ՆԱԽԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի նահանգի գավառներում կռիվներն առաջին հերթին բռնկվում են Նախիջեւանում եւ Շարուրում, որտեղ ապրում էին մեծ թվով թուրքեր, իսկ իշխանությունը տեղական թուրք խաների ու բեկերի ձեռքում էր:
Նախիջեւան գավառի բնակչությունը կազմում էր 101.000 մարդ, որից 64.000-ը` թուրքեր, 34.000 (35%)-ը` հայեր, իսկ 2000` այլազգիներ: Գավառում կային 170 գյուղեր: Հայաբնակ 60 գյուղերից 40-ը գտնվում էր Նախիջեւանի, իկ 20-ը` Գողթան գավառամասում:
Նախիջեւան քաղաքում հայ բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության 27,7%-ը՝ 2500 մարդ(500 ծուխ), որից 300-ը բնակվում էր Սուրբ Գեւորգի, 100-ը՝ Ամբար, իսկ մնացածները` Երեք Խորանի եւ Թազաքենդ թաղերում:
Մինչեւ 1905թ. մայիսի 12-ը Նախիջեւան գավառում եւ քաղաքում հայ ու թուրք բնակչությունը խաղաղ է ապրել: Խաղաղության պահպանման գործում նշանակալի ավանդ է ունեցել հոգեւորականությունը, որի ներկայացուցիչները Բաքվի փետրվարյան զոհերի հիշատակին նվիրված եկեղեցիներում ու մզկիթներում կատարած հոգեհանգստի ժամանակ խաղաղության ու եղբայրության են կոչել հայ եւ թուրք բնակչությանը:
Թեեւ թուրք պարագլուխներն ու հոգեւորականությունը նույնպես որոշակի ջանքեր են գործադրել բախումներ թույլ չտալու համար, այնուհանդերձ, հնարավոր չի եղել քաղաքում եւ գավառում տեւականորեն խաղաղ իրավիճակը պահպանել:
Համաձայն թուրք պարագլուխների ծրագրերի՝ Նախիջևանի տարածքը ամբողջովին պետք է մաքրվեր հայ բնակչությունից և այն հայտարարվեր անկախ: Մինչև ընդհարումների սանձազերծումը, Պոլսից եկած հատուկ գործակալների ջանքերով, Բաքվում հաստատվում է պանիսլամիստների կազմակերպությունը, որը «…դրդում է Մաքուի և Նախիջևանի խաներին միանալու իր հետ՝ պարզելով նրանց առաջ վերստին Նախիջևանի խանությանը տիրանալու և անկախություն ձեռք բերելու հույսը»:
Այդ կազմակերպությունը տարիների ընթացքում ոչ միայն հաջողությամբ զբաղվում էր մահմեդականության շրջանում պանիսլամիզմի գաղափարների տարածմամբ ու քարոզչությամբ, այլև զենքի կուտակման և տեղափոխման գործերով:
Իսկ ի՞նչ էին անում հայերը: Բաքվի փետրվարյան դեպքերը թելադրում էին, որ հայկական կողմը՝ հատկապես տեղի Հ.Յ.Դաշնակցության կառույցները, անհրաժեշտ հետևություններ կատարեին ու լրջորեն պատրաստվեին ինքնապաշտպանության: Հայկական կողմն ու ՀՅԴ Քարաբերդի կոմիտեի կառույցները թեպետ իրականում որոշակի քայլեր ձեռնարկել են ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, բայց դրանք բացարձակապես անբավարար են եղել ժողովրդին զինելու ու նրա անվտանգությունը ապահովելու համար:
Թուրքական կողմի պատրաստությունները և քաղաքում ու գավառում տիրող լարված կացությունը արդեն աներկբա մատնանշում էին, որ թուրքերը շատ շուտով նախահարձակ կլինեն, ու կսկսվի հայերի ջարդը:
Ի՞նչ պետք է արվեր: Ժողովուրդը պատրաստ չէր ինքնապաշտպանության, Նախիջևանի ՀՅԴ Քարաբերդի կոմիտեն չուներ անհրաժեշտ մարտական ուժեր՝ դիմագրավելու թուրք հրոսակների հարձակումներին: Այդ պատճառով ՀՅԴ Քարաբերդի կոմիտեն, հաշվի առնելով թուրքերի մոտալուտ հարձակման անխուսափելիությունը, դիմում է ՀՅԴ Երևանի կենտրոնական կոմիտեին՝ հույս ունենալով, որ կստանա ռազմական անհրաժեշտ օգնություն: Պարզվում է, որ Երևանում նույնպես չկային բավարար քանակությամբ մարտական ուժեր: Քաղաքում գտնվում էր Դաշնակցական Խեչոյի գլխավորած փոքրաքանակ մարտական խումբը` փաստորեն միակ մարտական ուժը, որը պիտի ապահովեր Երևանի ինքնապաշտպանությունը: Քաղաքում, բացի այդ մարտախմբից, գործում էր նաև Երևանի ռուսական գիմնազիայի աշակերտների նախաձեռնությամբ կազմավորված «Բորեաս» մարտական խումբը:
