Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ



Սա Հայաստան է, և վե՛րջ:

Լեոնիդ Ազգալդյան

 

ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ1993 թվականի գարնանը Քարվաճառն ազատագրվեց: Զուգահեռաբար թուրքից մաքրվեցին նաև պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների Աղավնո, Հոչանց և Շալուա գետերի ավազանները՝ Լաչինի շրջանի հյուսիսային տարածքը: Հեշտ չէր հայրենի երկրի ազատագրումը, այն թանկ արժեցավ. հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքով հատուցեցին, հարյուրավորներն էլ վիրավորվեցին, մաքառեցին, տեսան մարտական ընկերոջ նահատակությունը: Այսօր վերստին հայացած մեր երկրում գործում են դպրոցներ, նոր սերունդն է տեր կանգնել պապերի ու հայրերի ազատագրած սուրբ հողին:

Այդ ազատագրված գյուղերից է պատմական Վակունիսը, որն ունի դարերի պատմություն, միջնադարում եղել է շեն ու հայաշատ բնակավայր, ունեցել է եկեղեցի, որը կիսաքանդ վիճակում այսօր էլ գոյություն ունի: Գյուղի մուտքի մոտ կանգուն է խաչքար, որի վրա փորագրված են 11 հայորդիների արդեն սրբացած անունները՝ Վուրգ Ոսկանյան, Գևորգ Ավետիսյան, Լավրենտ Նազարյան, Վահան Սիմոնյան, Հրայր Եղիազարյան, Զոհրակ Գևորգյան, Ալբերտ Ազարյան, Վալերիկ Ավետիսյան, Վահագն Բաբայան, Մելսիկ Աթանեսյան, Վոլոդյա Կարապետյան:  23 տարի առաջ՝ մարտի 31-ին, Սիսիանի ջոկատներից մեկը՝ դուրս գալով Լաչինից, շարժվեց դեպի հյուսիս՝ անցնելով 40 կմ պետք է ամրանար այս գյուղում: Այդ օրերին թշնամին ճողոպրում էր Լաչինից՝ շրջապատման մեջ չընկնելու համար: Թուրքն արդեն զգացել էր՝ ի զորու չէ դիմակայելու հայոց ոգուն:

Մոտ 30 հոգուց կազմված ջոկատը հասնում է Վակունիս: Գյուղի դիմաց լայն ու հարթ մարգագետին է՝ աջում ձորակ, իսկ ձախում՝ բլրակներ: Նշված խաչքարի մոտ՝ որպես հուշարձան, մնացել է նաև մի վառված ռազմական մեքենա՝ Սիսիանի ջոկատի տղաներինն է: Հասնելով այստեղ՝ մեր ազատամարտիկներն անսպասելի ընկնում են հրետակոծման և գնդակոծման տակ: Վառվում է նաև մեքենան, որի մոտ փորձել էին պատսպարվել հանկարծակիի եկած զինվորները: Անսպասելի ու անհավասար մարտում Սիսիանի ջոկատը տալիս է կորուստներ՝ մարտիրոսվում է նաև հրամանատար Վուրգ Ոսկանյանը: 10 տարուց ավելի է, ինչ Վակունիսի դպրոցը կոչվում է Վուրգի անունով, և ամեն տարի մարտի 31-ին այս կրթօջախի աշակերտները ոգեկոչում են հերոսներին՝ ասելով, որ իրենք են արդեն տերը սրբացած հայրենիքի:

Հերոսներին նվիրված ցերեկույթին ներկա էին Սիսիանի ջոկատի ազատամարտիկներ՝ զինվորական եղբայրներ Ժորա և Մկրտիչ Դիլանյանները, հերոսամարտի օրը ծանր վիրավորված ազատամարտիկ Մելսիկ Դանիելյանը (բնակվում է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում), նահատակ-ազատամարտիկ Լավրենտ Նազարյանի թոռը, Վակունիսի, հարևան բնակավայրերի բնակիչներ: Հանդեսն սկսեց դպրոցի միակ առաջին դասարանցի Լենա Մարգարյանը՝ դիմելով իր ավագ ընկերներին «Ի՞նչ է նշանակում հայրենիք» հարցով: Երեխաներից յուրաքանչյուրը տվեց իր պատասխանը: Պարի խմբակի (պարուսույց՝ Դիանա Ալեքսանյան) սաներն իրենց գեղեցիկ ելույթով ասացին, որ ազգային պարն էլ է հայրենիք: Դպրոցի սաները ներկայացրին հերոսների կենսագրականները, հանդես եկան ասմունքով, ռազմահայրենասիրական երգերով, պարերով, բեմական խաղով՝ նկարագրելով ռազմաճակատում գտնվող զինվորների ծնողների հոգեվիճակը: Մոտ մեկ ժամ տևած ցերեկույթն ավարտվեց «Թիփի բորան, մութ գիշերին…» երգով, որը կատարեցին բոլոր աշակերտները:

Հանդեսի վերջում փոքրիկ Լենան վերջապես ստացավ իր հարցի պատասխանը զինվորական Մկրտիչ Դիլանյանից, որն ասաց՝ հայրենիքը հենց այս երեխաներն են, որոնք ոգեկոչեցին հերոսներին, այստեղի բնակվողներն են, որ իսկական հերոսներ են և շարունակում են տղերքի կիսատ թողածը:

-Հողն ազատագրելն ավելի հեշտ է, քան պահելը, շենացնելը, տեր մնալը, -հավելեց ազատամարտի մասնակից, երկար տարիներ հայոց բանակում ծառայություն անցած պահեստի փոխգնդապետն ու շարունակեց: -Պարտավոր ենք յուրաքանչյուր տարի այս օրը Վակունիսում լինել, հիշել մեր այն մարտական ընկերներին, ովքեր մարտիրոսվեցին ու վիրավորվեցին հանուն այսօրվա, որպեսզի փոքրիկ Լենան իմանա՝ որն է իսկական հայրենիքը:   Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի աշխատակից Արաքսյա Այվազյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին, ուսուցիչներին, կազմակերպիչներին գեղեցիկ ելույթների համար:

Դպրոցի տնօրեն Հեղինե Բախշյանը գոհ էր իր սաներից: Նա շնորհակալություն հայտնեց մարտիրոս-տղաների մարտական ընկերներին, որ պահպանում են կապը դպրոցի հետ, օժանդակում, մասնակցում են միջոցառումներին: Վստահեցրեց նաև, որ շարունակելու են տղաների գործը: Նահատակ-ազատամարտիկ Լավրենտ Նազարյանի դստեր որդին՝ Տիգրան Դիլանյանը, առաջին անգամ էր այցելել Վակունիս: Շնորհակալ եղավ դպրոցի անձնակազմին, որ մեծարեցին իր պապին ու նրա ընկերներին: Ասաց, որ հպարտության զգացումով է հեռանում այստեղից:

Հրաժեշտ տվեցի Վակունիսի դպրոցին, որտեղ սովորում են հրաշալի երեխաներ: Հավատում եմ, որ կգա օրը, և այստեղ 20-ի փոխարեն տասնապատիկ ու հարյուրապատիկ աշակերտներ կսովորեն: Եվ Վուրգի ու մնացած մարտիրոսների հոգիները կգտնեն իրենց անդորրը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Բանակ և հասարակություն


07/04/2016