձագետը խորհուրդ է տալիս ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չտարածել ադրբեջանական տեղեկատվությունը։

   Այս պահին ադրբեջանական լրատվամիջոցները ամբողջությամբ վերահսկվում են ուժային կառույցների կողմից և տարածում են միայն խմբագրված նյութեր։ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չպետք է մեջբերել, տարածել նրանց լրատվությունը, քանի որ այս պահից սկսված դրանք թշնամու լրատվական մեքենայի քարոզչության մասն են կազմում, – շեշտում է նա:

Փորձագետը կոչ է անում հետևել տեղեկատվության անվտանգության նորմերին, զգոն լինել և ուղորդվել հետևյալ խորհուրդներով.

1 Չօգտվել անծանոթ աղբյուրից։

2 Բացառապես հրաժարվել, չտարածել որևէ տեղեկատվություն Ադրբեջանական մամուլից։

3 Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանզի այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող կամ (որոշ երկների դեպքում) միակողմանի տրամադրություններ ունեցող մարդիկ են հեղինակները:

4 Սոցցանցերում երբեք չի կարելի անհայտ օգտատերերին ընկալել որպես տեղեկատվության աղբյուր:

5 Ընկերներից կամ ծանոթներից ստացված չստուգված տեղեկատվությունը չի կարելի միանգամից ինտերնետով տարածել։ Հիշեք, դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք և ձեզնից օպերատիվություն չի պահանջվում:

6. Զերծ մնալ ոչ հայկական պաշտոնական կայքերում հրապարակված իբր ռազմական գործողությունների տեսանյութերից , չտարածել դրանք:

7. Սոցկայքերում չընդունել ձեզ անծանոթ մարդկանց ընկերանալու առաջարկները:

8. Հրապարակային քննարկումներում զերծ մնալ  անծանոթ օգտատերերի հայտարարությունները մեկնաբանելուց:

Ըստ փորձագետի, թեև հայկական օգտատերերի էջերին որևէ վտանգ այս պահին չի սպառնում, բայց հարկավոր է հետևել տեղեկատվական անվտանգության հիգիենային, որպեսզի բացառվեն էջերի խոցումը:

 

Բագրատ Մովսեսյան

Ավ.լեյտենանտ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


02/04/2016