«Մեր խումբը,- գրում է «Բորեաս» մարտախմբի անդամ Սեդրակ Ջալալյանը (Սեթո, Ապարանի շրջանի Քասախ գյուղից-Հ. Գ.),-որ սեփական զենքերով ու ռազմամթերքով հագեցած էր ու միշտ պատրաստ կսպասէր Երկիր անցնելու արտոնության, այդ օրերուն միակ խումբն էր, որ կրնար անմիջապէս հասնել Նախիջևանի օգնութեան: Ու մենք Ալոյանին հայտնեցինք մեկնելու մեր պատրաստակամությունը»:
«Բորեաս» մարտական խումբը մայիսի 11-ի երեկոյան հասնում է Նախիջևան:
Ինչպիսի՞ կացություն էր տիրում Նախիջևանում:
ՀՅԴ Քարաբերդի կոմիտեության և Սեդրակ Ջալալյանի վկայությունները հավաստում են, որ այդ պահին նրանց հրամանատարության տակ եղած սահմանափակ մարտական ուժերով չափազանց դժվար էր, գրեթե անհնարին կազմակերպել նախիջևանահայության ինքնապաշտպանությունն ու ապահովել նրա անվտանգությունը: Բայց այլընտրանք չկար: Անհրաժեշտ էր ընտրել կշռադատված մարտավարություն և եղած մարտական ուժերը համապատասխան դիրքերում տեղաբաշխելով` թույլ չտալու թուրք հրոսակախմբերին ներխուժել հայկական թաղամասեր:
Ինքնապաշտպանության կազմակերպման և մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով «Բորեաս» մարտական խմբի անդամների մասնակցությամբ մայիսի 11-ի երեկոյան տեղի է ունենում ՀՅԴ Քարաբերդի կոմիտեության հերթական ժողովը, որտեղ էլ ճշտվում են մարտական խմբերի պաշտպանական դիրքերը, ինչպես և թուրքերի հարձակման դեպքում հայ բնակչության անվտանգությունն ապահովելու տարբերակները:
Մինչ հարձակումն սկսելը՝ մայիսի 11-ի առավոտյան, Երևանի փոխնահանգապետն ու Նախիջևանի քաղաքագլուխ Ջաֆար-Կուլի Խանը մի խումբ պետական պաշտոնյաների ու խաների ուղեկցությամբ շրջում են քաղաքում, այցելում են հայ վաճառականներին և «…օձի լեզվով համոզեցին հայ վաճառականներին, որ փոթորիկն անցել է, ու անպատվաբեր է մեզ համար քաղաքիս այս դրությունը, խնդրում ենք վաղվանից բաց անել խանութները. մենք մեր գլխով պատասխանատու ենք, եթե մի բան պատահի»:
Հավատ ընծայելով Ջաֆար-Կուլի Խանի և պետական պաշտոնյաների երաշխիքներին՝ հայ վաճառականները բացում են խանութները: Թուրք ամբոխը կարծես հենց դրան էր սպասում: Խանութները բաց անելուց 25 րոպե անց՝ ժամը 9-ին, թուրք ամբոխը «Եա Ալի գոռգոռալով, հրացաններ, րէվօլվերներ արձակելով՝ չորս կողմից յարձակվեց շուկայի վրայ և սպանեց բոլոր այնտեղ գտնուող հայերին, շատ քչերին հաջողվեց մի կերպ ազատվել»:
Հարձակումից վայրկյաններ առաջ Մինարեի վրա հայտնվում է սպիտակ շորեր հագած մոլլան ու տալիս է հարձակվելու ազդանշանը: Չհանդիպելով որևէ դիմադրության՝ թուրք զինված հրոսակախմբերը սպանում են իրենց ճանապարհին հանդիպած հայերին և, ներխուժելով շուկա, անխնա կոտորում են վաճառատներում ու փողոցներում գտնվող հայ վաճառականներին և անցորդներին:
Հայերի եւ նրանց խանութների ու կրպակների վրա թուրք զինված ամբոխի հարձակման ժամանակ շուկայում և փողոցներում պարեկություն անող ոստիկանական ուժերը լուռ անտարբերությամբ հետեւել են տեղի ունեցող իրադարձություններին ու որևէ քայլ չեն ձեռնարկել կանխելու կոտորածը: Զորքը միջամտում և սկսում է քայլեր ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ շուկայում բռնկված հրդեհը տարածվելով հասնում է նաև թուրքերին պատկանող խանութներին:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից