Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՅՍԸ



ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՅՍԸՀազար անգամ կրկնված նախաբան է, ես ասել եմ` պատմեք Ձեր մասին, ու զրուցակիցս սկսել է պապերի կորցրած հայրենիքից, որն այս անգամ Ագուլիսն է: Ես վաղուց անգիր գիտեմ, թե քանի եկեղեցի կար Ագուլիսում, և որքան վառ էին ագուլիսցիների գործած գորգերի գույները, բայց առաջին անգամ լսողի հետաքրքրասիրություն եմ նկարել դեմքիս: Գնդապետի ուսադիրներով զինվորականը դեռ չի հասել իր պապին: Ես սեփական փորձից գիտեմ, որ եթե կա կորցրած հայրենիք, ապա գոնե մի պապ պիտի լինի այս պատմության մեջ` իր ծննդավայրի գեղեցկության, իր հայրենակիցների քաջության ու կորցրածը ետ բերելու մասին սրտառուչ զեղումներով:

«Իսկ ինչո՞վ են սնվում այն ազգերի հայրենասիրական թրթիռները, որոնք չունեն կորցրած հայրենիք, ու պապն էլ սովորական պապ է` առանց ազգային ցավի, ազգային երազանքների: Պարզապես, սիրող ու բարի պապ` առտնին զրույցներով»,- մտածում եմ ես ու չեմ հասցնում պատասխան գտնել:

– Ագուլիսցի Ավանես պապս, երբ փոքր էի, ինձ hայդուկ բալա էր ասում: Ես չգիտեի` ի՞նչ է նշանակում հայդուկ, բայց պապս այնպիսի սիրով էր ասում՝ հայդուկ, որ այդ բառն ընդմիշտ մնաց հիշողությանս մեջ: Տարիներ անց, երբ Ավանես պապս արդեն շատ ծեր էր, ասում էր՝  Անդրանիկի զինվորին տեսնեմ, նոր մեռնեմ: Իմ մասին էր ասում: Պապիս երազանքն էր, որ ես հայոց բանակի համազգեստ կրեմ:

 

«Զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության  անվտանգության ապահովման վարչության պետի տեղակալ, գնդապետ Արա Պետրոսյանի մարտական ուղին» վերտառությամբ գրությունն եմ թերթում: Ականջդ կանչի, Ավանես պապ. ես մեկ առ մեկ բարձրաձայն կարդում եմ այն տեղանունները, որտեղ կռվել է գնդապետ Արա Պետրոսյանը, ու «պլյուս» եմ դնում յուրաքանչյուրի դիմաց:

-Այդ ի՞նչ պլյուսներ են, – հարցնում է գնդապետը զարմացած:

– Բոլորի վրայից, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, ջնջել ենք ադրբեջանական լու-երը: Էլ չկան լու-երը: Վե՛րջ, ասես չեն եղել: Բոլորը, առանց բացառության, ազատագրված են, բացատրում եմ ես:

Գնդապետը դառը ժպտում է ու կրկնում՝ ասես չեն էլ եղել: Ինձ թվում է՝ նա խոնարհում է հայացքը, որ ես չկարդամ այնտեղ. «Քեզ համար՝ գուցե չեն էլ եղել, բայց ես ընկերներ եմ կորցրել այդ լու-երը ջնջելիս, իմ ընկերները սեփական արյամբ են ծածկել այդ լու-երը»։

-Մամայիս գյուղը նախկինում կոչվել է Դոստլու: Հիմա Բարեկամավան է: Իսկ հորս ծննդավայրը կոչվել է Ղամարլու. հիմա հայկական անուն ունի, –  ասում եմ ես ներողություն խնդրելու նման:

-Մենք հաղթեցինք պատերազմը,  որովհետև Մոնթեի պես զորավար ունեինք: Մոնթեի սերը հայոց հողին, հայ մարդու հանդեպ սահման չուներ: Մի ամբողջ զինված գունդ այնպիսի վստահություն չէր ներշնչում ժողովրդին, որքան մեն մի հատիկ Մոնթեի ներկայությունը: Արցախցիները մեծ ու փոքրով մնում էին ադրբեջանցիներով չորս կողմից շրջափակված գյուղում, չէին հեռանում, եթե Մոնթեն գյուղում էր: Մենք հաղթեցինք պատերազմը, որովհետև Մերուժան Մոսիյանի պես հրամանատար ունեինք՝ զինվորին սեփական մարմնով թուրքի գնդակից պաշտպանող հրամանատար: Երկուսն էլ զոհվեցին լու-երը մաքրելիս: Երկուսին էլ պաշտում եմ:

…Ինձ ասել են՝ ակնարկ գրիր գնդապետի մասին, ոչ թե Մերուժան Մոսիյանի և Մոնթեի, ու ես պետք է զրույցն իմ ուզած հունով տանեմ: Ես պիտի չթողնեմ, որ Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած ու բանակաշինության քսանհինգ տարիները սեփական կենսագրությանը  հավելած զինվորականն իր մարտական հրամանատարներին փառավորելուց հետո անցնի զորամասերում ծառայած տարիների իր զինվորներին ու հիմա էլ նրանց գովքն անի՝ մեկ առ մեկ հիշելով նրանց սխրանքները, արժանիքներն ու յուրահատկությունները: Բայց ես չեմ կարող ընդհատել գնդապետին: Ես վայելում եմ պահը՝ մեկը մյուսի հետևից լսելով հերոսական ու ոգեշունչ պատմություններ հայ տասնութամյա զինվորների անձնվիրության և քաջության մասին, մանավանդ՝ գնդապետն այնպիսի խանդավառությամբ է պատմում: Ու ես ակամա հիշում եմ ադրբեջանական զինվորի աղիողորմ լացը, երբ թուրքական հեռուստաընկերության լրագրողին պատմում էր հայ զինվորականների պատժիչ գործողության մասին:

-Երբեք չեմ մոռանա Մարզիլուի կռիվը: Ամբողջ պատերազմի ընթացքում առաջին անգամ ադրբեջանցիները լուրջ դիմադրություն էին ցույց տալիս: Չգիտեմ՝ լավ էին պատրաստված, թե մեծ ուժերով էին պաշտպանվում, որ ոչ մի կերպ չէինք կարողանում ճեղքել պատնեշը: Բայց մենք ազատագրեցինք Մարզիլուն: Մոնթեն տեսավ այդ հաղթանակը: Տեսավ, հետո զոհվեց՝ հաղթանակից ժամեր անց: Գիտե՞ք՝ ինչո՞ւ մե՛նք հաղթեցինք Արցախյան պատերազմը, ոչ թե ադրբեջանցիները:  Որովհետև, երբ պետք է ընտրություն անել հողի ու կյանքի միջև, մենք ընտրում ենք հողը, իսկ ադրբեջանցիները՝ կյանքը: Ուրիշ պատճառ չկա: Սա՛ է:

«Կգա՞ մի օր, երբ երկու հայ կզրուցեն, և նրանց արանքում չեն լսվի պատմության սրտի զարկերը: Կխոսեն,ասենք, սիրուց՝ արանց Էրգրի, պապի, պարտության ու հաղթանակի»:

-Եկեք թողնենք կորցրած Ագուլիսն ու ազատագրված Արցախը և խոսենք, օրինակ, Ձեր սիրո պատմության մասին,- ասում եմ ես՝ տրամադրվելով թեթև զրույցի:

-Իմ կինն էլ է ազատամարտիկ եղել,- գնդապետն անհարմար ժպտում է:- Կինս որպես բուժքույր իր ազատամարտիկ հոր ու եղբոր կողքին էր: Մենք մարտադաշտում ենք ծանոթացել: Նա հիմա ծառայում է հոսպիտալում, բուժքույր է: Ես ուժեղ կանանց եմ սիրում, հեզերը, հնազանդներն այնքան էլ սրտովս չեն: Եթե չլիներ կնոջս ամրությունը, ես չէի կարողանա հաջողության հասնել ծառայությանս մեջ: Դասակի հրամանատարից հասել եմ վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ օրը քսանչորս ժամ աշխատելով: Զորամասերից մեկը, որտեղ ծառայում էի, համալրված էր կարգապահական գումարտակից եկած զինվորներով, և առավոտից իրիկուն լարված աշխատանքի շնորհիվ էինք խուսափում պատահարներից և անդառնալի կորուստներից:

Ես խզմզում եմ թղթի վրա. «Աշխատանքը՝ հաջողության գրավական»: Նշում եմ անում, որ հետո հիշեմ խոսակցությունը:

-Ի՞նչ գրեցիք,- հարցնում է գնդապետը:

Ես կարդում եմ գրածս:

– Ջնջե՛ք,- ասում է Արա Պետրոսյանը, – իմ  հաջողության գրավականն այն է, որ ես կարող եմ ներողություն խնդրել զինվորից նույնիսկ իմ ենթակա սպաների սխալի համար: Որովհետև զինվորի պատիվը վեր է անգամ…

Ես չեմ լսում, թե ինչից է վեր զինվորի պատիվը: Ես մտածում եմ Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած, մեր պատմական հայրենիքի մի մասը ազատագրած և իրենց կյանքը հայրենիքին նվիրած հազարավոր սպաներին պատվելու մասին: Ժողովուրդը պետք է ճանաչի նրանց անուն առ անուն: Որովհետև հայրենիքի պաշտպանի հանդեպ քո սիրով է չափվում հայրենիքի հանդեպ սերը: Ու այդ սիրո մեջ է ապրում մեր դարավոր կորուստները ետ բերելու և ուժեղ Հայաստան կառուցելու հույսը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ազգային բանակ


07/04/2016